Աշխեն Պետրոսյան. «Ծիծաղող մողեսը»

<<Օրիգինալ սյուժե>> անվանակարգի դափնեկիր

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ձախ ձեռքս խեղդող կանաչ ժամացույցը ինձ հուշում է, որ ես նորից ուշանում եմ: Ու երբ հայացքս ընկնում է վայրկյանները ցույց տվող սլաքին, աղիներս սաստիկ ճմլվում են: Մի վերջին անգամ խոստանում եմ, որ
այլևս չեմ ուշանա, ես կփոխվեմ, կփոխվի իմ ապրելակերպը. հավատում եմ ինքս ինձ տված խոստումին: Մոտենում եմ դեղին ավտոբուսին։

– Բարև´ ձեզ, ներեցե´ք ուշացման համար, – հիմարի ու զոհի խառնուրդ ժպիտով ձևափոխում եմ դեմքս, իրար հետ կապ չունեցող մի քանի նախադասություն արտաբերում ու զգուշությամբ նստում առաջին նստարանի ծայրին: Առավոտյան արդեն հոգնած ուղևորների հանդիմանող ներողամտությամբ լեցուն հայացքներն ինձ հասկացնում են, որ այս անփութությունը չպետք է շարունակվի, իրենք շտապում են աշխատանքի, և բոլորը չեն կարող մեկի սպասել:

Մեկ-երկու րոպե հիմարի աթոռին նստելուց հետո գնում նստում եմ վերջում: Մարմինս պատվում է ոսպանման թեփուկներով և դառնում կանաչերանգ, պոչս երկարում է, իսկ կողերիս կապույտ խալեր են հայտնվում: Մոռանում եմ քիչ առաջ ինքս ինձ տված խոստումը. բնավ անհանգստություն չկա իմ մեջ: Հարմար տեղավորվում եմ ու հայացքս դուրս հանում պատուհանից. ներսի օդը գաղջ է: Թեք նայում եմ դոդոշների փոխակերպված ուղևորներին և ներսումս ծիծաղում բոլորի վրա:

Դեղին ավտոբուսը միապաղաղ ընթանում է և օրորում Մողեսի թաքուն մտքերը Արևոտ քարի տակ պահված գանձի մասին…

* * *

Մողեսը ճամփորդում էր ամենատարբեր ուղղություններով և խայտաբղետ փոխադրամիջոցներով… Բայց միշտ ուշանում էր, որովհետև չէր հասկանում շտապելու նպատակը: Վստահ էր, որ Արևոտ քարը չի տեղաշարժվում, բայց դեռևս չգիտեր, թե որտեղ է այն:

«Տաքսին արդեն ժամանել է… Իզուր եմ ինքս ինձ խոստանում չուշանալ. այլևս ոչ մի ապարդյուն խոստում: Կախարդուհի Սրատամիկն էլ է այնտեղ լինելու՝ նախօրոք ծրագրած դավադրությամբ: Ես կարող եմ նաև չգնալ այնտեղ, իսկ ինչո՞ւ չգնամ, գուցե Արևոտ քարը հենց այնտեղ էլ լինի»,_ մտածում էր Մողեսը՝ մոտենալով կարմիր մեքենային: Գիտեր արդեն դավի մասին. մի փոքրիկ Մեղու իրեն տեղեկացրել էր, բայց անտեղյակ ձևանալով՝ մտավ խաղի մեջ: Դավադիր Սրատամիկը ծիծաղելի էր խաղում: Ինքն էլ չգիտեր, թե ինչ է ուզում: Միայն իր խղճուկ մտքի ցանկությունն ուզում էր տեսնել իրականացած, թեկուզև այն ի վնաս իրեն լիներ:

Նա պոկոտել էր դաշտի բոլոր ծաղիկները, որ փոքրիկ Մեղուն անձայն հեռանա ու չխանգարի, իսկ ինքը զարտախուր, խավարտ, տից և խավարծիլ ծաղիկների մի փունջ էր կապել՝ Մողեսի բարձի տակ դնելու համար: Մտքում ծիծաղելով Սրատամիկի պարզամիտ խորամանկությունների ու զորություն չունեցող հմայությունների վրա՝ Մողեսը փորձեց արհեստականորեն դժվարացնել նրա գործը. Սրատամիկը ջանք թափեց. կեցցե´ ինքը: Խաղն ավարտվեց, իսկ խաղից հետո ոչ ոք չցանկացավ խաղալ նրա հետ, բայց դավադիր Սրատամիկը շարունակեց խաղը մենակ և սկսեց դավել ինքն իրեն:

Խաղից առաջ Մողեսն իմացավ դավի մասին, խաղի ժամանակ ծիծաղեց Սրատամիկի ստորությունների վրա, իսկ խաղի վերջում մի քիչ տխրեց երկատված Սրատամիկի համար: Տխրեց, որովհետև քնելուց առաջ, երբ Սրատամիկը մերկանում էր, ակամա նաև հոգին էր բացում՝ ցույց տալով իր տխրությունն ու մենակությունը: Բայց հետո ծածկվում էր հաստ վերմակով և խռմփացում՝ երազում դավելով իրեն ու բոլորին:

Առավոտյան Մողեսը մի վերջին անգամ իր ներսում ծիծաղեց Սրատամիկի վրա, միամտորեն թարթեց կլոր ու մեծ աչքերը և հեռացավ՝ Արևոտ քարի տակ պահված գանձը գտնելու հույսով:

* * *

Կանգառում ցուրտ էր, հետո՝ ավելի ցուրտ: Չնայած ջերմաստիճանը չէր փոխվում, բայց ցուրտն ավելանում էր: Մի աղմկոտ միկրոավտոբուս մոտեցավ: Մեքենայի մեջ խցկվեցին այնքան մարդ ու կենդանի, որ ապակիներին դաջվեցին ծուռումուռ դեմքեր և մարմինների ճզմված բարեմասնություններ. դա էր ուղևորների սահմանաչափը: Բոլորի անձնական տարածքը խախտվեց և միաձուլվեց: Ցրտից հետո հաճելի էր մարմինների հպումն ու ջերմացումը, հետո տարածքը մի քիչ նեղ թվաց: Չնայած ոչինչ չէր փոխվել, բայց նեղությունն ավելի էր կծկվում: Մողեսի կլոր աչքերը դուրս պրծան ակնախոռոչներից, ապա սկսեցին փոքրանալ ու նիրհել: Քնած ժամանակ Մողեսը տեսավ, թե ինչպես կողքին նստածը, ո´չ, արդեն կիսով չափ իր վրա նստածը հետևում է իրեն: Մողեսը չտեսնելու տվեց, բայց փոքրիկ Ճանճը հայացքը չէր կտրում:

Նա ուներ սև ու գանգուր մազեր, որ գլխի աջ ու ձախ կողմերում էին փնջվել ցախավելի նման, խաղողի հատիկների նման կլոր աչքեր, որոնք անքթիթ նայում էին նիրհող Մողեսին, ինչպես նաև հոսող քիթ, որ երբեմն կլանում էր այդ հեղուկը, երբեմն էլ թողնում, որ ազատ հոսի: Մողեսը հայացքը կտրեց նրանից, բայց հանկարծ սղոցող ձայներ լսեց: Առանց աչքերը բացելու՝ նորից նայեց… Փուչիկներ, շա~տ փուչիկներ, թքից պատրաստված փուչիկներ… Ո´չ, ինչպես չէր նկատել. փոքրիկ Ճանճերը երկուսն էին. փուչիկները շատացան…

Մեքենայից իջնելուց հետո Մողեսը ծիծաղեց իր ու փոքրիկ Ճանճերի վրա և նորից սկսեց մրսել: Ջերմաստիճանը նույնն էր, բայց ցուրտն ավելանում էր:

* * *

Գնացքը գնում էր դեպի Աշխարհի ծայրը: Այդ օրը Մողեսն ինքն իր հետ էր և չէր նկատում ոչ մեկի: Նա վճռորոշ համոզվածությամբ գնում էր գտնելու Արևոտ քարը: Երբ գնացքի պատուհանը նայեց դեպի արևելք, դեղին շողերը պատուհանով ներս մտան: Մողեսը փակեց աչքերը, երկարեց դունչը, որպեսզի Արևը սիրի իրեն: Նրանց սերը կարճատև էր՝ մինչև մոտակա սարը, բայց հավիտենություն էր թվում: Աչքերը փակելուն պես Մողեսը տեսավ մորը և իրեն՝ նրա ձեռքը բռնած: Հանկարծ ինքը թողեց մոր ձեռքը, վազեց դեպի դիմացի ջրափոսը, ցատկեց նրա մեջ ու անզուսպ ծիծաղեց: Ամեն ինչ հրաշալի էր մինչև այն պահը, երբ ճամփորդներին միացավ մի նոր ուղևոր՝ տիկին Ռադիոն:

Սկեսուրս օր ու արև չի տալիս ինձ: Տան ամբո˜ղջ գործը պարտավոր եմ ես անել, մատը մատին չի տալիս, մի բան էլ արածիցս է դժգոհում: Օրվա մեջ նրա արածը միայն հավանոցը մաքրելն է: Հավանոցը մաքրելուց հետո էլ չի լողանում, գալիս նստում է նոր գնած բազմոցի վրա ու հեռուստացույցը միացնում: Դրա պատճառով սերիալներս չեմ կարողանում նայել, չնայած չեմ էլ հասցնում հեռուստացույցի առաջ նստել. լվացքի մեքենաս փչացել է, այդքան վարագույրը ձեռքով եմ լվանում: Ո՞վ է գնահատում, իրենք մենակ պահանջատեր են, ես էլ իրենց ծառան եմ:

Ես իմ ամուսնուն ու երեխաներին ավելի քիչ ժամանակ եմ տրամադրում…

Տիկին Ռադիոյի միակ սփոփանքը պարոն Ռադիոընդունիչն էր, որը երևի սիրում էր նրան: Մողեսը չդիմացավ տիկին Ռադիոյի շատախոսությանը և հաջորդ կայարանում իջավ գնացքից, խառնվեց ամբոխային հոսքին ու հեռացավ: Մտածեց, որ ավելի լավ է՝ մի ուրիշ անգամ գնա Աշխարհի ծայրը: Գուցե տիկին Ռադիոն սառը ջրով լվանա վարագույրները և հիվանդանա…

Հաջորդ օրը, մինչ Մողեսը չարախնդությամբ պատկերացնում էր, որ տիկին Ռադիոն վարագույրները սառը ջրով լվանալուց հիվանդացած կլինի, երթուղայինը կանգնեցրեց մի տատիկ, որն առանձնապես ուշադրություն չէր գրավում: Մողեսը տատիկին ուշադրություն դարձրեց քիչ ավելի ուշ, երբ հաջորդ կանգառում միկրոավտոբուս բարձրացավ նորից նույն տատիկը՝ կանաչ գլխաշորով, ծաղկավոր պիջակով և մոխրագույն կիսաշրջազգեստով: Մողեսը մի պահ ցնցվեց, շուրջն աչք ածեց և գտավ հին տատիկին, որը կարծես արտացոլանքը լիներ նոր տատիկի: Մողեսն իրեն զգաց հայելիների աշխարհում: Նոր տատիկը նստեց Մողեսի կողքին:

Մողեսը փակեց աչքերը և ձևացրեց, թե նիրհում է, բայց փակ աչքերով սկսեց ուսումնասիրել տարօրինակ տատիկին: Նրա ձեռքին մի դարչնագույն պարկ կար, որի պարունակությունը ժամանակ առ ժամանակ շարժվում էր: Մողեսը կռնչոցից հասկացավ, որ պարկում հնդկահավ է: Երևի տատիկը տանում է շուկա՝ վաճառելու: Երբ աչքն ընկավ տատիկի մատներին, շփոթված բացեց աչքերը և մատնեց իրեն: Տատիկը, փոխակերպվելով կախարդ պառավի, քմծիծաղեց: Նրա ճկույթի եղունգը շատ տարօրինակ էր. ելուստի նման էր ու երկար: Մողեսն անհանգիստ էր:

Որոշ ժամանակ անց տարեց վարորդն ակնթարթորեն անհետացավ և մի երիտասարդ արքայազն հայտնվեց վարորդի տեղում: Մողեսը բոլոր պատահականություններն ու զուգատիպությունները տրամաբանորեն բացատրեց ինքն իրեն, հանգստացավ և ծիծաղեց իր մտքում: Բայց նիրհող աչքերի առաջից չէր հեռանում ելուստանման եղունգը: Որոշեց հաջորդ օրը շարունակել ճանապարհը. իջավ երթուղայինից և նստեց մոտակա քարին:

Հանկարծ մի խումբ դարանակալ Ագռավներ հարձակվեցին Մողեսի վրա, բռնեցին ու փակեցին տարայի մեջ: Մողեսն իրեն պատեպատ էր տալիս: Ակնթարթորեն հիշեց դեղին ավտոբուսի լրջախոհ դոդոշներին, կախարդուհի Սրատամին, փոքրիկ Ճանճերին, տիկին Ռադիոյին… Տարան անշարժացավ: Մողեսը զգաց, որ իրեն ինչ-որ տեղ են բերել: Սպասեց գործողությունների: Տարեց կնոջ ձայն լսեց: Տարան բացվեց. Մողեսը կանաչ գլխաշորով ու ելուստանման եղունգով պառավի ձեռքում էր, բայց ելուստը ցուցամատին էր:

«Սա էլ երևի երրորդ քույրն է», – մտածում էր Մողեսը, երբ հանկարծ սուր ցավ զգաց. այլևս պոչ չուներ:

Փորձեց ծիծաղել, բայց ծամածռվեց, փորձեց փախչել, բայց իրեն բռնող էլ չկար. սնահավատներին իր պոչն էր պետք, որ հարստանան: Բարձրացավ ամենաբարձր քարին. Արևի ուղիղ ճառագայթներն այրում էին, իսկ ինքը մրսում էր: Այդ պահին Մողեսն զգաց, որ Արևոտ քարն իր մեջ է և կարող է սառչել ընդմիշտ: Քմծիծաղով նայեց իր անպոչ հետույքին, հիշեց Արևոտ քարի տակ պահված գանձի մասին և բարձր ձայնով ծիծաղեց իր ու ամբողջ աշխարհի վրա:

Լուսանկարը՝ Geico Insurance

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ