Ինչպես ենք որոշումներ կայացնում. «Բանտարկյալի երկընտրանքը»

Բանտարկյալի երկընտրանքը (Prisoners’ Dilemma) կոչվող որոշումների կայացման մոդելը լայնորեն կիրառվում է տնտեսագիտության, խաղերի տեսության, քաղաքագիտության, մենեջմենթի և մի շարք այլ ոլորտներում։

Այն առաջին անգամ բանտարկյալների ընտրության տեսքով ձևակերպվել է կանադացի մաթեմատիկոս Ալբերտ Թաքերի կողմից։

Տեսնենք, թե ինչի մասին է խոսքը։ Պատկերացնենք հետևյալ՝ փոքր ինչ անսպասելի, սակայն հնարավոր իրավիճակը։

Վարդանը և Աննան ձերբակալվել են Առաջադեմ Բանկը թալանելու անհաջող փորձի ժամանակ։ Նրանց նստեցրել են իրարից առանձին՝ մեկուսացված բանտախցերում։ Երկուսն էլ մեղսակցի ճակատագրի մասին մտածելուց ավելի շատ մտահոգված են սեփական ազատազրկման փաստով։

Ոստիկանությունը լուրջ ապացույցներ չունի։ Մեղայական կորզելու նպատակով՝ խելացի քննիչը ձերբակալվածներից յուրաքանչյուրին անում է հետևյալ առաջարկը.

դու կարող ես հանցանքի խոստովանություն անել կամ լուռ մնալ։ Եթե դու ցուցմունք տաս, իսկ քո ընկերը ոչինչ չասի, մենք քեզ ազատ կարձակենք, իսկ նրան 20 տարով կազատազրկենք։ Նմանապես՝ եթե քո ընկերը ցուցմունք տվեց, իսկ դու ոչ, նա ազատ կարձակվի, իսկ քեզ կկալանենք 20 տարով։ Եթե երկուսդ էլ ցուցմունք տաք՝ յուրաքանչյուրդ 5 տարով կազատազրկվեք։ Դե իսկ եթե երկուսդ էլ որոշեք լուռ մնալ, շատ ապացույցներ չունենք, ստիպված կլինենք անօրինական զենք կրելու հոդվածով մեղմ վճիռ կայացնել․ յուրաքանչյուրդ 1 տարի կստանա։

Ամբողջ գիշերը մտածելուց հետո և՛ Աննան և՛ Վարդանը որոշում են խոստովանություն անել։ Վարդանի և Աննայի միջև հաղորդակցման բացակայությունը և անվստահությունը բերում են նրան, որ երկուսն էլ խոստովանական են տալիս, մինչդեռ երկուսի համար էլ ամենանպաստավոր տարբերակը կլիներ ոչինչ չասելը։

Աննան և Վարդանը երկընտրանքի առջև

Բանտարկյալի երկընտրանքը շատ լավ նկարագրում է անհատի և խմբի մտածողության հակադրությունները․ եթե խմբի անդամներն ամենից վեր են դասում միայն սեփական շահը, վերջին հաշվով նրանք կարող են ստանալ ավելի քիչ, քան այն դեպքում, եթե մտածեին ընդհանուր բարօրության մասին՝ թեկուզ և այդ պահին հակառակ գնալով իրենց սեփական շահին։

[նկարը՝ youtube/This Place]

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ