Պատմությունը լամպի լույսի ներքո. Կանադայում չինացիների «գլխահարկը»

1881-1885 թվականների ընթացքում կանադական խաղաղօվկիանոսյան երկաթուղին (Canadian Pacific Railway) հիմնականում կառուցվում է 15.000 չինացի միգրանտների ջանքերի շնորհիվ։ Նրանք Կանադա էին ժամանել ոսկե տենդի զարթոնքից օգտվելու սին հույսեր փափագելով։

Կանադական խաղաղօվկիանոսյան երկաթուղին ձգվում է Վանկուվերից մինչև Մոնրեալ և ԱՄՆ Նյու Յորք նահանգ

Հսկայական երկրի արևելքն ու արևմուտքը իրար կապող շղթան գցելու շինարարական աշխատանքների ընթացում չնչին գումարներով կամ նույնիսկ միայն օրվա հացի համար աշխատող բանվորներից շատերը կորցրին իրենց առողջությունն ու կյանքը։

Այն ռելսերի մի անծայրածիր ճանապար է, որն անցնում է Կանադայի բազմազան բնության տարբեր տեղանքներով և բնակելի գոտիներով

Սակայն այն, ինչ Կանադայի կառավարությունն արեց երկաթուղին ավարտելուց հետո, միայն լրացուցիչ ցավ բերեց ողջ մնացածներին։

Չինացիների ներհոսքով մտահոգված՝ կառավարությունը «գլխահարկ» է սահմանում Կանադա մուտք գործել ցանկացող չինացիների համար։

Այսպես՝ սկզբում, 1885-ին այն կազմում էր $50 կանադական դոլար, 1900-ին արդեն $100, իսկ 1903-ին՝ $500։ Այս գումարը հավասար էր Չինաստանում երկու տարվա աշխատավարձի։

Չնայած ձեռնարկված միջոցների, չինացիների ներհոսքը շատ չի նվազում, և 1923-ին Կանադայի կառավարությանը ստիպված է լինում օրենքով արգելել Չինաստանից ներգաղթը։

Կանադա ներգաղթելու թույլատվության համար մի չինացու $500 դոլար հարկ վճարելու վկայական

Այս արգելքը ուժի մեջ է մնում մինչև 1947-ը, երբ չինացիները կրկին կարողացան օգտվել այլ ազգերի համար գործող ներգաղթի իրավունքներից։

Այս քաղաքականությունը ծանր հետևանքներ ունեցավ Կանադայի չինական համայնքի համար։

Արդեն իսկ երկրում գտնվող շատ չինացի տղամարդիկ զրկվեցին ընտանիքը Կանադա բերելու հնարավորությունից։

Այս ընտանիքներից շատերը երբեք չեն միավորվի, իսկ մյուսները նույնիսկ կկործանվեն՝ տուն հաց բերողի բացակայության պատճառով:

Մինչ այսօր, Կանադայի չինական համայնքի համար, ամեն տարվա հուլիսի 1-ին նշվող Կանադայի օրը «Ստորացման օրն» է, քանի որ 1923-ի հենց այդ օրը ընդունվեց Կանադա նրանց մուտքն արգելող օրենքը։

All images are copyright to their respective owners.

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ