Նապոլեոն Բոնապարտ. կայսր, աղվես և առյուծ

Նապոլեոն Բոնապարտին ներկայացնելու առանձնապես կարիք չկա։ Պատմության ընթացքում քչերին է բախտ վիճակվել այդպիսի ազդեցություն թողնել պետությունների և մարդկության զարգացման վրա։ Նապոլեոնի պատմական ժառանգության շուրջ մինչ օրս վիճում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքական գործիչներ և իրավաբաններ, ինժեներներ և արվեստագետներ։

Մեկ բան ակնհայտ է՝ Բոնապարտի արտառոց անհատականությունը արտահայտվում էր նաև իր նամակներում և խոսքերում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում [80օր] – ի կողմից տարբեր աղբյուրներից ընտրված նրա արտահայտությունները, որոնք միգուցե և թույլ կտան մեզ ավելի լավ փորձել հասկանալ Նապոլեոն Բոնապարտ քաղաքական գործչին և մարդուն։

  • Իմ կարգախոսը միշտ եղել է` “la carriere est ouverte aux talents”, այսինքն կարիերա անելու համար կարևոր է միայն տաղանդը, կապ չունի՝ ինչ ընտանիքում եք ծնվել կամ որքան գումար ունեք։
  • Երբ փոքր մարդիկ մեծ գործեր են ձեռնարկում, վերջում նրանք այդ գործերը միշտ փոքրացնում են իրենց ցածր մակարդակի համապատասխան։
  • Ի՞նչ է գահը – ընդամենը թավշյա կտորով զարդարված փայտ։
  • Երբեք մի ընդհատեք ձեր թշնամուն երբ նա սխալ է գործում։
  • Սիրո մեջ միակ հաղթանակը փախուստն է։
  • Հոյակապը ծիծաղելիից մեկ քայլ է բաժանում։
  • Հայրենասիրությունը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է։
  • Երբ ենթասպա լինելու պատիվ ունեի, ես չոր հաց էի ուտում, սակայն երբեք ոչ ոքի ցույց չէի տալիս, որ աղքատ եմ։
  • Պատերազմում, ինչպես և մարմնավաճառների մոտ, ոչ պրոֆեսիոնալները շատ հաճախ ավելի նախընտրելի են։
  • Հիմարը մի մեծ առավելություն ունի խելացի մարդու նկատմամբ. նա միշտ գոհ է իրենից:
  • Քաղաքականությունը սիրտ չունի, միայն ուղեղ։
  • Քաղաքականության մեջ պետք է լինես կամ աղվես կամ առյուծ։ Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, թե երբ որը լինես։
  • Ինձ արթնացրեք միայն վատ լուրերի դեպքում, և ոչ մի դեպքում, եթե դրանք լավն են։
  • Ես ոսկու մեջ ողողեցի իմ աջակիցներին, սակայն ես պետք է հասկանայի, որ հարուստները արդեն չեն ցանկանում իրենց կյանքը վտանգի ենթարկել։
  • Երևակայությունն է կառավարում աշխարհը։
  • Աշխարհի ամենաազդեցիկ բանախոսը հաջողությունն է։
  • Սեփական բանակը կերակրել չցանկացող ժաղովուրդը շուտով ստիպված կլինի կերակրել ուրիշինը։
  • Սրերով կարող ես ամեն բան անել, բայց չես կարող նրանց վրա նստել։
  • Վատերլուն իմ քառասուն փառահեղ հաղթանակների հիշողությունը կջնջի, սակայն ոչինչ չի կարող ջնջել իմ Քաղաքացիական օրենսգրքը։ Այն կապրի հավերժ։

(այդպես էլ կա, ժամանակակից Ֆրանսիայի օրենքները մեծ մասամբ խարսխված են Բոնապարտի ստեղծած համակարգի և Քաղաքացիական օրենսգրքի վրա)

Այս զինվորը, մտածեցի ես, պետք է ընկերներ ունենար տանը և իր դասակում, սակայն նա պառկած է այստեղ, բոլորի կողմից լքված. միայն իր շունն է նրա կողքին։ Ես՝ որ առանց հուզմունքի անցել էի ազգերի ճակատագրեր որոշող ճակատամարտերով և հազարավոր մարկանց մահվան բերած հրամաններ էի արձակել, կանգնած էի այդտեղ հուզված և ցնցված, արցունքներն աչքերիս: Եվ ո՞րն էր իմ հուզմունքի պատճառը՝ մի շան ողբ։

Նապոլեոն Բոնապարտը գրել էր այս հուշը մեկ մարտից հետո` լուսնի լույսով ողողված արյունոտ դաշտում ականատես լինելով, թե ինչպես է շունը լպստում զոհված տիրոջ դեմքը և ոռնում անկարողությունից։ Այս տեսարանը նրան կհետապնդի մինջև կյանքի վերջ։

1 Comment

  1. Pingback: Նապոլեոն Բոնապարտ — Արշիլ Խաչատրյանի բլոգ

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ