Ջոնի Պետրոսյան․ «Երբ մետրոն աշխատում է միայն ուրիշների համար»

<<Ամենատպավորիչ աշխատանք>> անվանակարգի դափնեկիր

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ավտոբուսի կանգառում՝ մետրոյի Ծերունական կայանի հարևանությամբ, երեք տասնյակից ավելի մարդիկ սպասում էին իրենց տրանսպորտին: Նոյեմբերի վերջին օրերից մեկն էր, երբ ձյան հոտը ձմռանից շուտ էր տեղ հասել, արևն անհետք կորել էր ու երկինքը ամ այացրել: Տարին ավարտվելու համար դեռ մեկ ամիս ուներ, բայց այլևս ոչ ոքի որևէ բան չէր խոստանում ու ստիպում էր բոլոր նպատակները եկող տարվա վզով գցել: Դեռ ժամը վեցին մութն ընկել էր ու չորս ժամ անց թվում էր թե արդեն պետք է կեսգիշեր լիներ: Ցուրտը սաստկանում էր, մարդկանց քթերն էլ ավելի էին կարմրում, բերաններից ելնող գոլորշին՝ թանձրանում: Ոմանք տեղում տմբտմբում էին, ոմանք ծխելով այս ու այնկողմ էին քայլում, մեկ ուրիշն էլ ափերի մեջ երեխայի ձեռքերն առած շփում էր: Նրանք բոլորն էլ մրսում էին ու անում էին ամենն ինչ կփրկեր նրանց սառելուց և ավելի վատ՝ հիվանդանալուց և էլ ավելի վատ՝ հիվանդության պատճառով աշխատանքի չգնալուց։

Մոտակա խաչմերուկից, թեյագույն լույսերի ներքո, աջ ու ձախ կողմերից փողոց էին մտնում դեպի այն վայրերը տանող ավտոբուսները, որտեղ մետրոն չէր հասնում: Քաղաքի գերծանրա բեռնված երթևեկության պայմաններում, նրանք ովքեր կարող էին տուն կամ աշխատավայր հասնել մետրոյով, համարվում էին երջանիկներ: Ուստի կանգառում մնացել էին այն մարդիկ, ովքեր ամեն օր այդտեղ սպասելիս՝ ձմռանը դողալիս և ամռանը քրտինքը մաքրելիս, գոնե մի պահ, իրենց փոքր ինչ դժբախտ էին զգում։

Բոլորը չէին, որ պատրաստ էին երկար սպասել և շատերը մտնում էին մետրո՝ ուղևորվելու ընկերոջ կամ բարեկամի բնակարան: Ոմանք էլ գնում էին մեկ այլ կայան, որտեղից տուն հաս նելը կարող էր առավել դյուրին լինել: Շատերը որոշում էին դրամ չխնայել ու տաքսի էին կանգնեցնում կամ էլ պատահաբար հանդիպում մեքենա ունեցող ծանոթի՝ ում երթուղին անցնում էր իրենց տան մոտով և իրենց էլ էր վերցնում։

Մոտ մեկ ժամից կանգառում մնացին հինգ հոգի, իսկ ավելի ուշ, երբ ժամանեց հյուսիսային թաղամասեր տանող ավտոբուսը, նրանց թիվը կրճատվեց երեքի: Այդ երեքը իրենց համարում էին ավելի դժբախտ քան բոլոր նրանք, ովքեր արդեն հասել էին տուն կամ դեռ ճանապարհին էին: Այդ զգացումը ամեն մի սպասողի կանգառը լքելու հետ մեկտեղ նրանց մոտ կրկնապատկվել էր և այժմ նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ երբ հայտնվի իր ավտոբուսը, բախտն անիծելու մասին ակնթարթորեն կմոռանա և մյուս երկուսին թողնելով կրկնակի ծանր դժբախտության զգացման մեջ՝ կհեռանա։

Երթևեկությունը լռել էր և մոտեցող ավտոբուսի ձայնը լսելի դարձավ մինչև դրա երևան գալը: Անքննությունից կարմրած աչքերով վարորդը իպատասխան սպասողներից մեկի ձեռքը տնկելուն, ճռռոցով կանգնեցրեց կիսադատարկ ավտոբուսն ու արագ վերջնակետ հասնելու նպատակով, այլևս կանգառ չանելու վճռականությամբ, վերցրեց ուղևորին և տեղից պոկվեց։

Կանգառում մնացին երկու տղամարդիկ. մեկը՝ հիսունին մոտ, կոստյումով, թղթապանակը ձեռքին, բարձրահասակ, մռայլ ու կնճռոտ դեմքով, իսկ մյուսը՝ հազիվ քառասունը բոլորած, ջինսե տաբատով ու վերարկույով, գլխին նորից ջինսե լայնեզր գլխարկով, միջահասակ, նուրբ դիմագծերով ու ակնոցով: Քիչ անց նրանց միացավ երրորդը, ով կին էր: Մի հղի, առջևի թաթից կաղ, մոխրագույն կատու, որ մլավելով
եկավ ու նստեց այդ երկուսի միջև։

Քարրորդ ժամ անց, երբ արդեն կեսգիշեր էր, փողոցի լապտերների մոտակայքում սկսեցին նշմարվել առաջին ձյան փաթիլները, որոնք անշտապ, կարծես անկարգելով իջնում էին ներքև, հպվում ասվալտին ու դրա վրա անձրևի կաթիլի հետք թողնում: Դրանց մի մասը կատվի համար նկատելի դառնալով նրան զայրացրին, ստիպեցին անհանգստանալ, թե գալիք ձմռանն ինչպես է իր ձագերին մեծացնելու ու նա սկսեց երկինք նայելով մլավել այնպես, ինչպես գայլը կոռնար լիալուսնին։

Տղամարդիկ լուռ ու անտարբեր նայեցին կենդանուն, հետո հայացքները կրկին տեղափոխեցին ետ, դեպի խաչմերուկը և շարունակեցին անհույս սպասել։

«Կատուն հղի է», – խզված ձայնով ասաց ջինսե հագուստովը։

Կոստյումավորը աչքի պոչով նայեց գլխարկ կրողին, իսկ հետո կատվին ու միայն մտորելուց հետո, թե արժեր արդյոք խոսակցություն սկսել, պատասխանեց․

«Մի՞թե տարվա այս եղանակին կատուները հղի են լինում»։

«Ինչու՞ ոչ: Կենդանիների կյանքի ողջ իմաստը սերունդ ունենալն է և եթե կա հարմար պահ, կարծում եմ անկախ տարվա եղանակից, նրանք դա կօգտագործեն», – համակարգելով տարբեր ռադիոհաղորդումներից կենդանիների վարքագծի մասին կուտակած խարխուլ գիտելիքները ասաց ջինսե հագուստովը։

«Մենք նույնպես կենդանիներ ենք, բայց այս պահին իմ կյանքի ողջ իմաստը տուն հասնելն է», հեգնեց կոստյումավորը և քիչ անց, անհարմար զգալով լռությունից ասաց. «Իսկ ինչու՞ տաքսի չվերցրեցիք, պարո՛ն»:

«Գրպանումս բավականաչափ գումար չունեմ», – ուսերը թոթվեց գլխարկավորը, հետո շարունակեց. «եթե ունենայի , արդեն վաղուց կլինեի այնտեղ, որտեղ իմ հանգըստությունն է՝ կլինեի տանը»:

«Տուն հասնելու համար միակ բանը, որ քեզ պակասում է գումա՞րն է », – զարմացած հարցրեց
կոստյումավորը։

«Այո՛ , ապա էլ ինչը՞»

«Իսկ ես գումար ունեմ: Ունեմ ավելին քան անհրաժեշտ է, բայց հիմա ես սառչում եմ այս անիծված կանգառում: Բոլոր տաքսիներին հասցրեցին կամ ինձնից շուտ կանգնեցնել կամ էլ իմ կանգնեցրածներն ինձնից շուտ նստեցին», քթի տակ մռթմռթալով ասաց կոստյումավորը , իսկ հետո բարձրաձայն ու շեշտակի հարցրեց «Այլևս ոչ մի տաքսի փողոցում չկա և եթե ես քեզ հի մա փող տամ, դու կկարողանա՞ս արդյոք դրանցից գոնե մեկին ստիպել, որ հայտնվի այս փողոցում»:

«Ախ, եթե հնարավ որ լիներ ինչ որ կերպ փողոցից տաքսի պատվիրել», – հոգոց հանեց ջինսե
հագուստովը:

Հեռվից շարժիչի ձայն լսվեց: Կատուն դադարեց մլավել ու վիզը ձգելով վերև կենտրոնացավ ձայնի վրա: Քիչ անց խաչմերուկում ավտոբուս երևաց, սակայան կանգառում եղածներից ոչ ոք չնկատեց, թե որ փողոցից այն եկավ։

Ավտոբուսը բավականաչափ մոտեցավ ու նկատելի դարձավ դիմային ապակուն փակցված, երթուղին նշող գրությունը: Սև թղթի վրա, լուսարձակող ֆոսֆորե ներկով գրված էր՝ «ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ»:

Այն մոտեցավ կանգառին ու կիպ հարելով մայթեզրին կանգ առավ: Ներսում ոչ մի ուղևոր չկար, սակայն սրահն ամբողջությամբ լուսավորված էր: Դռները բացվեցին և երևաց վարորդը, ով չէր էլ նայում կանգնածների ուղղությամբ: Իրար վրայից երկու վերարկու հագած այդ մարդը, մուգ մաշկ ուներ, անխնամ ու երկար մորուք, մազերը գլխի գագաթում կիսով չափ թափված էին, ձեռքերը ցրտից կարմրած էին ու ճաքճքած: Նա համբերատարորեն սպասում էր իր ուղևորների ներս անցնելուն և այդ ընթացքում, կլանված կրծում էր ցուցամատի եղունգը։

Կանգառում կանգնածները հերթով նայեցին միմյանց, իսկ հետո նորից նայեցին ավտո բուսի վրայի գրությանը: Կատ ուն զգալով որ ներսում համեմատաբար տաք է, մայթից անմիջա պես ցատկեց սրահ ու բարձրանալով աթոռներից մեկին, ետևի թաթերի վրա նստեց: Հետո ուշադրությամբ նայեց կանգառում
մնացածներին ու սկսեց սպառնալից մլավելով նրանց հորդորել, որ հետևեն իրեն:

Ջինսե հագուստով տղամարդ ը մոտեցավ դռանն ու դիմեց վարորդին։

«Դեպի ո՞ր կողմ եք գնում »

Վարորդը մի կերպ ուշադրությունը թքոտ եղունգից շեղելով, ականջ ցավեցնող, բարակ ձայնով
պատասխանեց․

«Ոչ մի տեղ»

«Այսինքն երթուղիդ ավարտե՞լ ես, էլ չե՞ս վարելու », – հետաքրքրվեց կոստյումավորը
Վարորդը փնչացնելով պատասխանեց․

«Ի՞նչ է գրվածը չե՞ք տեսնում … գնում եմ ՈՉ ՄԻ ՏԵՂ: Իմ երթուղին էլ դա է, ի՞նչ եք ուզում»:

Կոստյումավորը թեքվեց դեպի գլխարկովն ու ասաց.

«Ես շատ երկար եմ սպասել իմ ավտոբուսին, ես այլևս ուժ չունեմ … ես գնում եմ»

«Բայց պարո՛ն, ու՞ր է ձեզ այս ավտոբուսը տանելու»

Հարցը լսելով վորորդը քթի տակ հայհոյեց ու զայրացած գլուխն ափերի մեջ առավ
Կոստյումովը տեսնելով վարորդի արձագանքը, մեղմ ժպտաց ու պատասխանեց։

«Ինձ տանելու է դեպի ՈՉ ՄԻ ՏԵՂ»:

Գլխարկավորը հոգոց հանեց, հետո շրջվեց դեպի մետրոն, նայեց փողոցի հեռ ուները, կարծես
վերջին անգամ, արդեն իսկ կարոտով կանգառում դողաց ու ասաց․

«Ես նույնպես, պակաս երկար չեմ սպասել»

Նա էլ բարձրացավ վերև և կոստյումավորի հետ միասին ցանկանում էին տեղավորվել, երբ վարորդը համարյա ճչալով ասաց․

«Ձեր տոմսերը»

Տղամարդիկ զարմացած իրար նայեցին, հետո միաբերան ասացին․

«Մենք տոմս չունենք», իսկ կոստյումավորը հավելեց․

«Ի՞նչ է այս ավտոբուսը տոմսով է՞»

«Այո այս մեկը միշտ էլ տոմսով է եղել։ Նայեք ձեր գրպաններում, գուցե մի բան գտնեք»:

Չնայած վարորդի ասածի անհեթեթությունը գիտակցելուն, տղամարդիկ սկսեցին իրենց գրպանները քչփորել և հանկարծ կոստյումավորը ծոցագրպանից տոմս գտավ ու մեկնելով վարորդին ասաց․

«Սա է՞ »

«Ինքն է պատասխանեց նա ու տոմսը դակելուց հետո սևեռվեց գլխարկավորի վրա․ – իսկ քոնն ու՞ր
է»

«Ես տոմս չունեմ, իսկապես չունեմ … ես երբեք նման տոմս չեմ գնել», – կմկմաց ջինսե հա գուստովը։

«Ես նույնպես չէի գնել, բայց գտա : լավ փնտրիր», – խորհուրդ տվեց կոստյումավորը , վստահ լինելով,
որ նա ևս ինչ որ մի տեղ տոմս ունի։

Ջինսե հագուստովը հուսալքվեց ու պատրաստվում էր արդեն իջնել ավտոբուսից, երբ չգիտես ինչու ձեռքը տարավ գլխարկին, հանեց այն ու դրա մեջ հայտնաբերեց խնամքով ծալված իր տոմսը : Ապշահար վերցրեց այն, բացեց ու մեկնեց վարորդին, ով էլ այն դակեց ու դռները փակող կոճակը սեղմելուց հետո ոտքը դրեց գազի ոտնակին։

Ուղևորները նստեցին կատվի երկու կողմերում ու պատուհնաից լուռ նայելով սաստկացող ձյանը մի պահ երջանիկ զգացին, մինչև որ հիշեցին ավտոբուսի առեղծվածային երթուղու մասին և իրենք իրենց խղճացին։

Մեկ ժամից ավել ավտոբուսը դանդաղ պտտվեց քաղաքի բանուկ ու քիչ հայտնի փողոցներով, մինչև որ չգիտես ինչպես մտավ այնպիսի թաղամաս եր, որոնց գոյության մասին ուղևորներին ոչինչ հայտ նի չէր: Անցավ մի բարձր կամրջի վրայով, հետո պտտվեց ու անցավ նույն կամրջի տակով: Արդյունքում հայտնվեց քաղաքի վաղուց հողին հավասարեցված բերդի, կիսաքանդ դարպասների մոտ, շրջանցեց դրանց ու հասավ լավ լուսավորված, հայելու պես հարթ, բետոնապատ ճանապարհով թունելի: Մտավ դրա մեջ ու արագությունն անմիջապես տասնապատկեց, այնպես որ ուղևորները թիկունքով ծեփվեցին աթոռներին:

Վայրկյաններ անց արագությունը կրկին տասնապատկվեց, հետո կրկին ու կրկին … Նրանք գերազանցեցին երբևէ գոյություն ունեցած ամենաարագ մետրոների և ճեպընթացների արագությանը: Սրահի լույսերը հանգան և ոչ ներսում և ոչ էլ պատուհանից դուրս այլևս ոչինչ տեսնել հնարավոր չէր: Տղամարդիկ որևէ հնչյուն արտաբերել չէին կարողանում, մինչդեռ կատուն սկսել էր աղիողորմ մլավել: Նա ծննդաբերում էր։

Հետո ավտոբուսի պատերի դղրդոցի մեջ մլավոցն այլևս անլսելի դարձավ: Արագությունը շարունա կեց մեծանալ, մինչև որ մեքենան սկսեց դեֆորմացվել ու ժամանակը դանդաղեց: Թե որքան շարունակվեց այդ ընթացքը՝ սովորականից դանդաղ հոսող ժամանակի պայմաններում դժվար կլինի պատկերացնել: Միայն կարելի է ր հստակ ասել, որ նրանք մնացին մեքենայում այնքան, որ հասցրեցին մտաբերել իրենց ողջ կյանքը, բոլոր համարները կրող ավտոբուսներին սպասելու օրերը, բոլոր հասցեները, ուր մետրոն նրանց չտարավ ու բոլոր ձեռքից բաց թողած տաքսիները։

Երբ այլևս հիշելու ոչինչ չմնաց, վարորդն արգելակեց: Արգելակեց այնքան ուժգին, որ նման արագությամբ ընթացքից հետո, ավտոբուսն անգամ մեկ մետր իներցիայով առաջ չգնաց ու ակնթարթորեն մեխվեց տեղում: Անսպասելի դադարից, ուղևորներ ն այնպիսի թափով տեղից պոկվեցին, որ դուրս թռան անգամ իրենց իսկ մարմնից և այդպես անմարմին, շպրտվեցին ավտոբուսից շատ հեռու:

Կոստյումավորը նայեց շուրջբոլորը և տեսավ անթիվ անհամար, արծաթափայլ լարեր, որոնք տատանվում էին ու լույս ճառագում: Քիչ հեռու, կիսաթափանց « մարմնով » կանգնած էր նաև գլխարկավորը։

Մոտեցան միմյանց և գլխարկավորը հարցրեց․

«Մենք ՈՉ ՄԻ ՏԵՂու՞մ ենք»

«Կարծում եմ այո», պատասխանեց կոստյումավորը։

Նրանք քայլեցին արծաթափայլ լույսի ուժգնացման ուղղությամբ, մինչ որ հասան դրա ակունքին։

Մի մայր առյուծ, հաղթական բազմել էր ՈՉ ՄԻ ՏԵՂի տարածության մեջ ու հրավառ աչքերով նայում էր իր ձագերին: Չորս կորյուններ, մարդկային մանկան մարմնով, բայց յուրա քանչյուրը առյուծի երեք գլուխներով, ագահորեն մեղր ու արճիճ էին ծծում մոր ստինքներից: Սննդի համար ձագերը կռվում էի ն միմյանց հետ, ինչպես նաև յուրաքանչյուր գլուխ պայքարի մեջ էր մյուս գլուխների հետ: Նրանց ուսերից վերև, ամեն մի գլխի վերևում կիսաթափանց լուսապսակ էր շողում: Նման մի օղակ էլ, բայց շատ ավելի խոշոր ու կուրացնող փայլով, կախված էր մայր առյուծի գլխավերևում: Հենց առյուծի ու կորյունների գտնվելու տեղից էր սկիզբ առնում ողջ լույսը:

Տեսնելով տղամարդկանց, առյուծը ոտքի կանգնեց, իսկ ձագերը մնացին գետնին ընկած ու շշմած դեմքերով նայեցին մոտեցողներին: Կոստյումավորը և ավելի ուշ նաև ջինսե հագուստովը, չգիտես որտեղից հասկացան որ դա այն նույն կաղ կատուն էր, որ ՈՉ ՄԻ ՏԵՂ հասնելով կերպարանափոխվել էր։

Հանկարծ մեքենայի ազդանշան լսվեց ու տղամարդիկ շրջվելով տեսան, որ ավտոբուսն իրենց է մոտենում: Այն կանգ առավ և բացեց դռները: վարորդը դիմելով նախկին ուղևորներին, ասաց․

«Դուք ՈՉ ՄԻ ՏԵՂ ՈՒՄ եք … կառուցեք սրանից ՈՐԵՎԷ ՄԻ ՏԵՂ»

«Ինչպե՞ս », – զարմացավ գլխարկավորը։

«Այնպես ինչպես կաղ ու կեղտոտ կատուն իրենից մարդակորյուններ ծնած երկնափառ առյուծ կերտեց»։

«Բայց այստեղ ոչինչ չկա, մենք ինչի՞ց պետք է արարենք», – համառեց կոստյումավորը։

«Այո՛. Այստեղ չկան ուրիշներին սպասարկող մետրոներ, հավերժ ուշացող ավտոբուսներ: Չկա այն ամենն ինչի շնորհիվ ձեր դժբախտ լինելը երանությամբ կընդունեիք: Այստեղ դուք ոչ թե չունեք ՈՉԻՆՉՆ այլ ունեք ՈՉԻՆՉ: Ամեն ինչից գալակտիկաներ ու աստղեր են ծնվել, ՈՉՆՉԻՑ՝ տիեզերքներ … էլ ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, թշվառնե՛ր: Գուցե դու՞ք էլ պետք է առյուծի կրծքերից մեղր ու արճիճ խմեք … եթե հանկարծ կորյունների բազուկներով չխեղդվեք: Նրանք ովքեր իրենց ավտոբուսին անչափ երկար են սպասում, իրենք իրենց հաղթված չեն ճանաչում և ցրտից մեռնել չեն կամենում, ուրեմն նրանց ՈՉ ՄԻ ՏԵՂում, ՈՐԵՎԷ ՄԻ ՏԵՂ արարել է վիճակվել … մոռացեք ձեր սպասած ավտոբուսների համար ներն ու երթուղիները, մոռացեք կանգառում ձեզ հետ սպասողներին տարած մեքենաները: Այդ ամենն արդեն վաղուց նշանակություն չունի, քանի որ դուք արդեն ՈՉ ՄԻ ՏԵՂում եք, հիմարնե՛ր»:

Լռություն տիրեց : Վարրwդը պատրաստվեց դռները փակել ու հեռանալ, բայց գլխարկավորը փորձեց նրանից մի վերջին հարցի պատասխան կորզել։

«Դուք երբևէ մեր ետևից կգա՞ք»

«Կգա՛մ: Միայն թե անհայտ է, արդյոք դուք կհիշե՞ք ինձ: Ամեն ինչ կախված է ձեր կառուցած ՈՐԵՎԷ ՄԻ ՏԵՂից … գուցե մի օր ետ վերադառնամ ու տեսնեմ, որ դուք կրկի՜ն նոյեմբերյան կեսգիշեր եք արարել ու մի կանգառ, որտեղ միայն դուք եք անավտոբուս մնացել … Ու ես նորից կվերցնեմ ձեզ, կտանեմ մեկ այլ ՈՉ ՄԻ ՏԵՂ, ուր դուք շանս կունենաք ձեր կաղ կատվի արգանդից կորյուններ դուրս ձգել»:

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ