Գործակալ 355․ ամերիկյան հեղափոխության անհայտ լրտեսուհին

1776թ․ օգոստոսն էր։ Ջորջ Վաշինգտոնն ու իր կողմնակիցները ստիպված էին նահանջել՝ թողնելով Նյու Յորքը բրիտանացիների ձեռքում։ Շատերի կարծիքով սա Հեղափոխության ավարտն էր։ Այս պայմաններում Վաշինգտոնին թթվածնի նման անհրաժեշտ էր ներքին տեղեկատվություն ստանալ Նյու Յորքից և հենց այս նպատակով էլ ստեղծվեց Քալփեր կոչվող լրտեսական օղակը։

Քալփերյան օղակը

Քալփերը ստեղծել էր Մայոր Բենջամին Թոլլմեյջը և օղակի երկու հիմնական անդամներն էին Աբրահամ Վուդհալլը՝ Սամյուել Քալփեր Ավագ կեղծանվամբ, ինչպես նաև Ռոբերտ Թոունսենդը, ում անվանում էին Սամյուել Քալփեր Կրտսեր։ Լրտեսական օղակի անդամների գաղտնիությունը հասցված էր կատարյալի, ինչի արդյունքում նրանցից շատերի ով լինելն անհայտ է մինչ այսօր։ Նման մարդկանցից մեկն էր գործակալ 355-ը։

Հայտնի է միայն, որ 355-ի կոդային անունն էր Լեդի։ Չնայած այս նուրբ անվանմանը, Լեդիին հաջողվել է հեղափոխականներին փոխանցել մի շարք կարևորագույն տեղեկություններ, որոնց օգնությամբ հետագայում հնարավոր է եղել ձերբակալել մայոր Ջոն Անդրեին՝ Նյու Յորքում Անգլիայի տեղեկատվական գործողությունների ղեկավարին։ Անդրեն, լինելով խիզախ ու համակրելի տղամարդ, միշտ եղել է հակառակ սեռի ուշադրության կենտրոնում, սակայն 355-ին հաջողվել է շրջանցել բոլոր մրցակցուհիներին և ուշադիր լսել, թե ինչ է պատմում նա երեկույթների ժամանակ մի քանի բաժակ խմիչքից հետո։ Նմանատիպ երեկույթներից մեկի ընթացքում Լեդին կորզեց Ուեսթ Փոինթը գրավելու բրիտանացիների ծրագիրը։

Ուեսթ Փոինթի դեպքերը
Ուեսթ Փոինթը Հադսըն գետի վրա գտնվող կարևորագույն ստրատեգիական կառույց էր, քանի որ ով տիրապետում էր այն, տիրապետում էր գետի ողջ հովտին։ Մայոր Անդրեն պատրաստվում էր դա անել Փեգգի Շիփփենի օգնությամբ։ Վերջինս այսպես կոչված «gold digger» էր՝ այն կանանցից, ով հանդիպում է տղամարդկանց հետ նրանցից գումար շորթելու նպատակով։

Փեգիի ամուսինը Բենեդիկտ Արնոլդն էր, ում Ջորջ Վաշինգտոնը նշանակել էր Ուեսթ Փոինթի հրամանատար։ Վերջինս իր կնոջը երջանկացնելու համար համաձայնեց վաճառել Ուեսթ Փոինթը 20000 ֆունտով (Այսօր 20000 ֆունտը 3,5 միլիոն ամերիկյան դոլար կլիներ)։ Սակայն, դժբախտաբար նրանց համար, այդ ամենի մասին տեղեկացավ գործակալ 355-ը։ Արդյունքում գործարքը կնքելուց հետո մայոր Անդրեն ձերբակալվեց և կախաղան հանվեց։ Բենեդիկտ Արնոլդին հաջողվեց փախչել, սակայն նա ընկավ բրիտանացիները ձեռքը։ 1780թ․-ին Ջերսիում բրիտանական նավի վրա մի կին լրտեսի սպանեցին, ով ենթադրաբար գործակալ 355-ն էր։

Լեդիի ինքնության մասին վարկածներ

Գործակալ 355-ի ինքնությունը մնում է չբացահայտված։ Ըստ որոշ կարծիքների նա բրիտանացիների ազնվական ընտանիքից է եղել, քանի որ նրան վստահում էին բարձր դասի զինվորականները։ Բացի այդ Լեդի լինելը ենթադրում էր լինել բարձր դասից։ Ըստ որոշ վարկածների գործակալ 355-ը Աննա Սթրոնգն էր՝ հայտնի քալփերյան լրտեսների օղակից, ինչպես նաև Աբրահամ Վուդհալլի հարևանուհին։ Նա ամերիկյան կողմին հաղորդագրություններ էր ուղարկում իր լվացքի պարանի միջոցով։ Ըստ մեկ այլ վարկածի գործակալ 355-ը Սարա Հորթոն Թաունսենդն էր՝ Ռոբերտ Թաունսենդի բարեկամուհին։

Ամենատարածված վարկածը ենթադրում է, որ գործակալ 355-ը Ռոբերտ Թաունսենդի կինն էր։ Ռոբերտը տեղյակ լինելով կնոջ լրտեսական կյանքի մասին, նրա հղիության ընթացքում պահանջում է դադարեցնել այդ վտանգավոր գործունեությունը։ Սակայն Բենեդիկտ Արնոլդը պարզել էր, թե ով է գործակալ 355-ը և տեղեկացրել բրիտանացիներին, ինչի արդյունքում էլ վերջինիս կալանավորել էին Ջերսիի նավի վրա։ Այնուհետև, ենթադրաբար որդուն՝ Ռոբերտ Թաունսենդ Կրտսերին ծնունդ տալուց հետո նա մահացավ։

Այս վարկածն ամենաիրականն է համարվում, քանի որ Ռոբերտ Թաունսենդ Կրտսերն իրականում գոյություն է ունեցել և հայտնի է որպես Ռոբերտ Թաունսենդի ոչ թե սեփական, այլ եղբոր որդին։ Նա ականավոր իրավաբան և քաղաքագետ է եղել։ Հետաքրքրական է, որ նա ակտիվորեն մասնակցել Է բրիտանական նավերի վրա զոհվածների հուշարձանի կառուցմանը։

Աբրահամ Վուդհալլը գործակալ 355-ի մասին գրել է, որ «նա կարող էր հիմարեցնել բոլորին», ինչը նա շարունակում է անել մինչ այսօր։ Հարգա՛նք ու պատի՛վ 355։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ