Մահապատժի ամենադաժան վայրերից մեկը․ Հռոմի «Հառաչանքների աստիճաններ»-ը

Միջնադարյան Անգլիայում մահապատժի էին ենթարկում անգամ մանր գողությունների համար։ Հանցագործները կախաղան էին բարձրացվում։

Անգլիայում վերջին հասարակական մահապատիժը տեղի է ունեցել 1868 թվականի մայիսի 26-ին. Ներկայումս քանդված Նյուգեյթ բանտի դիմաց կախահան է հանվել իռլանդացի ահաբեկիչ Մայքլ Բարետը։

Հայաստանում վերջին մահապատիժը տեղի է ունեցել 1991 թվականին։

Պատմական այս փաստերի հետ մեկտեղ կարելի է խոսել նաև մահապատժի իրականացման ամենատարօրինակ վայրերից մեկի՝ Հռոմի Գեմոնյան կամ «Հառաչանքների» աստիճանների մասին։

Այդտեղ մահապատիժ իրականացնում էին Ք․ա 40-ական թվականներից սկսած։ Աստիճանները գտնվում էին Հռոմի կենտրոնական մասում․ Ֆորումում հավաքված մարդիկ կարող էին տեսնել ոճիրի իրականացումը։ Մեր ժամանակներում այստեղ Ս․ Պիետրո ին Կարսերե փողոցն է (լուսանկարում)։

Մահապատժի ենթարկված դատապարտյալներին նախապես խեղդում էին, կապում մարմիններն ու նետում աստիճաններից վար։ Շատ ժամանակ Հռոմի այլ վայրերից մահապատժի ենթարկվածների դիերը բերվում էին այստեղ ի ցույց դնելու համար։ Մահացածների դիերը հոշոտվում էին շների ու այլ գիշատիչ կենդանիների կողմից, ապա նետվում Տիբեր գետ։

Հին Հռոմում Հառաչանքների աստիճանների վրա մահը համարվում էր չափազանց անպատվաբեր, սակայն այստեղ մահապատժի ենթարկվում էին ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու պետական գործիչներ։

 

Աստիճանների վրա մահապատժի են ենթարկվել Հռոմեական Կայսրության հայտնի պետական և ռազմական գործիչ Լուցիոս Էլիուս Սեյանոսն ու իր երեխաները, ինչպես նաև Ավլոս Վիտելլիոս կայսրը։ Վիտելլիոսը ընդամենը ութ ամիս կայսրի տիտղոսը կրելուց հետո հանձնվում է Վեսպասիանոսի զորքին, սակայն վերջինիս զինվորները արգելում են նրան լքել Հռոմը և Հառաչանքի աստիճաններին շպրտելուց հետո սպանում են։ Պահպանվել են Վիտելլիոս կայսրի վերջին խոսքերը՝

Այունամենայնիվ, Ես եղել եմ ձեր Կայսրը

Սրանից բացի Հռոմում կային այլ վայրեր ևս, որոնք օգտագործվում էին մահապատժի իրականացման համար։ Կապիտոլիում բլրի հարավային գագաթը՝ Տարպեյան ժայռը նույնպես օգտագործվում էր  մահապատիժների համար։ Մարդասպանները, դավաճանները, ստրուկները, մահվան դատապարտվելիս, ցած էին նետվում այնտեղից։ Կար նաև կարծիք, որ նման պատիժներ կիրառվել են նաև հաշմանդամների, հոգեկան հիվանդների նկատմամբ, քանի որ համարվում էր, որ նրանք անիծված էին աստծո կողմից։

Մահապատիժների թվի կրճատման ամենամեծ աճը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվեցին նորմեր, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։

Վերջին մի քանի տարիների ընթացքում 130 երկրում մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում, իսկ 68 երկրում դեռ շարունակվում է իրականացվել պատժի այս տեսակը։

Ստորև ներկայացված վիդեոյում հեղինակը ներկայացնում է, թե ինչ  տեսարան էր բացվում Հառաչանքի աստիճանների ենթադրվող գտնվելու վայրից։

վիդեոն՝ [YouTube/HolyRetardation]

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ