Վրաստանի Դավիթ Գարեջա վանահամալիրը

Կախեթի. Վրաստան

Դավիթ Գարեջա լեռնային վանահամալիրը համարվում է Վրաստանի ամենահայտնի և նշանակալի պատմական վայրերից մեկը։ Այն հիմնադրվել է 6-րդ դարում՝ Դավիթ անունով ասորի վանականի կողմից։ Այստեղ են թաղված վրաց արքաներ և նշանավոր մարդիկ։

Այն կազմված է 19 քարանձավային վանքերից և գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին։ Մի ժամանակ այստեղ էր բնակվում 5,000 վանական։

Վանքերից մեկը մինչ այժմ գործում է, և այս լուռ տափաստանի պատահական անցորդին կարող է բախտ վիճակվել ունկնդրելու մենավոր հոգևորականի խորհրդավոր և հանգստացնող ձայնը ՝ ուղղափառ եկեղեցական շարական երգելիս։

Հետաքրքրական է, որ սովետական ժամանակներում սահմանների բաշխման ժամանակ Դավիթ Գարեջա համալիրի որոշ շինություններ հայտնվել են ներկայիս Ադրբեջանի փաստացի տարածքում։ Վրացական կողմը բազմիցս ապարդյուն առաջարկել է Ադրբեջանին հողեր փոխանակել և հետ վերադարձնել այդ հողատարածքը։

Ադրբեջանցիները պատասխանել են, որ իրենց տարածքում այդ համալիրը կառուցվել է իրենց նախնիների՝ կովկասյան ալբանացիների կողմից։ Հիշեցնենք, որ այս նույն աբսուրդ թեզը հաճախ օգտագործվում է Արցախի հարցում։

Ամեն դեպքում՝ Վրաստանի այդ ժամանակվա արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին խորհուրդ է տվել իր ադրբեջանցի գործընկերոջը կրկնել դպրոցական պատմության դասերը, իսկ Դավիթ Գարեջայի վանական՝ Զազա Դաթունաշվիլին ասել է, որ նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ Մեծ Չինական Պատը կառուցել են վրացիները։

նկարը՝ Յուրգեն Ռիտերբախ

Այս հոդվածի մասնակի կամ ամբողջական տպագրումը կամ օգտագործումը առանց [80օր]-ի թույլատվության խստիվ արգելվում է։ Այդ քայլին գնալով դուք խախտում մեր հեղինակային իրավունքը, առհամարում և անտեսում եք մեր ծախսած ջանքերն ու ժամանակը։
Թույլատրվում է միայն մասնակի մեջբերում անել այս նյութից՝ գրելով «Շարունակությունը այստեղ» և տեղադրելով այս էջի հղումը։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ