Տիեզերք N25․ մկների կործանված ուտոպիան

1968թ․-ի հուլիսի 9-ին Մերիլենդի Ազգային Առողջապահության ինստիտուտում 8 սպիտակ մկներ զետեղվեցին մեծ ու տարօրինակ տուփ հիշեցնող սենյակում։ Փոքրիկ պահեստի նմանվող այս սենյակը հետագայում անվանվեց Տիեզերք N25։

Բոլոր մկները առողջ և առույգ էին՝ հատ առ հատ ընտրված Ինստիտուտի կենդանաբանական ֆոնդից։ Նրանց հատկացված տարածքն ուներ այն ամենն ինչ անհրաժեշտ էր․ սնունդ, ջուր, կատարյալ կլիմայական պայմաններ, բազմացման համար նախատեսված հարյուրավոր տուփեր, գետնին՝ կտրտած թղթերի հաստ, փափուկ շերտ ու ցորենի հասկեր։

Տիեզերք N25-ի բնակիչները հիմնականում մենակ էին մնում։ Նրանց սենյակի առաստաղից հետևում էր Դոկտորը՝ իր օգնականների թիմով շրջապատված։ Կուշտ ու երջանիկ մկները, սակայն, պատկերացում անգամ չունեին, որ մի քանի տարիների ընթացքում նրանք ու նրանց բոլոր հետնորդները գոյություն չեն ունենալու։

Նախորդ փորձարկումները
Մկների Աստված խաղացող մարդը, ինչպես նաև Տիեզերք N25-ը ստեղծողն էր կենսաբանական գիտությունների դոկտոր Ջոն Բամփաս Քոլհոուն, ում տրված էր առաջադրանք՝ ուսումնասիրել նորվեգիական մկների վարքն ու սովորությունները։

Տիեզերք N25-ը նրա առաջին մկնային նախաձեռնությունը չէր։ Դեռևս 1947թ․-ին նա իր տան հետնամասում ստեղծել էր «Մկների քաղաք» և լցրել այն բազմացող զույգերով։ Սպասվում էր, որ որոշ ժամանակ անց քաղաքը պիտի ունենար 5000-ից ավել «բնակիչ», սակայն 2 տարի անց մկների թիվը չէր գերազանցում 150-ը, քանի որ այդ պահին մկներն արդեն չափազանց ճնշված էին բազմանալու համար։ Կրծողները ցուցաբերում էին տարօրինակ վարք, մշտապես կռվում ու ֆշշացնում էին։

Սա հանգիստ չէր տալիս Քոլհոուին․ եթե կրծողներն ունեին այն ամենն ինչ անհրաժեշտ էր, ապա ի՞նչն էր նրանց խանգարում գրավել և լցնել քաղաքը։

Մտահոգված Քոլհոուն հետագայում ստեղծեց քիչ ավելի մեծ առնետային մայրաքաղաք, այնուհետև մեկ ուրիշը, հետո ևս մեկը՝ յուրաքանչյուրը կառուցելով յուրահատուկ մոտեցմամբ ու կառուցվածքով, որպեսզի հասկանա, թե որքան կրծողներ կարող են միաժամանակ գոյատևել՝ առանց հավաքական մտածելակերպը կորցնելու։ Բայց և այնպես այս կրծողների դրախտներից ոչ մեկը չէր գոյատևելու և Տիեզերք N25-ը ևս բացառություն չէր։

Տիեզերք N25-ի փորձը
1968թ․-ի Հոկտեմբերի վերջում ծնվեց Տիեզերքի մկների առաջին սերունդը, որից հետո այդ պոպուլյացիան սկսեց կրկնապատկվել երկու ամիսը մեկ՝ հասնելով 20-ի, ապա 40-ի, հետո՝ 80-ի։ Այսպես ընտանիքները վերածվում էին դինաստիաների, և արդեն 1969թ․-ի օգոստոսին կրծողների թիվը հասել էր 620-ի, որից հետո, ինչպես նախկին փորձարկումների ժամանակ, իրավիճակը սկսեց փոխվել։

a
Քոլհոուն իր ամենամեծ ու կործանարար մկնային ուտոպիայում՝ Տիեզերք N25-ում (Նկարը՝: Yoichi R. Okamoto/Public Domain)

Այսպիսի կտրուկ աճը չափազանց լարված էր դարձնում կրծողների կյանքը։ Նոր սերունդները հասունանալով չէին կարողանում գտնել զույգ կամ իրենց տեղը սոցիալական կանոնակարգում՝ համապատասխանաբար ամուսին և աշխատանք մկնային աշխարհում։

Չզույգված էգերը մեկուսանում էին բարձր տեղադրված բազմացման տուփերում։ Արուները հավաքվում էին Տիեզերքի կենտրոնում՝ սննդի ու ջրի շուրջ, որտեղ անընդհատ բախվում ու կռվում էին միմյանց հետ։ Միաժամանակ ընտանիքներ ստեղծած առանձնյակները սկսել էին տեղափոխել իրենց բները վտանգավոր հարևաններից հեռու։ Սակայն վերջիններս էլ զերծ չէին մնացել համընդհանուր սթրեսից և իրենց լարվածությունը արտահայտում էին ձագերին բնից չափազանց շուտ դուրս անելով, կամ տեղափոխվելու ժամանակ նրանց առանց հսկողության թողնելով։

Այսպիսի վարքագծի արդյունքում մկների պոպուլյացիան սկսեց նվազել։ Դեռահաս առանձնյակներից շատերը լիարժեք մեկուսանում էին հասարակությունից, իրենց ժամանակի մեծ մասն անցկացնելով ուտելով, խմելով, քնելով ու իրենց տարածքը մաքրելով։ Նրանք անգամ չէին փորձում կռվել կամ բազմանալ և բացարձակապես անընդունակ էին գոյատևել սովորական պայմաններում։ 1970թ․-ի մայիսին վերջին ձագը ծնվեց և պոպուլյացիան դարձավ լիարժեք ծերացող։

Մկների դրախտը նույնիսկ կես տասնամյակ չգոյատևեց։

Մահվան պարիսպները
1973թ․-ին Քոլհոուն հրապարակեց Տիեզերք N25-ի մասին «Մահվան պարիսպները․ մկների պոպուլյացիայի պայթուցիկ աճն ու կործանումը» աշխատությունը։ Այս գրքում իր բացահայտումներին նա տվել է հետաքրքիր անուններ։ Այսպես, այն մկները, որոնք չէին կռվում ու բազմանում «գեղեցիկներն» էին, սննդի ու ջրի կողքը կուտակվողները՝ «հարբեցողները», հասարակարգի կործանման երևույթը նա անվանել էր «վարքագծի խորտակում» (behavioral sink)։

Սակայն ամենակարևոր և անհանգստացնող փաստերը, ըստ Քոլհոուի, կրծողների և մարդկային հասարակությունների նմանություններ են․ «Ես խոսում եմ մկների մասին, բայց իմ մտքում մարդիկ են», քանի որ Քոլհոուն պնդում էր, որ թե՛ մարդիկ, թե՛ կրծողները մեռնում են երկու կերպ՝ մտքով ու ոգով։

Բարձրաձայնելով այս խնդրի մասին` Քոլհոուն փորձել է առաջարկել նաև դրա լուծումը՝ որպես մոդել օգտագործելով իր մկներին։

Եթե մարդկանց և մկների համար չկա բավարար ֆիզիկական տարածք, ապա, նրա կարծիքով, պետք է ստեղծել լրացուցիչ կոնցեպտուալ տարածություն, որպես օրինակ առաջարկելով ստեղծագործական միտքը, արվեստը կամ նմանատիպ այնպիսի հարթակներ, որոնք կառուցված չեն հասարակարգային հիերարխիայի շուրջ։ Քոլհոուն պնդում էր, որ պետք է ֆիզիկական պայմաններ ստեղծելուց առավել կենտրոնանալ երջանկություն կառուցելու վրա։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ