Ֆրանսիայի «անկախության» տոնի մասին

Լյուդովիկոս XVI: Սա ապստամբություն է՞
Պալատական։ Ոչ, ձերդ մեծություն, սա հեղափոխություն է –

Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Ֆրանսիայի Ազգային տոնը, որը այլ երկրներում առավել հայտնի է որպես Բաստիլի գրավման օր, կամ թյուրիմացաբար ՝ Ֆրանսիայի անկախության տոն։ Եկեք միասին փորձենք հասկանալ թե իրականում ինչ պատմական իրադարձություններ է խորհրդանշում հուլիսի 14-ը ֆրանսիացիների (և ոչ միայն նրանց) համար։

Սկսենք Բաստիլից։ Ի սկզբանե Բաստիլ Սենտ-Անտուանը Փարիզի արևելքում 1370-ականներին կառուցված ամրոց է եղել: 1417թ.-ից այն ծառայում էր որպես պետական բանտ, իսկ Ֆրանսիական հեղափոխությանը նախորդող տարիներին Բաստիլում բանտարկված էին մնում առանց դատի և դատաստանի իրավունքի մարդիկ։

Այլ կերպ ասած ՝ Ֆրանսիայի տիրակալ Լյուդովիկոս XVI-ը այստեղ էր պահում իր քաղաքական հակառակորդներին և անհնազանդ հպատակներին։

Իսկ ի՞նչ էր կատարվում 1700-ականների վերջին Ֆրանսիայում։

Բուրբոնների արքայատոհմի թուլացող միապետական իշխանության, բարձր հարկերի և հասարակ ժողովրդի կյանքի անվերջ թանկացման հետ զուգահեռ հասարակության լայն խավերի մոտ սկսում են տարածում գտնել Ժան-Ժակ Ռուսոյի և ֆրանսիական մյուս լուսավորիչների հեղափոխական մտքերն ու աշխարահայցքը։

Կարծես սա էլ քիչ էր, և Լյուդովիկոս XVI-ը որոշում է կրկին բարձրացնել հարկերը։

Այս քայլին ի պատասխան, ֆրանսիացիները, որոնց շարքում էր արդեն հզորացող բուրժուազիան (մանր սեփականատերերը կամ ժամանակից լեզվով ասած՝ բիզնեսմենները) խռովություն են կազմակերպում։

Նոր՝ Ազգային Ժողով կոչվող մարմնի հիմնադրումից հետո նրանք որոշում են որպես հեղափոխական առաջին քայլ գրավել Բաստիլը՝ թագավորի բացարձակ իշխանության և միապետության խորհրդանիշը, որտեղ այդ ժամանակ նաև բարութի և զենքի մեծ պաշարներ էին պահվում։

1789թ. հուլիսի 14-ին 300 հեղափոխական գրոհում են Բաստիլը և մեծ կորուստների գնով գրավում այն։

Հետաքրքիր է, որ այդ օրը Բաստիլում ընդամենը 7-10 բանտարկյալ կար, որոնցից և ոչ մեկի ազատագրումը որևէ լուրջ քաղաքական նշանակություն չուներ։

Հետագայում այս օրը սկսում են նշել որպես հանրապետական Ֆրանսիայի հինադրման և ազգային միասնության օր։

Օգոստոսին, Բաստիլի գրավումից մի քանի շաբաթ անց, Ազգային Ժողովը վերջ է դնում ֆեոդալական կարգերին և որպես սահմնադրություն է ընդունում հանրահայտ “Մարդու և Քաղաքացու իրավունքների հռչակագիրը”:

ԱՄՆ անկախության հռչակագրով ներշնչված՝ այն պարունակում է հետևյալ հանրահայտ պարբերությունը`

«Բոլոր մարդիկ ծնվում և մնում են ազատ և հավասար իրավունքներով»

Հ.Գ. Այս իրադարձություներից մի քանի տասնամյակ առաջ Լյուդովիկոս XV-ը ասում էր “Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ”:

Բաստիլի գրավումից երեք տարի անց, 1792թ-ին նրա թոռ՝ Լյուդովիկոս XVI-ը գլխատվեց ՝ վերջ դնելով Ֆրանսիայում 800-ամյա պատմություն ունեցող միապետական կարգերին։

Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։

Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։

Հնարավորություն ունենալու դեպքում մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։ Շնորհակալություն։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ