Թեյի առաջացման լեգենդը և Շաոլինի մենաստանը

Ո՞ր երկիրն է առաջինը Ձեր մտքին գալիս, երբ պատկերացնում եք աշնանային մի խորհրդավոր առավոտ և սեղանին դրված մեկ բաժակ տաք, թավշյա բուրմունքով թեյ: Անգլիա՞, միգուցե Հնդկաստա՞ն: Սակայն պետք չէ մոռանալ, որ թեյի հայրենիք է համարվում Չինաստանը:

Ամբողջ աշխարհը գրաված և ամեն օր միլիոնավոր մարդկանց այդքան ծանոթ, բայց և այդքան սպասված զգացողություններ պարգևող այս ըմպելիքի ծագման պատմությունը պարուրված է բազմաթիվ առասպելներով և լեգենդներով:

Առասպելներից մեկը մեզ տանում է 7-9 դարերի խորքեր՝ Թանգ կայսերական դինաստիայի ժամանակները: Սա բավականին ահասարսուռ մի պատմություն է՝անսահման հոգևոր նվիրվածության և սեփական մարմինը անհավանական խոշտանգման ենթարկելու մասին:

Լեգենդի համաձայն՝ Շաոլինի մենաստանի հիմնադրումից հարյուր տարի անց, Բոդհիդհարմա անունով մի բարեպաշտ վանական երկար և դժվարին ճանապարհորդության է մեկնում հայրենի Հնդկաստանից Չինաստան՝ նպատակ ունենալով այնտեղ տարածել իր ուսմունքը:

Ողջ Չինաստանը կտրել-անցնելով՝ նա, վերջապես, հասնում է Շաոլին և որոշում է հանգստանալ մենաստանից ոչ հեռու գտնվող քարանձավերից մեկում:Այդ քարանձավում վանականը ամբողջ ինը տարի աչքերը լայն բացած, հատուկ դիրքում նստած, ընղկմվում է մեդիտացիայի մեջ՝ մեջքով հենված սառը քարե պատին, առանց սննդի և խմիչքի:

Սակայն մի օր նա՝ չկարողանալով տիրապետել ինքն իրեն, փակում է աչքերն ու խորը քուն մտնում. արթնանում է միայն հաջորդ առավոտյան, երբ արևածագի առաջին նուրբ շողերը լուսավորում են քարանձավի պատերը:

Զայրանալով, որ չի կարողացել արթուն մնալ և խախտել է մեդիտացիայի խիստ ծիսակարգը, Բոդհիդհարման կտրում է իր աչքերի կոպերը և շպրտում Չա լեռան գեղատեսիլ լանջերին, որպեսզի քաղցր քունը այլևս երբեք չկարողանա իրեն գայթակղել: Ի զարմանս իրեն, այդ նույն պահին այնտեղից, որտեղ ընկել էին կոպերը,հողից մի բույս է աճում: Այդ բույսի տերևները կարողանում են մարդկանց օգնել առույգ մնալ և չքնել:

Բոդհիդհարման կտրում է իր աչքերի կոպերը և շպրտում Չա լեռան գեղատեսիլ լանջերին, որպեսզի քաղցր քունը այլևս երբեք չկարողանա իրեն գայթակղել:

Ահա այսպես ի հայտ եկավ թեյի թուփը:

Հետագայում Բոդհիդհարմայի ձեն-բուդդիզմ կոչվող ուսմունքը տարածվում է ողջ Չինաստանում և արևելյան այլ երկրներում, իսկ թեյը՝ ողջ աշխարհում: Եվ պատահական չէ, որ թեյի տերևները այդքան նման են մարդկանց կոպերի:

Այս հոդվածի մասնակի կամ ամբողջական տպագրումը կամ օգտագործումը առանց [80օր]-ի թույլատվության խստիվ արգելվում է։ Այդ քայլին գնալով դուք խախտում մեր հեղինակային իրավունքը, առհամարում և անտեսում եք մեր ծախսած ջանքերն ու ժամանակը։
Թույլատրվում է միայն մասնակի մեջբերում անել այս նյութից՝ գրելով «Շարունակությունը այստեղ» և տեղադրելով այս էջի հղումը։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ