Աղի երթը կամ ոչ բռնի հեղափոխության հետքերով

Սկզբում քեզ արհամարում են, հետո քեզ վրա ծիծաղում, հետո քո դեմ պայքարում են, հետո դու հաղթում ես:

Մահաթմա Գանդի

Ո՞վ է աշխարհի ամենահայտնի ոչ բռնի պայքարի առաջնորդը։ թերևս խոսքը Հնդկաստանի անկախության համար պայքարող Մոհանդաս Գանդիի մասին է, ով ավելի հայտնի է որպես “Մահաթմա”, ինչը սանսկրիտում նշանակում է “վեհանձն“ կամ “մեծ հոգի ունեցող”։

Մահաթմա Գանդին սկսում է իր քաղաքացիական ակտիվությունը դեռ 1900-ականների սկզբներին, երբ Լոնդոնում իրավաբանական կրթություն ստանալուց հետո որոշում է տեղափոխվել և աշխատել Հարավային Աֆրիկայի Մեծ Բրիտանիայի գաղութներից մեկում։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գանդին իր համեստ ապրելակերպի, սեփական անձի նկատմամբ անտարբերության, բարեպաշտ հինդու հավատացյալի համբավի շնորհիվ դառնում է խաղաղ անհնզադության միջոցով Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման և Բրիտանական կայսրություն դեմ պայքարի մարմնավորումը։

Իմ նպատակը ոչ այն ինչ է, քան փոխել Բրիտանական ժողովրդի մոտեցումները մեր խաղաղ անհնազանդության միջոցով և նրանց ցույց տալ, թե որքան վնաս են պատճառել Հնդկաստանին։ – գրում է Գանդին։

Գանդին բազմիցս ձերբակալվել է պետության հետ չհամագործակցելու կոչերի համար, սակայն չի կոտրվել և շարունակել է պայքարը հացադուլի և զանգվածային խաղաղ անհնազանդության գործողությունների միջոցով։

1947-ին Հնդկաստանի անկախություն ձեռք բերելուց հետո Գանդին իր ջանքերն է ուղղում նորաստեղծ անկախ հինդու Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի միջև հաշտեցման ուղղությամբ, սակայն 1948-ի հունվարին մահանում է հինդու ծայրահեղականների կողմից կազմակերպված մահափորձի արդյունքում։

Որտեղից ամեն ինչ սկսվեց

Գանդիի հայացքների հասունացման համար ճակատագրական եղավ այն օրը, երբ նա Հարավային Աֆրիկայում գնացքով ուղևորվում էր Պրետորիա։ Վագոնի մյուս ուղևորների պես առաջին կարգի տոմս ունեցող Գանդիին մոտենում է վագոնավարը և պահանջում է, որ վերջինս իր տեղը զիջի սպիատակամաշկ մի եվրոպացու։

Գանդին խիստ վիրավորված՝ հրաժարվում է կատարել ստորացուցիչ պահանջը՝ ասելով, թե ունի առաջին կարգով երթևեկելու տոմս։ Սակայն ամենը զուր էր։ Գանդիին ծեծելով իջեցնում են գնացքից։

Այդ պահից ի վեր հնդիկ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը դառնում է Գանդիի կյանքի գլխավոր նպատակը։

Սատյագրահա՝ ճշմարտության մեջ ամրություն, ամուր կամք

Շուտով նա մշակում է և սկսում է դասավանդել իր սատյագրահա` satyagraha, ճշմարտության մեջ ամրության կամ կամային ձևով ճշմարտության առաջխաղացման գաղափարախոսությունը, որը դառնում է հետագա խաղաղ անհնազանդության գործողությունների անկյունաքարը։

Շարժման առաջնորդ

Գանդին խաղաղ անհնզանդության գործողություների կարևոր բաղադրիչ էր համարում Հնդկաստանի տնտեսական անկախությունը։ Այս առումով հատկապես շեշտվում էր ազգային հագուստի կտորը Հնդկաստանում արտադրելու կարևորությունը Անգլիայի՝ Մանչեստերի և Լիվերպուլի պես քաղաքներից ներմուծելու փոխարեն։

Գանդին կարողացավ ազատագրական պայքարը ձևափոխել մի համընդգրկուն շարժման, որտեղ արտադրողները, պետական հաստատությունները, և նույնիսկ դպրոցները սկսեցին բոյկոտել բրիտանական իշխանությունը։

Աղի հարկը

1882-ին Մեծ Բրիտանիայի պառլամենտը մի օրենք է ընդունում Salt Act of 1882, համաձայն որի բոլոր հնդիկներին արգելվում էր աղ հավաքել կամ վաճառել։ Աղ կարելի էր գնել միայն կայսրության կողմից լիազորված վաճառողներից։

Գանդիի համար աղի օգտագործման այս սահմանափակումների դեմ բողոքը դառնում է իր սատյագարահա պայքարի հիմնական քաղաքական նպատակը։ Նա որոշում է մեծ թվով համակիրներ ոտքի հանել և խաղաղ բողոքի երթ կազմակերպել։

Մինչև սկսելը Գանդին նամակ է գրում Հնդկաստանի բրիտանական փոխարքային՝ առաջարկելով վերջինիս դադարեցնել բողոքի ալիքը, եթե Բրիտանիան վերանայի իր գաղութարար մոտեցումները և չեղյալ հայտատարի աղի հարկը, ինչպես նաև իջեցնի հողի հարկը, կրճատի ռազմական ծախսերը և ավելի բարձր մաքսատուրք դնի ներմուծվող կտորի վրա։

Սակայն փոխարքան նույնիսկ հարկ չի համարում պատասխանել Գանդիի նամակին։

Նման արհամարհանքից հետո Գանդին ասում է իր համակիրներին “Ես ծնկների վրա հաց խնդրեցի, սակայն փոխարենը քար ստացա”, և երթը մեկնարկում է։

Աղի երթը մեկնարկում է

1930-ի մարտի 12-ին Գանդին առաջին քայլն արեց Ահմեդաբադից ոչ հեռու գտնվող Սաբերամանտի բնակավայրում գտնվող իր աշրամից կամ հոգևոր մենաստանից։

Նրա հետ երթը մեկնարկում են իր մի քանի տասնյակ հետևորդները։ Նրանք ուղղություն վերցրեցին դեպի Արաբական ծովի ափին գտնվող Դանդի քաղաքը։ Այստեղ է, որ մոտ 390 կմ քայլելուց հետո Գանդին և իր հետևորդները, ծովաջրից աղ կորզելով մարտահրավեր կնետեն Բրիտանական օրենքներին։

Երկար քայլարշավի ընթացքում Գանդին ամենուրեք դիմում էր ժողովրդին և յուրաքանչյուր նոր օր ավելի ու ավելի շատ մարդ էր միանում երթին։ Երբ ապրիլի 5-ին նրանք հասնում են Դանդի, նրանց շարքերում արդեն մի քանի տասնյակ հազար մարդ կար։

Գանդին դիմում է ժողովրդին ու աղոթում։ Հաջորդ առավոտյան նա իջնում է ափի մոտ, որպեսզի աղ վերցնի։ Նա նախատեսում էր օգտագործել ծովի ալիքներով բերված և ափին բյուրեղացած աղը, սակայն ոստիկանությունը նպատակ ունենալով խաթարել Գանդիի պլանները նախորոք ջարդում և ցեխի հետ է խառնում աղի շերտերը։ Սակայն Գանդիին դա չի խանգարում։

Կռանալով և ցեխից մի պտղունց աղ հանելով, նա բարձրացնում է ձեռքը վերև և հայտարում է՝

Սրանով ես սասանում եմ Բրիտանական կայսրության հիմքերը

Հազարավոր հնդիկներ հետևում են նրա օրինակին, և Դանդիի, ինչպես նաև ներկայիս Մումբայի և Կարաչիի ծովափնյա շրջանների հազարավոր բնակիչներ սկսում են աղ պատրաստել։

Գանդիի հանճարը և ժառանգությունը

Սկզբում Աղի երթի գաղափարը ոչ միանշանակ էր ընդունվում Գանդիի նույնիսկ ամենամտերիմ համակիրների կողմից։ Նույնիսկ ապագա անկախ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն թերահավատորեն էր մոտենում քայլարշավին։

Գանդիի մեծությունը կայանում է նրանում, որ նա կարողացավ գլխի ընկնել որ աղի պես կենցաղային, ամենօրյա ապրանքն է, որ կարող է միավորել Հնդկաստանի բնակչությանը։ Գանդին հասկացավ, որ աղի հարկի բեռը իր վրա անմիջականորեն զգում էր յուրաքանչյուր բնակիչ անկախ այն բանից նա հնդիկ է, մուսուլման, թե սիկհ։ Անշուշտ, մարդկանց ավելի լավ միավորել կարելի է այդպիսի պարզ գաղափարի շուրջ, քան նրանց փորձել բացատրել սահմանադրության և օրենքների նրբությունները։

Այս դեպքերից դեռ երկար 17 տարիներ կանցնեն միչև Հնդկաստանի անկախացումը, սակայն Աղի երթի և հետագա նմանատիպ խաղաղ անհնազանդության գործողությունների շնորհիվ Հնդկաստանում Բրիտանական անօրինակությունները հայտվեցին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, իսկ Մահաթմա Գանդին ամբողջ աշխարհում դարձավ խաղաղ անհնազանդության և սիրո հեղափոխության խորհրդանիշը։

Վերջին օրերին մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ականատես եղանք Մահաթմա Գանդիի ոչ բռնի պայքարի մոտեցումների հաջող կիրառմանն ու կյանքի կոչմանն արդեն մեր երկրում։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ