Ոսկրային Տոմահավկ. ֆիլմ ոչ բոլորի համար

Ու՞մ հետ չի պատահել այսպիսի իրավիճակ․ ցանկանում ես նոր ֆիլմ դիտել ու փորձում ես անվանումներով գուշակել, թե որ մեկի վրա թանկագին ժամանակ չես վատնի, այլ փոխարենը կկտրվես իրականությունից ու կվայելես յուրաքանչյուր րոպեն։ Ոսկրային Տոմահավկ ֆիլմը ձեզ չի հիասթափեցնի։

Ռեժիսոր Քրեյգ Զահլերի (Craig Zahler) դեբյուտային այս մռայլ՝ արկածներով, բռնության և սարսափի էլեմենտներով հագեցած վեսթերնը իմ տեսած ամենատպավորիչ ֆիլմերից է։ Եթե կարճ՝ սա արևի կիզիչ ճառագայթներից գունաթափված շղարշով պատված ահասարսուռ մի պատմություն է՝ մարդկային հարաբերությունների, վախի և ծանր պահերին միշտ հայտնվող հերոսների մասին։

Պատկերացրեք 1800-ականների վերջի Ամերիկյան վայրի արևմուտքը։ Կյանքն իր հունով է ընթանում Բրայթ Հոուփ փոքր քաղաքում։ Տեղական բժիշկ Արթուր Օ’Դուայերը ոտքի կոտրվածքով գամված է անկողնուն, իսկ Քուրտ Ռասսելի մարմնավորած խիզախ շերիֆն իր անփոխարինելի տեղակալի հետ վայելում են արևոտ օրերի երկար ու ալարկոտ ժամերը։

Ոչ մեկի մտքով անգամ անցնել չէր կարող, թե ինչպիսի դրամատիկ իրադարձություններ են ծավալվելու նրանց քթի տակ ընդամենը հաշված ժամեր հետո։ Երբ մարդակեր հնդկացիների փոքրաքանակ խումբը գիշերվա քողի տակ ներթափանցում է բժշկի տուն և առևանգում վերջինիս կնոջը, նույնիսկ երկար կյանք տեսած բանակիչները մնում են շիվարած և անօգնական վիճակում։

Չորս տղամարդ որոշում են գնալ Սամանտային փրկելու. նրա հազիվ քայլող ամուսինը, շերիֆը, նրա տեղակալ Չիկորին և դաժան, հիշաչար, սակայն դասական դենդիի վարվելաձև ունեցող Բրուդերը։

Կարծում եմ՝ հարկ չկա նշելու, թե ինչպիսի վտանգավոր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր արկածներ են սպասում հանուն վեհ առաքելության միավորված, սակայն ցանկացած այլ պարագայում անհամատեղելի խիզախների խմբին։

Եվ այս արկածների վերջում է, որ Քուրտ Ռասսելի շերիֆը իր դերասանական վարպետությամբ ստիպում է էկրաններից այս կողմ նրան լուռ և սրտատրոփ հետևող մարդկանց միաժամանակ անասելի լարվել և հուզվել…մանրամասներ չեմ պատմում, որ հետաքրքիր լինի դիտել։ Միայն նշեմ, որ Տարանտինոյի Գարշելի Ութնյակի հերոսը այստեղ ևս իր բարձրունքին է։

Վերջում նախազգուշացում. Ոսկրային Տոմոհավկ ֆիլմը նյարդերից թույլ մարդկանց համար չէ։ Շատ վեսթերնների պես, այս ֆիլմը նույնպես պատմում է կտրված, հեռու մի բնակավայրի բնակիչների անորոշության հանդեպ վախերի և ապրումների մասին։ Այստեղ սակայն ժանրային սահմանը խախտված է և ֆիլմը հավասարաչափ կարելի է դասել նաև սարսափ ֆիլմերի շարքին։

Վստահեցնում ենք, որ ֆիլմը դիտելիս բազմիցս անակնկալի եք գալու և փորձելու եք լուրջ չընդունել տեսածը։ Սկզբից էլ ասեմ, որ դա ձեզ չի հաջողվի։ Պատրաստվեք իրական սարսափազդու դրվագներով հագեցած աննկարագրելի արկածների։

Ֆիլմը իսկապես շատ հաջողված է։ Մաղթում եմ հաճելի դիտում։

Phileas Fogg

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ