Ինչպես լրագրողուհին ծնկի բերեց ռոկֆելլերյան նավթային մոնոպոլիան

Ամառային այս անտանելի տապը հաճախ է բոլորիս հիշեցնում վայրի արևմուտքի մասին դրվագներ, այդ իսկ պատճառով էլ ուզում ենք ձեզ ներկայացնել տիպիկ ամերիկյան պատմություն, որի վերջում ամերիկյան երազանքն իրականանում է, բացասական հերոսները՝ պատժվում։

Սակայն այս դեպքում, ի տարբերություն բազմաթիվ էժանագին ֆիլմերի, պատմությունն իրական է ու հաջողության հասնելու համար «գլխավոր հերոսը» մի ամբողջ կյանք է վատնել՝ անցնելով մութ ու քարքարոտ, անհույս ճանապարհ։

Իդա Մինեվրա Թարբելը ծնվել է 1857թ․-ին արևմտյան Փենսիլվանիայի նավթային արդյունաբերական շրջաններից մեկում։ Նրա հայրը՝ Ֆրենք Թարբելը, այդ շրջանի բազմաթիվ բնակիչների նման, նավթի արտադրությամբ ու մշակմամբ զբաղվող բավականին հաջող բիզնես էր վարում Թիթուսվիլլ կոչվող քաղաքում։

Այս քաղաքն ու դրա շրջակա տարածքը վերածվել էր զարգացող ու լավ կազմակերպված արտադրական շրջանի և բոլորը համոզված էին, որ այն ունի հիանալի ապագա։ Սակայն շուտով հայտնվեցին ռոկֆելլերները ․․․

1871թ․-ին Օհայոյի նահանգում ռոկֆելլերների կողմից հիմնված South Improvement Company-ի հիմնական գործառույթը պիտի լիներ միայնակ կառավարել այդ շրջանում ծաղկող նավթի ու գազի արտադրությունը։ Այս նպատակին հասնելու համար ընկերության ղեկավարությունը գաղտնի համաձայնության էր եկել Փենսիլվանիայով անցնող 3 հիմնական երկաթուղիների հետ այն մասին, որ վերջիններս պետք է բարձրացնեին բեռնափոխադրման գները բոլոր փոքր նավթային ընկերությունների համար, իսկ South Improvement Company-ին կարող էր օգտվել բավականին մեծ զեղչերից ու արտոնություններից։

Standard Oil Company ընկերության նավթամշակման առաջին գործարաններից մեկը Կալիֆորնիայում

Այս հանցավոր համաձայնության արդյունքում սկսվեց այսպես կոչված «Քլիվլենդյան կոտորածը», որի ընթացքում South Improvement Company-ն վերանվանվեց Standard Oil Company -ի, և արևմտյան Փենսիլվանիայի և Օհայոի փոքր ու միջին նավթարտադրողները ստիպված էին կամ վաճառել իրենց ընկերությունները ռոկֆելլերներին, կամ շարունակել վնասով աշխատել անհավասար պայմաններում։

Ֆրենք Թարբելը պատկանում էր վերջիններիս թվին, սակայն Ֆրենքի՝ սեփական բիզնեսը պահելու բոլոր փորձերը ապարդյուն էին․ ի վերջո, բավականին մեծ պարտքեր կուտակելով, Ֆրենքը սիպված գրավադրեց իր տունը ընկերության պարտքերը փակելու համար։ Այդ ժամանակ 14-ամյա Իդան լավ չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում, բայց փոխարենը տեսնում էր հոր՝ մշտապես տխուր ու տանջված դեմքն ու զգում էր իրենց համայնքում տիրող վախի, կասկածի ու ատելության մթնոլորտը։

Այդ տարիներին Իդան դարձավ անհանդուրժող ցանկացած արտոնյալ երևույթի հանդեպ․ նրա երիտասարդ սիրտը կոտրվեց ոչ թե սիրուց, այլ ռոկֆելլերների նենգությունից։ Վերջիններիս նկատմամբ արդարադատություն հաստատելը դարձավ դարձավ Իդայի համար կյանքի նպատակ, և դրան հասնելու համար կատարյալ մասնագիտություն էր լրագրողությունը։

1890թ․-ին նա տեղափոխվեց Փարիզ և աշխատանքի անցավ McClure’s ամսագրում, որտեղ էլ գրեց բավականին հաջողված և հանրահայտ աշխատություններ Նապոլեոն Բոնապարտի, այնուհետև Աբրահամ Լինկոլնի մասին։

Իդա Թարբելը աշխատանքի ժամանակ

Այս հաջողությունները, սակայն, չէին կարող ստիպել Թարբելին մոռանալ կամ հրաժարվել վրեժխնդիր լինելուց, և Թարբելը «Քլեվլենդյան կոտորածից» 30 տարի անց լծվեց Standard Oil Company-ի հիմքերը սասանելու գործին։

19 մասից բաղկացած «Standard Oil Company-ի պատմությունը» աշխատության համար լրագրողական հետաքննությունը նա սկսեց Հենրի Հ․Ռոջերսի հետ հարցազրույցից։ Վերջինս նախկին նավթային գործարար էր՝ իր հոր մրցակիցներից, ով «Քլեվլենդյան կոտորածից» հետո 25 տարի շարունակ աշխատել էր Ռոկֆելլերների հետ կողք-կողքի ու բավականին կարևոր դիրք ուներ այդ ընկերությունում։

Ռոջերսը, տեղեկանալով Թարբելի՝ Լինկոլնին նվիրված աշխատության մասին, մտածում էր, թե Իդան պատրաստվում է նման մի բան գրել իր մասին և հարցարույցի ժամանակ չափից ավելի է անկեղծանում՝ վերջինիս ցույց տալով ընկերության կարևոր և հիմնականում գաղտնի ու ոչ օրինական փաստաթղթերը։ Իդան նկարում է բոլոր փաստաթղթերը, շնորհակալություն հայտնում Ռոջերսին հարցազրույցի համար և հեռանում։

Չնայած Ֆրենք Թարբելի նախազգուշացումներին այն մասին, որ ռոքֆելլերները կարող են ոչնչացնել իրենց, Իդան միևնույնն է McClure’s ամսագրում մաս առ մաս հրապարակում է իր՝ պայթող ականի էֆեկտ ունեցող աշխատությունը՝ միայնակ ելնելով հզոր նավթային համակարգի դեմ։ «Standard Oil Company-ի պատմության» հրապարակումները մեծ աղմուկ են հանում Միացյալ Նահանգներում և հանրային դժգոհության լուրջ ալիք են բարձրացնում։ Արդյունքում ընդդեմ Standard Oil Company-ի դատական գործընթաց է սկսվում։

1911թ․-ին ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը որոշում է կայացնում, որի համաձայն Standard Oil Company-ն պետք է դադարեցնի իր գոյությունը, քանի որ վերջինիս գործունեությունը հակասում է ԱՄՆ տնտեսական մրցակցության պայմանները կանոնակարգող՝ Շերմանի Հակամենաշնորհային օրենքին (Sherman Antitrust Act)։ Նշենք, որ պատմության ընթացքում այս օրենքը խախտելու հետևանքով պատասխանատվության են ենթարկվել այնպիսի կոնգլոմերատներ, ինչպիսիք են Microsoft Corp.-ը, AT&T-ն, American Tobacco-ն և այլն։

Ահա այսպես, Իդա Թարբելի խիզախ գործողությունների շնորհիվ Standard Oil Company-ն տրոհվում է 34 դուստր ձեռնարկությունների։ Ինքը՝ Իդա Թարբելը, համաշխարհային համբավ է ձեռք բերում, իսկ նրա աշխատությունը Նյու Յորքի Համալսարանի առաջադրած «20-րդ դարի 100 լավագույն լրագրողական աշխատանքները» անվանակարգի 5-րդ տեղին է արժանանում։

[Foxey Lady]

Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։

Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։

Հնարավորություն ունենալու դեպքում մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։ Շնորհակալություն։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ