Նիկ Պիցոլատո․ «Այստեղից մինչև Դեղին ծով»

Նիկ Պիցոլատո անունը մեր ընթերցողներից շատերը միգուցե լսած չլինեն։ Մեզ համար էլ այն հայտնի չէր մինչև «Իսկական դետեկտիվ» (True Detective) սերիալը դիտելը, որին [80օր]-ը անդրադարձել է նախկինում։

Նիկ Պիցոլատոն True Detective-ի սցենարի հեղինակն է։ Նա հեղինակել է նաև մի շարք պատմվածքներ։ Դրանցից մեկը այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողի դատին։ Որքանով տեղյակ ենք, սա այս ստեղծագործության առաջին հայերեն թարգմանությունն է։

Ձեզ մաղթում ենք հաճելի ընթերցանություն և մի մոռացեք կիսվել տպավորություններով մեկնաբանություններում։


Այստեղից մինչև Դեղին ծով

Կեսգիշերն անց է։ 10 համարի միջպետական մայրուղով դեպի արևմուտք։ Էլ Պասո։ Մերկ ասֆալտը փռվում է դիմացս, բայց աչքիս առաջ Ամանդան է։ Վերհիշում եմ, թե նա ինչպիսի տեսք ուներ ավագ դպրոցում. փոքրամարմին էր երևում իր չիրլիդերական համազգեստով, շագանակագույն վարսեր, կանաչ աչքեր, քիթը հազիվ նկատվող պեպեններով շաղված։

Խոտածածկույթը տեղի է տալիս անապատացած տարածքներին, հալյուցինացիայի պես մանուշակագույն և նարնջագույն՝ գրեթե չերևացող գույներով։ Այնուհետև գիշերվա խավարը այն աստիճանի է կուտակվում տաղտկալի տափաստանի վրա, որ ես սկսում եմ հասկանալ ինչու որոշ մարդիկ բաց տարածքների վախ ունեն։

– Տեսնու՞մ ես այնտեղ, – հարցնում է Մարզիչը։
– Ի՞նչը

Նա «Խոսե Կուերվո»-ի շշով դիմապակու ուղղությամբ մի կամար է գծում։

– Բոլոր աստղերը մարել են։ Ամբողջը սև է։

Գլուխս պատուհանից դուրս եմ հանում պայթուցիկ օդի մեջ, և նա ճիշտ է։ Մեր շուրջը խավարից բացի այլ բան չկա, և չնայած երկինքն անտեսանելի է, ես գիտեմ որ փոթորիկ է սկսվելու։

– Անձրև է գալու։

Նա փոխանցում է տեկիլան. «Ինչի՞ց վերցրիր»։

Ես դիպչում եմ այտիս տակի սպիին. «Կոտրված ծնոտս»։

Ծնոտիս միջի մետաղը ձգվում է. սա պատահում է միայն երբ օդը էլեկտրամագնիսականությամբ է լիցքավորված։

Պողպատը X տառն է գծում ծնոտումս, քանի որ տասչորս տարեկանում, հնարավորություններիս վրա չկասկածելով, որոշեցի ֆուտբոլի թիմում ընդգրկվել։

Մարզիչն այն ժամանակ դեռ մարզում էր Պորտ Արթուրի Տորեադորներին։ Ես դիմացի շարքից աղմուկով իրենց որդիներին հետևող հայրերի կողքին էի նստում և նայում էի կարմրակապույտ համազգեստով չիրլիդերների պարին։

Իմ ամենասիրելի չիրլիդերը Մարզիչ Դափրինի դուստրն էր՝ Ամանդան՝ մեղրագույն մաշկով։ Նա փակում էր աչքերը ժպտալիս։ Այն չիրլիդերներից էր ում իրոք հուզում էր խաղի հաշիվը։

Նա ուշադիր կհետևեր խաղի ողջ ընթացքին, այն պարագայում երբ ընկերուհիները միայն ձեռքով մազերն էին պտտում և քննարկում, թե ինչ պիտի հագնեն միջոցառմանը։

– Ինքդ ասացիր,- ասում է Մարզիչը, և ես մտածում եմ՝ արդյոք բարձրաձայնում էի մտքերս։

Նա գլխով է անում դիմապակուն, ուր մաղում է անձրևը։

Ես բարձաձայն մտորելու սովորություն ունեմ, հատկապես ընթացքի մեջ գտնվոող մեքենայում։ Այս անգամ ես դեռևս աշխատում եմ «Լոուն Սթար Էնվայրոմենթալ»-ում, Պորտ Արթուրում։ Օրերս անցնում են տնամերձ երկրորդական ճանապարհներին գրանցամատյանով երթևեկելով․ ինձնից պահանջվում է չափել ջրում ամոնիումի ու ֆոսֆորի պարունակությունը և ստուգել, որ ֆերմերները հավի արտաթորանքը արտերում չթափեն։

Երեկոյան ինձ կարող եք գտնել «Պետրո Բոուլ» կամ «Չիլիզ» ակումբում դպրոցի դասատուներին կամ քարտուղարուհիներին խմիչք հյուրասիրելիս, սակայն աշխատանքային ժամերին ես միայնակ եմ վարում մեքենաս՝ հինգից յոթ ժամ, և այդ օրերին ես աշխատում եմ ձև հաղորդել մտքերիս՝ տպավորություններս պատմություններ դարձնելով։

Ռիլկեն գրել է. «Սիրեք ձեր մենությունը, քանզի մենությունը դժվար է»։

Ինքս ինձ հիշեցնում եմ բարձրաձայն չմտածել։

Անձրևը ուժգնանում է, և մինչև կհասնեինք Լաս Կրուսես այն ջրհեղեղի է վերածվում՝ ճանապարհը ջրի վարագույրի տակ ծածկելով։ Մետաղը ծնոտումս հիշեցնում է իր մասին։ Ապակու մաքրիչները շատ օգուտ չեն տալիս, և Մարզիչը մոտ է ձգվում աչքերը կկոցելով։ Նա մի հաբ է հանում գորշ պլաստիկե շշից։

– Լավ ուշ է արդեն, – Նա կում է անում։

Մենք կանգ ենք առնում մայթի մոտ, անձրևը թմբկահարում է։

Նա մեջքը կորացնում է, որ հենվի լուսամուտին և բեյսբոլի գլխարկը քաշում ճակատին։ Մարզիչն այլևս չի մարզում, սակայն նա մի պատկառելի թոշակ է ստանում Պորտ Արթուրի դպրոցից, ինչպես նաև մարմնամարզության կոորդինատորի պատվավոր կոչում ունի, սա այն է, ինչ վաստակում ես Արևելյան Տեխասում ութ տեղական և երեք նահանգային մրցաշարերում տիղոսներ ապահովելու համար։

Նայում եմ՝ ինչպես է նա փափկած շնչում, անձրևը պատուհանին գետեր է նկարում, և ես փորձում եմ այս խաղաղ ննջող մարդուն նմանեցնել իմ հիշողությունների՝ ծխացող և քարե դիմագծերով, մարզումների դահլիճն ու խաղադաշտը իր վերահսկողության տակ պահող հրամանատար Մարզչին։ Փորձում եմ հասկանալ՝ ինչպես նա այնտեղից այստեղ հասավ։

Ես դա անում եմ, որովհետև պատահական կապեր, պատմություններ փնտրելը այս տարիքում հիմնական սովորություններից է դարձել, և շատ ժամանակ եմ ծախսում անցյալը փորփրելով՝ կարծես այնտեղ գտնելու եմ պատասխանները։

Այս տարիքում ես մեքենան վարում եմ փակ շրջաններով, հավատում եմ պոետների և հանրահայտ մարդկանց խոսքերին։ Ես ավագ դպրոցը չորս տարի առաջ եմ ավարտել. ապրում եմ տատիկիս՝ ինձ թողած տանը, և քանի դեռ Մարզչի հետ չենք հասել Լոս Անջելես հարցերի տարափը պտտվելու է գլխումս։

Այտով հպվել եմ սառը լուսամուտին․ այն մեղմացնում է ծնոտիս ջղաձգումները։ Մարզիչը սկսոմ է խռմփացնել։

Ես այնտեղ էի Ամանդայի մեկնելու օրը։ Խոտ էի հնձում այդ ժամանակ։ Այդ օրը աշխատում էի Մարզիչ Դափրինի հարևանի բակում։

Կարմիր «Շեվի Բլեյզեր» էր կայանած իրենց մուտքի մոտ։ Չորս տղաներ, ում ես դեռ դպրոցից գիտեի, այդ մեծ մեքենայի մեջ էին։ Ետնամասը ճկված էր արկղերի և տոպրակների ծանրության տակ, մեկ հատ էլ սերֆինգի տախտակ կար։

Ավագ դպրոցն ավարտվել էր, և նրանք բոլորով տեղափոխվում էին Կալիֆորնիա։ Մարզիչ Դափրինը հետևում էր շքամուտքից։
Նա ձեռքով չարեց, երբ մեքենան շարժվեց։

Ինչ-որ մեկը, կարող ենք այժմ ասել, պետք է կանգնեցրած լիներ այդ Շեվին։ Այստեղ գաղտնիք չկա։

Ֆիլմերում Ամանդան նկարվում Մանդի Լե Ռոք անվան տակ։ Ես միայն մեկն եմ տեսել։

Կայծակը փայլում է երկնքում՝ անձրևոտ պատուհանի մեջ իմ արտացոլանքը լուսավորելով, և ես հասկանում եմ, որ ամբողջ պատմությունը չեմ պատմում։

Այստեղ երկու պատմություն կա․ առաջինում ես նստած եմ Մարզիչ Դափրինի բեռնատարում։ Մենք քշում ենք Լոս Անջելես իր դստերն առևանգելու։

Երկրորդ պատմության մեջ, ապակու վրա արտացոլանքի պես, ես Բոբբի անունով մի դեռահաս եմ և ապրում եմ երկու սերնդի կանանց հետ՝ մոր և նրա մոր, արոտավայրի խոտով ծածկված տարածքում կառուցված տանը։

Այս տղայի սենյակում օդորակիչ չկա, և նա տների բակերի խոտն է հնձում գրպանի գումար վաստակելու համար։ Նա աթլետիկ կազմվածք ունի, չնայած որ միայն վազքով է զբաղվում։

Նա լավ գնահատականներ է ստանում և նորից ու նորից նույն նկարն է նկարում բոլոր տետրերում․ նավատորմի կործանիչը կրակն իր վրա է ընդունում Հարավային Վիետնամի ծովածոցում։

Երկու պատմությունները կապող պատահական օղակը Ամանդա Դափրինն է․ մենք առաջին կուրսի լաբորատոր աշխատանքի նույն խմբից ենք։

Կենսաբանության դասը կեսօրից հետո է։ Ես տանել չեմ կարողանում հերձման վարժությունները, հետևաբար կտրում է Ամանդան։ Ինձ հանգստացնում է միայն ամոնիումի և ֆորմալդեհիդի հոտը, որը նուրբ խառնվում է նրա պարանոցից և վարսերից եկող շամպունի, լոսյոնի և քրտնքի բուրմունքին։

Ուրբաթ օրերին Ամանդան իր չիրլիդերական համազգեստն է կրում։ Բազմաթիվ այսպիսի երկար օրեր են երջանիկ անցել․ նայում էի ինչպես է արևը անցնում Ամանդայի ոտքերի հետևի մասով՝ ժամը մեկից մինչև երկուսը։

Սա է այն աղջիկը, ում փնտրում եմ։

Ավելի ուշ կգա մեկ այլ բան որոնելու հերթը։

Դա կլինի մեր տուն վերադառնալուց հետո և կիրականցվի մի մասնավոր հետախուզական ընկերության կողմից, որը մարդկանց գտնելու վրա է մասնագիտացված։

Ընկերության անունն է «Ռեյունիոն»; նրանք 300 դոլար են ինձանից վերցնում և երկու ամսից արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնում։

Հաշվետվությունն ինձ փոստով են ուղարկելու՝ ընկերության լոգոն ծրարի վրա դրոշմված։ Երկու բաց ափերի մեջ, օրորոցի պես, ձեռք-ձեռքի բռնված երեք մարդ՝ դեղին արևի տակ։

Իսկ հիմա, չնայած Լաս Կրուսեսի մոտ ենք, սակայն թվում է, թե մեքենան ջրվեժի տակ ենք կայանել։

Մարզիչը խռմփացնում է։

Պետք է կարդալու համար ինչ-որ բան բերած լինեի։

Աշխարհից կտրված լինելու նման զգացողություն եմ ունենում նաև աշխատանքի ժամանակ, երբ ընդմիջմանը սենդվիչ եմ ուտում մեքենայում և կարդում, օրինակ, Սենտ-Էքզյուպերի գիրքը անապատային օդաչուների մասին։

Այնուհետև աշխատանքային մեքենայով ուղևորվում եմ անվերջանալի մղոններ ձգվող փոշոտ ճանապարհներով, առանց գեթ մեկ տուն և խոտածածկ տարածք բաց թողնելու ստուգում եմ ստորգետնյա ջրերում ամոնիումի և ջրիմուռների մակարդակը, կողքիս դատարկ նստատեղին պտտվելով պատմում իմ պատմությունները։

Գյուղական ծայրամասը փայլում է գերտաքացած գույներով։ Թվում է՝ հարթ մակերեսները պայթուցիկներով են ստեղծվել։

Թուքսոնում մի հարմար տեղ կանգ առանք և լվացինք մեքենան, որի վրա տարատեսակ կակտուսներ ու անապատի վայրի բուսականություն էր հավաքվել։

Բոլոր ամպերը կուտակվել են Մարիկոպա լեռներից միայն մեկի գագաթին, կարծեց հրաբխի պատկեր լինի։

Թեբայում որոշեցինք ձուկ բռնել ընթրիքի համար։ Կեսօրը մոտենում է ավարտին։ Գիլա գետի փոքրիկ վտակը կարծես կիսում է կանաչ մարգագետնի բարձր խոտը։
Մարզիչը սկսեց փորփրել մեքենայի հատակին փռած բրեզենտի տակ լցված գործիքները։ «Կարող ե՞ս ձկան թելը կարթին փաթաթել»։

– Չէ։ Ես ձկնորսությունից բան չեմ հասկանում։
– Լու՞րջ
– Չէ
– Լավ, բա ի՞նչ գիտես։
– Ոչինչ։
– Առանց քո օգնության էլ գլուխ կհանեմ։ Մարդ էլ Պորտ Արթուրում մեծանա ու ձուկ բռնել չիմանա։

Ուսերս թափ տվեցի։ Մարզիչը դեմքի դժգոհ արտահայտությամբ կարթն էր փնրում կույտի մեջ։

Ի՞նչ պետք է նրան պատասխանեի։ Չեղած բաներ պատմե՞ի, որ ամբողջ օրը ընկերներիցս ձուկ բռնելու պատմություններ եմ լսե՞լ։ Այդ տերմինները ինձ համար կարծես գաղտնաբառեր լինեն․ ձգան, պտուտակ, քարե սուզակ:

Խոտը բարձր և փափուկ է։ Գետակը ջրային ձայներ է հանում և իր մեջ կուտակում լույսը։

Մարզիչը գտնում է կարթը. «Քեզ համար թելը ես կձգեմ»։

Նա ինձ ցույց է տալիս ինչպես ամրացնել կարթին քարե սուզակը և նեոնային ռետինե մողեսը։ Թելը հավաքելու պահը հեշտ է։ Դաստակի մի արագ շարժում, և մողեսը գույնզգույն թելի հետքը օդում թողնելով սլանում է։

Այսպես էլ կանգնած ենք երկուսով՝ Մարզիչ Անդրե Դափրինն ու Ռոբերտ Կարեսսին․ Ջոշուա ծառերի և ներկած քայլերի մեջ ձուկ ենք բռնում՝ կարծում եմ անօրինական։

Հետևում եմ Մարզչի դաստակների շարժումներին և փորձում կրկնօրինակել։

Ձեզ ցանկացած մարզիչ կասի ՝ կրկնօրինակելն ու կրկնելը մի բան սովորելու ամենաճիշտ ճանապարհն է։ Բայց ի՞նչ կարող էիր կրկնօրինակել, եթե տասնյոթ տարի շարունակ արթնանում էիր օծանելիքի ու խնամքի փոշիներով բուրմունքով շաղախված մի տանը։

Կամ էլ, օրինակ, շորերդ պարանին ամեն օր խառնվում են կրծքկալների ու կանացի կիսավարտիքներին. փոքրիկ, երիզաթելով՝ մայրիկինը և տատիկինը՝ առագաստի պես լայն և ծավալուն։

Որոշ բաներ միշտ քո ընկալումների և հասանելիության սահմաններում էին. կանացի խոնավ գուլպաների հոտը, շրթներկի կարմիրը, միջադիրների տուփերը։

Հազար անգամներ այրվել ես վարսերը գանգրացնող արդուկներին դիպչելով։ Շատ ժամանակ նյարդայնացած ես ու չես էլ հասկանում, թե ինչու։

Կեսնաբանության դասն է օրերիդ գլխավոր իրադարձությունը։ Դպրոցից հետո ավտոբուսին սպասելու ժամանակը, մարզիկներին նայող չիրլիդերները, արևի ճառագայթներից այրված ծառերի նազանքը և հազիվ նշմարելի շարժումը։

Քո տասնչորսերրորդ տարվա գարնանը, «Մեր ժամանակները» կարդալուց երկու շաբաթ անց, դու փորձում ես ընդգրկվել ֆուտբոլի հավաքականում, և էրիկ Դեմփսին ջարդում է ծնոտդ։

Հաջորդ աշուն կմահանա Ամանդայի մայրը։

Այնքան եմ տարված երազներով, որ կարթը գրեթե թռնում է ձեռքերիցս։

– Հապա մի այստեղ նայեք, – ասում եմ ես, և Մարզիչն ինձ ասում կտրուկ վերև շարժում անել, քաշել կարթը։

Ձկան թելը փայլփլում է, կտրում է ջուրն ու կանգ է առնում։ Այն թուլանում է և հետ բերում կտրատված մողեսը։ Մարզիչը մոտեցնում է կարթը.

– Քո մի կտորը տարել է։ Երբ զգում ես ձգվելու պահը կտրուկ շարժում արա, որ լավ ուտի կեռը, հետո մի փոքր քաշ տուր։ Թող պայքարի հետդ, որ ավել լավ խրվի մեջը։

Մարզիչը նոր մողես է հագցնում կարթիս ու վերադառնում իր տեղը՝ ինձանից մի քսան մետր հեռու։

Թելի ձգվելու պահը ինձ անասելի աշխուժացնում է։ Երեկոյի մնացած մասը ես նստած եմ կարթը ձեռքիս և հիմարի պես ժպտում եմ։ Մարզիչը երկու իշխան է բռնում, իսկ ես երկու հատ էլ բաց թողնում։

Խարույկի վրա խորովում ենք ձկները։ Մարզիչը մեքենայի մեջ շորերի տակ ինչ-որ կծու կետչուպ է պեղել։ Արևը գրեթե մայր է մտել։ Ժամը ինն է։ Կապույտ երանգներ։

– Բուրմունքը լավն է, – ասում եմ ես։
– Վատը չէ, – Մարզիչը «Խոսե Կուերվո»-ի նոր շիշ է գտել։ Ձուկը կրթկրթում է կրակից։
– Լավ, – ասում է նա, – Արի արդեն մտածենք՝ ինչ ենք անելու։

Ես գլխով եմ անում։ Կրակը մեր դեմքերը նարնջագույն ու թռչկոտող է դարձնում։

Որոշում ենք հասցեն իմ ունեցած վիդեոկասետից վերցնել։

Հասցեն «American XXXtasy» ընկերությանն է, այն ընկերությունը, որը թողարկում է Ամանդայի ֆիլմերը։ Սկսում ենք այնտեղից։ Գտնում ենք նրան։

Մարզիչը քլորոֆորմ է գողացել քիմիայի լաբորատորիայից։

Դրանից հետո, ասում է նա, ապակոդավորող կվարձի։ 70-ականներին շատ մարդիկ ապակոդավորվելու կարիք ունեն. Մարզիչը հավատում է այս թեզին։

Նստած ենք մարող խարույկի մոտ՝ վերջացնելով այդ գիշերվա «Խոսե Կուերվո»-ի երկրորդ շիշը։ Սովոր չեմ թունդ խմիչք խմել։ Սովորաբար, երբ փորձում եմ ընկնող կեգլիների աղմուկի ներքո քարտուղարուհիների հետ ծանոթանալ «Փեթրո Բոուլում» գործը «Հեյնեկեն»-ից այն կողմ չի անցնում։

– Հետաքրքիր է այս շշերը որտեղի՞ց են հայտնվում, – հարցնում եմ ես։
– Խանութ էի մտել մեկնելուց առաջ, – նա վառում է ծխախոտը։

Մարզիչը կովբոյի շագանակագույն կոշիկներ է կրում, ջինսից վերնաշապիկ, որ գալիս է նրա ավելի նիհար ժամանակներից։ Նա պահպանել է նույն ավազե-մոխրագույն մազերի կույտը ՝ «բոքս» սանրվածքով։

Նա շիշը փոխանցում է ինձ։

– Ասում ես հայրդ զինվորակա՞ն էր։
– Նավատորմային, – կում եմ անում տեկիլան։
– Ես օդաչու եմ եղել, գիտեի՞ր։
– Գիտեի։

Նա երկար դադար է վերցնում։

– Եվ ին՞չ է պատահել նրա հետ։
– Դա «USS Mullinix» նավն էր։ Իր վրա ընդունեց հակառակորդի կրակը Վիետնամում, Քուանք Տրին գրավելու ժամանակ։ Ես նրան երբեք չեմ հանդիպել։

Սա է պատմությունը որին ես ամբողջ կյանքս հավատացել եմ, և մինչ այժմ էլ բավականություն եմ զգում այն պատմելիս։

– Թրեվիս Կորեսսին հինգ անհայտ կորածներից մեկն էր։
– Գրողը տանի, – ասաց Մարզիչը դատարկելով շշի պարունակությունը։

Հինգ ամիս առաջ էր՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացող տատս ինձ ասաց, որ Տրեվիս Կորեսսին երբե չի ծառայել «USS Mullinix»-ի վրա։

Նա ընդամենը ճանապարհորդող մի վաճառական էր, որի նավը 1973-ին մեկ շաբաթ կանգնած էր Պորտ Արթուրում, երբ մայրս տասնհինգ տարեկան էր։ Նրանք միայն մեկ անգամ են ժամադրության գնացել։

Մարզիչը մոխիր է լցնում կրակին։ Նրա աչքերը փայլփլում են կնճիռների ցանցից, և ես կարող եմ պատկերացնել յուրաքանչյուր ծալքի առաջացման պատճառը. Վիետնամում ինքնաթիռով թռչելը, Պորտ Արթուրում տասնհինգ տարի մարզելը, Մարգերիտ անունով կնոջը էնցեֆալիտին զիջելը, միակ զավակին Կալիֆորնիա նահանգին տանուլ տալը։

Նրա աչքերի շուրջ ծալքերը քանդակված հիասթափությունների շտեմարան է։ նա Վիկոդին է ընդունում երկու ժամը մեկ։

Կարծում եմ նրա կյանքը ավելի լավը կլիներ, եթե նա որդի ունենար։

Վերջում հասնում ենք ծնոտս ջարդելու օրվան։

– Ես հիշում եմ, – ասում է նա, – Դա իրո՞ք դու էիր, – նա քմծիծաղ է տալիս, – Լսիր բայց Դեմփսին քեզ կարգին շարքից հանեց, չէ՞։

Ես խոսակցությունը վերադարձնում եմ Ամանդային։ Սկսում ենք ավելի արագ խմել։

Ծխախոտը նրա բերանում դողում է։

– Գիտես, նա շատ էր սիրում Ամանդային…Մեգգին ասում էր, – Մարզիչը մի լավ քաշում է ծխախոտն ու արտաշնչում, – նա իրոք երջանիկ երեխա է։

Ես գլխով եմ անում։

– Նրա տրամադրությունը իրոք միշտ տեղն էր։
– Հա, – նրա դեմքը խոժոռվում է, – բայց նա քմահաճ էր։ Որոշ բաներ պետք է միայն իր ուզածով լինեին։

Մեր խարույկից մնացել է ծխացող մոխիրն ու մեռնող կարմիր փայլը։ Լռություն է տիրում, մինչև որ նա շպրտում է իր սիգարետը և արտաշնչելով հեգնանքով ասում՝ «Ոչ մի դատարան մեզ չի դատապարտի»։

– Ոչ:

Հիշում եմ. նույն խոսքերը ասվել են երկու օր առաջ, այն զրույցի ժամանակ, որով սկսվեց այս ամենը։

Երկուսս էլ, սակայն առանձին-առաձին խմում էինք «Պետրո Բոուլ»-ում․ տեսա՝ ինչպես դպրոցական համազգեստով մի բարձրահասակ տղա ընկերներին թողեց և մոտեցավ սրահի անկյունում նստած Մարզչին։

Ծիծաղը հազիվ զսպող այդ երեխաները ուշադիր հետևում էին, թե ինչպես է իրենց ընկերը հարց տալիս։

Մարզիչը նրա կոկորդից բռնեց և շպրտեց այնպես, որ սեղանը շուռ եկավ։

Ես Մարզչին հետ քաշեցի. նա փորձում է ձեռքերիցս դուրս պրծնել, մինչև որ ականջին շշնջում եմ՝ «Մարզիչ, մարզիչ. Ես էլ էի նրան սիրում»։

Վերջում մի շիշ ենք վերցնում և իր մեքենայում խոսում, հիշում Ամանդայի մասին։

Մարզիչը գլուխն իջեցնում է։ Ձեռքերն ընկնում են ծնկներին և նա հոգոց է հանում։

– Ասում ես դուք ե՞րբ էիք հանդիպում։
– Մենք երբեք չենք հանդիպել։ Միայն ընկերներ էինք։

Նա գլխով է անում և մեքենայի անիվին հենվելով ոտքի կանգնում։ Ետնամասի դուռը բացելով նա խցկվում է ներս։

– Լսիր, եթե մարդուն գողանալու համար փրկագին չես ուզում, դա միևնույնն է առևանգու՞մ է։
– Այո։

Շուտով ես լսում եմ նրա խռմփոցը։ Փայտով խառնում եմ մոխիրները։

Ցանկանում եմ հավատալ, որ մենք ճիշտ բան ենք անում, որ արևմուտք եկած աղջիկը հենց նա է ում գիտեի դպրոցում և որ նա իրոք ունի մեր կարիքն ունի, որ հիշեցնենք նրան իր ով լինելը։

Ռիլկեն ասել է՝ «Վեր հանեք այդ ընդարձակ անցյալի խորտակված զգացողությունները», բայց ավելի ուշ ես կհասկանամ, որ դա այդքան էլ միանշանակ խորհուրդ չէ՝ հիշողությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։

Ավելի ուշ ես կհասկանամ, որ սինապտիկ դաշտերը, որտեղ այն ապրում է, դա այն նույն վայրն է, որտեղ գոյություն ունեն ցանկությունն ու ձգտումը, և երբեմն հիշողությունը ընդամենը խթանում է հենց այդ զգացողությունները։

Բայց նույնիսկ հիմա, իմ ճամբարի խարույկի մարող կրակի մոտ, ես չեմ վստահում շարժառիթներիս։

Դա բնավորությանս հիմնական գծերից է և այն գալիս է իմ կոտրված ծնոտից։ Այտիս միջի երկաթի կտորը ինձ միշտ հիշեցնում է, որ այն ինչ ես ցանկանում եմ և այն ինչ ես կարող եմ ունենալ սովորաբար լրիվ տարբեր բաներ են։

Ասածս հասկանալու համար պետք է ինձ պատկերացնեք տասնչորս տարեկանում. 178 սմ, 59 կգ, չափսերով մեծ սպորտային ուսադիրներով, և լայն սաղավարտ, որը կարողանում եմ հանել առանձ այն արձակելու։

Ապրիլյան արևը այրում է դաշտը։ Չիրլիդերները տրիբունայից նայում են մեզ՝ գնահատելով աշխարհը և թաքցելով ծխախոտը։

Ես արագ ծամում եմ բերանիս կապպան։ Քանի շաբաթ է, կարդում եմ Նիք Ադամսի պատերազմ գնալու և զոհվելու մասին։ Տեսնում եմ հանդիսատեսի քմծիծաղով լեցուն հայացքները, գիտակցում եմ իմ կամքն ու ցավի և պատվի մասին պատմություններ վերհիշում։

Երբ գալիս է ընդհարման պահը, ինքս եմ կամավոր մարտիկի դերը ստանձնում։

Մարզիչ Դափրինը ինձ կանգնեցնում է 1.90 սմ հասակ ունեցող էրիկ Դեմփսիի դիմաց։ Նա ուսանաղական լիգայի հայտնի հարձակվողներից է։

Այս ամենը կարող է դաժան ավարտ ունենալ։

Այդ պահին, սակայն, միայն մի բան եմ մտածում. «Նա ինձ լուրջ է ընդունում։ Նա ինձ շանս է տալիս»։

Երբ լսվում է սուլիչի ձայնը, Մարզիչը գնդակը նետում է Էրիկին։

Ես չեմ տատանվում։ Ծանրությանս կենտրոնը ցածր է։ Ուժեղացնում եմ մեջքս՝ գլուխս ուսերի մեջ տանելով և նայելով վերև։ Չեմ պատրաստվում թեքվել կամ նրա ծնկներին նետվել։

Հանկարծ ծալվում եմ և ինքս իմ կոտրվելու ձայնն եմ լսում։ Կարմիր, շոկային ցավ։ Գլորվում եմ գետնին, արևը ծակում է աչքերս, բերանումս խոտ է, տաք պղնձի համ, կեղտ։ Անջատվելուցս առաջ հասցնում եմ նկատել տրիբունայի աղջիկներին՝ գունավոր կետեր մի գծի վրա։

Այսպես, քսանմեկ տարեկանում ես համոզված եմ, որ կյանքի հիմնական դասը հետևյալն է. սահմանափակիր քո ձգտումները, այլապես նրանք այնքան կծանրանան, որ կարող է ջարդված ծնոտով մնաս։

Այդ մետաղի կտորը իմ ցանկությունների վրա սարսափի բիծ է թողել։ Աչքերս այս ու այն կողմ եմ անում մթության մեջ։ Փայտի կտոր, լուսին, քամու աղմուկը լեռան վրա։ Նիրհող Մարզիչը։ Տարբեր ձայներ են արձագանքում գլխումս՝ գլորվող կեգլիներ, ծովային կործանիչի վրա թափվող հրետանին։

Ծնոտս քնած է։ Անձրևը վերջացել է։

Հոսանքի սյուները կարծես խաչեր լինեն արևի տակ։ Մի մեծ կանաչ պաստառի վրա գրված է՝ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿԱԼԻՖՈՐՆԻԱ»։

Մարզչի գլուխը կորավ և նորից հայտնվեց։ Կարծում եմ նա նորից Վիկոդին խմեց։

Մարզիչը լուռ, մշուշոտ հայացք է գցել ճանապարհին։ Նա փոխում է ռադիոյի ալիքներն ու կանգ է առնում Մերլի Հագգարդի «Մայրիկ ես փորձել եմ» երգի վրա։

Մոր մահվան օրը Ամանդային դուրս կանչեցին պատմության դասից։ Գրքերը հավաքելու ձևից հասկացա, որ լուրն իր համար սպասելի էր։
Հայացքով հետևում էի նրան լուսամուտից՝ ցանկանալով անցնել դրա միջով երբ նա անցնում էր փողոցը։ Նրա տխրությունը այնքան իրական էր ինձ համար, այնքան մոտ։

Սան Դիեգոյում շարունակում ենք «Highway 15» մայրուղով։ Շուտով հասնում ենք ճանապարհային նշաններով ու գովազդներով ծանրաբեռնված մի հատվածի։
Անհամար ավտոմեքենաներ են մեր շուրջը։ Տեսնես մայրս այս կողմերը հասե՞լ էր։ Նրա առաջին բացիկները եկան Նեվադայից։ Ընդամենը հինգ բացիկ կա՝ իմ պահարանում, կոշիկի տուփի մեջ պահված։

Պատկերացրեք՝ վերջին զանգից մի քանի օր առաջ գալիս ես տուն, իսկ մայրդ թողել գնացել է։ Տատիկը փորձում է բացատրել՝ ասելով, որ մայրիկդ մի քանի օր կբացակայի։

Բազանշանակ նամակը այսպես էր սկսվում. «Այժմ, երբ դու արդեն 17 տարեկան ես», և շարունակվում էր՝ «յուրաքանչյուր մարդ պետք է գնա այտեղ՝ ուր կանչում է իր սրտի ձայնը»։

Հաջորդ երկու ամիսների ընթացում նրանից ամեն շաբաթ զանգեր կստանամ։

Այլևս չեմ կարդում բացիկները․ կոշիկի տուփը միշը փակ է մնում։

Մեր մեքենան մտնում է ընդհանուր հոսքի մեջ, սլանում ենք ճանապարհի վերև բարձրացող հատվածով։

Ներքևում ամենուրեք կայանատեղիներ են, կարծես կայանատեղիների քաղաքի վրայով թռչենք։

Օդը վերածվում է ճառագայթող մռայլության, գունաթափ մառախուղի։ Հսկայական շենքերը կորում են այդ մշուշում։ Ինչ-որ մի բան է վառվում՝ իր հետ բերելով մաշվող մետաղի հոտը։

Մարզիչի դեմքը ծռմռվում է. «Անդուր հոտ է»։ Նրա խոսքերը հստակ չեն։ Մի «Վոլվո» ուժեղ ազդանշան է տալիս երբ մենք սխալ ճանապարհային հատված ենք մտնում։

Ավարտական տարվա փետրվարին դպրոցի հանդերձարանում մի պատմություն լսեցի։

Ասում էին՝ Ամանդան կատաղել է։ Նա բասկետբոլի խաղից հետո բոլորի հետ միասին թիմի ավտոբուսով էր վերադարձել, և ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունեցել։ Բոլորը բարձրաձայն ծիծաղում են։ Ես արագ փոխվեցի ու դուրս եկա՝ փորձելով այդ ամենին չհավատալ։

Մեքենան կտրուկ արգելակեց։

– Մենք պետք է հասկանանք, թե հիմա որտեղ ենք գտնվում։

Մարզչի բիբերը փայլում են արյունոտ, կիսախավարած աչքերում։

– Դու…ղեկին դու պետք է նստես։

Ես հարմարվում եմ վարորդի տեղին։ Շարժիչը գոռում է, և Մարզիչը հայացքն ուղղում է լուսամուտին։

Ձեռքերս ղեկին դնելով ինձ թարմ և պիտանի եմ զգում։

Ահա թե ինչ եմ տեսնում դիմացս. չոր ցեմենտի ռեզերվուարներ, ամենուրեք ասֆալտ, գերտաքացած օդ։ Մեքսիկացիներ։ Իրենց դիմակներով միջատների նմանվող մարդիկ։ Մանր-մունր խանութներ և պաստառներ՝ բրոնզագույն, մկանոտ մարդակցով։

Հայացքս գցում եմ իմ նիհար, գունատ բիցեպսներին։

Մի անգամ Ամանդային տեսա ֆուբոլի թաց դաշտում քայլելիս։

Նա մերկ ոտքերով թշում, կտրում էր ջուրը, և ես մկանները զարգացնելու մեկ տարվա պլան որոշեցի մտքումս։ Ինքնակատարելագործման հուշաթերթիկները դեռևս շպրտած են սենյակովս մեկ. «Ողջ ցավը ցանկության հետևանք է», «Մարդիկ երջանիկ են այնքանով, որքանով իրենք դա ցանկանում են»։

Բայց Լոս Անջելեսից վերադառնալուց հետո ես աղբարկղ եմ գցում դրանք։ Թուղթը ծալվում է ձերքերիս մեջ, և մերկ ոտքերիս քայլերի ձայնը արձագանքում է տան փայտե հատակով մեկ։

Բենզալցակայանում Մարզիչը սպասում է մեքենայում, մի պարսիկ ինձ օգնում է քարտեզով կողմնորոշվել։ Նա ասում է, որ 91411 փոստային ինդեքսը գտնվում է «հովտում ինչ-որ տեղ»։

Պետք է ավելի արևմուտք գնալ։ Մարզիչը երկու վիկոդին է խմում։ Փողոցներն ու մայթերը այստեղ թավայի պես ջերմություն են ճառագայթում։

«Ամերիքան Էսքթազի»-ն Սան Ֆերնանդո հովտի մի փողոցում գտնվում։ Անվանումը ընդամենը կիսաթափանցիկ դռների ապակիների վրա կարմիրով գրված նշան է։
Կայանատեղիում քիչ մեքենաներ կան։ Մթնշաղ է:

Մարզիչը լուսամուտից դուրս է նայում։ Մատներով ծեծում է մեքենայի դուռը և ձեռքի ափի մեջ շոշափում քլորոֆորմի փոքր, շագանակագույն շիշը։
Ճանապարհի ուղղությունը պարզելուց հետո նա ծպտուն անգամ չի հանել։

– Այդտեղ մնացեք, ի՞նչ կլինի, – ասում եմ ես, – Ես մտնեմ կպարզեմ ինչ պետք է։

Նա առաջ է գալիս, հայացքը գետնին։ «Ես գալիս եմ»։

– Մարզիչ, լսե՛ք, թող ես խոսեմ նրանց հետ։ Ես մի պատմություն կհորինեմ։ Արդեն գիտեմ, թե ինչ։

Նրանից վերցնում եմ վարորդական իրավունքն և կրկին համոզում, որ վստահի ինձ։ Թողնում են նրան այնտեղ՝ մեքենային հենված։

Գրասենյակի հատակը ծածկված է կանաչ՝ լայմի գույնի հին խալածածկով։ Ամբողջը ոտնատակ տված և ծխախոտի մնացորդներից վառված հետքերով։ Օդի մեջ նշմարվում է սպիրտի և մերսման յուղի հոտը։

Ընդունարանի սեղանի հետևի դուռը փակ է։ Պատերին պաստառներ են. «Կնքամայրը, մաս 2», «Հետադարձ դեպի ապագա», և մեկը Մանդի Լե Ռոքի մասնկացությամբ։
Նա մերկ է, կանգնած թափանցիկ անձրևանոցի տակ՝ «Անձրևակինը 2․ փոթորկի գրկում»։ Սա նրա կուրծքը չէ։

Ինձ ողջունում է քարտուղարուհին՝ թուխ մաշկով, տարիքով մի կին։ Նրա ակնոցի ապակիները պսպղում են։

– Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։

ժպտալով ցույց եմ տալիս մեր վարորդական իրավունքը։

– Երկուսս էլ Պորտ Արթուրից ենք՝ Տեխաս։ Երկար ճանապարհ ենք անցել։
– Ձեր ուզածն ի՞նչ է։
– Տեսնու՞մ եք այն մարդուն այնտեղ, – Մարզիչը մեքենայի ետնամասին հենված՝ ծխի ամպեր է բաց թողնում բերանից, – նրա դուստրը դերասանուհի է։

Ձեռքով ցույց եմ տալիս Անձրևակնոջ պաստառին։

– Նրա իսկական անունը Ամանդա Դափրին է։ Նա Տեխասից է։ Մենք փնտրում ենք նրան։
– Ներեցեք, ես չեմ կարող…
– Տիկին մենք խնդիրներ չենք ցանկանում ստեղծել։ Բայց, բանը նրանում է, … որ նա մահանում է։ Նա մահամերձ է և ցանկանում է տեսնել իր միակ դստերը քանի դեռ ողջ է։

Նա կողքովս լուսամուտից դուրս է նայում։ Մարզիչը ծալված կանգնած է մեքենայի մոտ։ Նրա մեջքը կորացած է, և նա հազում է ձեռքի ափի մեջ։ Ծուխը վերմակի պես ծածկել է նրան և գոլորշիանում է արևածագի լույսի մեջ։ Նա իսկապես հիվանդ մարդու տպավորություն է թողնում։

– Մենք իրոք ցանկանում ենք միայն տեսնել նրան։ Ոչ մեկի չենք անհագստացնելու։

Ինչ-որ պատճառով նա շշնջում է. «ի՞նչ է նրա մոտ»։

– Ենթաստամքսային գեղձի քաղցկեղ։
– Աստված իմ, – նա ձեռքով փակում է շուրթերը, – մեկ րոպե սպասեք, լա՞վ։

Նա վերցնում է մեր վարորդական իրավունքներն ու նեղ դռնով հետևի սենյակ է մտնում։ Դուռը բացում է միայն այնքան, որ կարողանա ներս սողոսկել։ Անկթարթ հետո նա վերադարնում է։

– Պարոն, Դուք կարող եք ներս մտնել։

Սիրտս մի պահ կարծես կանգ է առնում, բայց դռան այն կողմում մեկ այլ սեղան է դրված՝ դիմացը մի նիհար երիտասարդ։

Սեղանին «ՄակԴոնալդս»-ի տոպրակից ֆրի է թափված։ Նրա դեմքը բշտիկներով է ծածված։ Նա ուշադիր ուսումնասիրում է մեր իրավունքները։

– Լու՞րջ եք ասում. – ասում է նա եղունգները կրծելով։

Քարտուղահուրին դռան մոտ կանգնած ջղաձգորեն պահել է ձեռքերը մեջքի հետևում։

Ես պատմում եմ Մարզչի հիվանդության պատմությունը՝ բացատրելով թե որքան դժվար էր իր համար կտրել-անցնել Տեխասից այստեղ ընկած ճանապարը։

Աչքերս հասցնում են նկատել սեղանին շարված բազմատիվ վիդեոկասետները։

Տղամարդը ֆրի է ծամում է խոսելուս ընթացքում։ Վերջում հեռախոսահամար է ուզում և ասում է, որ առավելագույնն ինչ կարող է անել՝ դա մեր ցանկություն մասին հաղորդել Ամանդային։

Նա ներողություն է խնդրում։ Նրանք չեն կարող հենց այնպես հասցեներ տալ, հատկապես ընտանիքին։

Դրսի դռան մոտ կինն է թևիցս քաշում։ Նա մի ծալված, դեղին թուղթ է ինձ փոխանցում. «Դուք չգիտեք, թե սա ձեզ որտեղից», – ասում է նա և շոյում է ուսս։ Թղթի վրա հասցե կա գրված։

Մարզիչը գլխով է անում է ընկնում է իր նստատեղին։ Երբ մայրուղի ենք դուրս գալիս, նա նայում է քլորոֆորմին և մրթմրթում. «Չգիտեմ, չգիտեմ»։

Հասցեն գտնելու համար մեզանից լրացուցիչ երկու ժամ կպահանջվի։

Քոթեջատիպի տուն Վան Նույսում։ Փոքրիկ պալմաներ և ձարխոտ։ Պալմաները կոշտ կեղևով են և տերևազուրկ։ Բակում դեղին «Կորվետ» է կանգնած։

Լուսամուտից դուրս եկող գունատ, բաց լիմոնագույն լույսը երեք եռանկյուն է նկարել բակի կարճ կտրած խոտին։

Շուրջը նմանատիպ տներ են, տաք օդ։ Մեքենան կայանում ենք դիմացի մայթին և անջատում լուսարձակները։

– Հիմա ի՞նչ եք ցանկանում, որ անենք։

Նրա առաջ ընկած գլուխը դանդաղ դեպի ինձ է շրջվում. «Տուն գնալ»։

– Դե վերջացրե՛ք։ Դռան մոտ գնա՞նք, թե՞ սպասենք, որ նա դուրս գա։

Նրա աչքերը սև ներկի կաթիլների պես են՝ պատված ծալքերով և կնճիռներով։

– Մարզի՞չ –

Նա փակում է աչքերը։ Ծանր շնչում է. «Գնա տես»։
– Ե՞ս։
– Գնա՛ տես, – նա քլորոֆորմի շշով շարժում է անում իբրև հաստատման նշան։

Լապտերն անջատված են, և դռան զանգի տակից վարդագույն լույս է նշմարվում։

Քայլում եմ այդ ուղղությամբ։ Լուսամուտների միջև մտության մեջ զանգը կարծես թունել վերջը լինի։

Կնայեի նրա աչքերին, տեսնեի նրա ժպիտը, որը միշտ ընդգծում էր այդ աչքերը։

Հիշում եմ քիմիայի դասին կոլբայում առաջացած այրումից նրա լուսավորված դեմքը։ Նրա ծիծաղը կոնֆետտիի էր նման։

Մի անգամ տեսա ինչպես է նա Ջունիոր Վենդելի ձեռքը իր կիսաշրջազգեստի վրայից շպրտում, և զգացի որքան իքնամփոփ կարող է դառնալ դեռահաս աղջիկը։

Նրա գլխում տարբեր ցանկություններ էին. մշտապես մակերևույթ բարձրացող, նրան ընգրկող զգացողությունների մի կծիկ։ Զգացողություններ, որ արվարձանների տխուր իրականությունից և շոփինգ մոլերից նրան կտեղափոխեին մեքենաների հետևի նստատեղերին։

Թակում եմ դուռը։

– Ո՞վ է, – լսվում է ծանր փայտի այն կողմից։
– Ամանդա Դափրի՞ն։
– Ո՞վ է, – կրկնում է ձայնը։
– Հմմ…Ռոբերտ Կորեսսի՞, Պորտ Արթուրի՞ց։

Լապտերի լույսը կոտրում է մթությունը և կուրացնում ինձ։

Իմ ունեցած ֆիլմը կոչվում է «դևի ավտոտնակը»։ Պատմության հերոսուհին պետք է վերանորոգի իր ավտոմեքենան, սակայն բավարար գումար չունի։

Դուռը բացվում է դռան շղթայի լայնությամբ, և մի սև շան դունչ է դուրս պրծնում այդ արանքով։

Կանացի շագանակագույն, բոցկլտող աչեր են ինձ զննում։ Դուռը փակվում է, և ես լսում եմ թուլացող մետաղի ձայնը։

Դուռը լայն բացվելու համար պահանջվող մեկ վայրկյանի ընթացքում ես հասցնում եմ անհանսգտանալ տեսքիս համար, սակայն հետո գիտակցում եմ որ այլևս պզուկներ չունեմ, սանրվածքս էլ ավելի լավն է, քան դպրոցում։

Նա թուխ մաշկ ունի, և նրա կարմրավուն վարսերը հետ են սանրված։ Ձեռքում մի մեծ շագանակագույն ռոտվեյլերի կապ է պահում։

Ներսից եկող լույսը ուրվագծում է նրան` շրջազգեստը գրեթե թափանցիկ կապույտ դարձնելով։ Նրա ձայնը ծանոթ է, սակայն ավելի հստակ է և խորը:

– Ես քեզ գիտեմ։

Նա առաջ է գալիս լույսից՝ ամբողջանալով։ Կարծես գլխումս մի տեղ մտապահած հիշողությանս մեջից դուրս գա։

Նրա հոնքերն իդելական ալիքներ են հիշեցնում, այտերն ու պարանոցը փայլում են լոսիոնից։ Նրա աչքերում կարմիր կա։ Նայում է ինձ ու ուշադիր գլուխը թեքում. «Ես քեզ գիտեմ»։

– Ռոբերտ. Դպրոցից։ Մենք մի դասարանից էինք։

Շունը նվնվում է։ Նա կռանում է և շոյում շան ականջը. «Խելո՛ք, Փիթ»։

– Նա վերև է նայում, – Բոբբի, Բոբբի Կորեսսի՞։
– Ռոբերտ։ Ինձ հիմա ոչ ոք Բոբբի չի ասում։
– Ի՞նչ գործ ունես այստեղ։
– Քեզ էի ցանկանում տեսնել։ Մենք մեքենայով ենք հասել։

Նա փորձում է ուսիս վրայով ետ նայել. «Այդ ո՞վ մենք»։

Ես ու հայրդ։ Նա այստեղ է։ Մենք այստեղ ենք եկել քեզ տեսնելու համար։

– Իի՞նչ, – Ամանդան կողքովս առաջ է անցնում։

Մթության մեջ հազիվ եմ նշմարում Մարզչի ուրվագծերը։ Նա կանգնած է իր մեքենայի հետևում՝ գրեթե անտեսանելի։

Ամանդան մատով ջղայնացած ցույց է տալիս Մարզչի ուղղությամբ և բղավում է։

– Ինչի՞ համար ես նրան այստեղ քարշ տվել։ Ի՞նչ եք ուզում ինձանից։ Տա՛ր նրան այստեղից։

Մինչև ես կհասցնեմ պատասխանել, մի տղամարդ է դուրս գալիս շքամուտքին։ Մոտավոր իմ հասակի, սակայն մարզված մկաններով ու արևարյուքով։

Նա սպիտակ վերնաշապիկով է, մարզաշալվարով, և շատ ականջողեր ունի։ Նրա կարճ փայլուն մազերը վեր են ցցված։ Նա իր ձեռքը գցում է Ամանդայի իրանին և նայում է վրաս. «Ի՞նչ է կատարվում սիրելիս»։

Ամանդան նրան գրեթե չի նայում. «Ոչինչ»։ Այնուհետև ինձ հարցնում է. «Ինչու՞ ես նրան այստեղ բերել»։

Ամանդան գոռում է ուսիս վրայով. «Այդտեղ մնա՛։ Չ՛մոտենաս այս տանը»։

Նրա շունը փորձում է թոկից պոկվել՝ գժված ձայնով հաչալով բոլորի վրա։

Տղամարդը հայացքն ինձանից ուղղում է Մարզչին, այնուհետև կրկին ինձ է նայում։

Այս ամենի մեջ ես մռայլ հանգստությամբ հասցնում եմ նկատել որքան անուշ է Ամանդայի բույրը։ Նա հանդիմանելով ինձ է նայում. «Ի՞նչ»։

– Ամանդա, կարո՞ղ եմ խոսել քեզ հետ։ Խնդրում եմ՝ գոնե մեկ վայրկյան։ Մենք իսկապես երկար ճանապարհ ենք կտրել։ Ես միայն ցանկանում եմ խոսել քեզ հետ։

Նրա աչքերը կասկածով են լցվում, շունը հոտոտում է ոտքերս։

– Խնդրում եմ։

Նա հոգոց է հանում. «Սպասիր»։ Շրխկացնում է դուռը և ինձ թողնում մենակ՝ լապտերի լույսի կոնի տակ։

Դռան այն կողմից փսփսոց է լսվում։ Գիշերվա մեջ վառվում է Մարզչի ծխախոտի կրակը՝ կարծես մի ուրվական կակաչ բացվի։
Երբ դուռը կրկին բացվում է, Ամանդան մատով ցույց է տալիս մեքենայի ուղղությամբ. «Նա չի գալու։ Նա դրսում է սպասում»։

Նրա տղամարդը դուրս է գալիս տանից՝ ընթացքում հատուկ ինձ հրելով. «Թոնին էլ այստեղ կսպասի»։

Թոնին ձեռքերը ծալած դիրքավորվում է իմ հետևում։

Ամանդան շանը մի կողմ է տանում, և ես ներս եմ մտնում՝ մարմարե սեղանին դրված չոր ծաղիկներով, խնկով և հասմիկով բուրող նախասրահ։
Շագանակագույն կաշվով պատած փափուկ կահույքով հյուրասրահում կապույտով թրթռում է կապույտ էկրանը։

Ամանդան իջեցնում է հեռուստացույցի ձայնը։

Նա ինձ ճանապարհում է բազմոցի մոտ և նստում է՝ ոտքերը իր տակ ծալելով և դրանք զգեստով ծածկելով։ Բարձի վրա մեր միջև պարկած է Փիթը։

Զգում եմ ինչպես է կրցքավանդակս լարվում։ Ամանդայի շուրթերը կարծես մեղվի կծած լինեն, կարծում եմ դա կոլագենի շնորհիվ է։
Նրա կրծքերը չափազանց կլոր և ձիգ են երևում զգեստի տակից։ Նրա աչքերը շագանակագույն են։

– Օքեյ, – ասում է նա, – դու ունես հինգ րոպե։
– Մենք միայն, նկատի ունեմ, մենք այստեղ ենք քեզ օգնելու համար։ Մենք ցանկանում ենք քեզ տուն տանել։

Նա աչքերը կկոցում է և ծիծաղում։ «Լավ է՞։ Ամեն դեպքում։ Հոյակապ է»։

– Լսիր…
– Դու լսիր։ Քեզ ինչե՞ր ես թույլ տալիս։ Դատում ե՞ս ինձ։ Հորս այստեղ ես բերում, ու, ի՞նչ մի՝, – նա քիթը տրորում է և արագ խոսելով շարունակում։ Չնայած այստեղ հով է, բայց նրա ճակատին քրտնքի կաթիլներ են, – մենք մի տարի նույն լաբին ենք գնացել, դա նշանակու՞մ է, որ ինձ լավ ես ճանաչում, թե ի՞նչ։

Նրա աչքերի տակ խորը մոխրագույն շրջաններ կան։ Չեմ կարողանում նրա աչքերից կտրվել։

– Լինզաներ ե՞ս կրում հիմա։
– Ոչ, – հարցը նրան շփոթեցնում է. «Նայիր»։ Նա ձեռքով սենյակն ընգրկող մի շարժում է անում. «Ես նմա՞ն եմ օգնության կարիք ունեցող մարդու»։

Նա շոյում է շանը։

– Տես, ես արդեն մեկ տարուց ավել է թմրամիջոցներ չեմ օգտագործել։

Նա նայում է իր մանուշակագույն ներկված եղունգներին։ Նրա ծնկին սեպագիր դաջվածք է։

– Վերջին չորս ամսում ոչ մի ֆիլմում չեմ նկարահանվել։ Կարծում եմ էլ երբեք դրա կարիքը չեմ ունենա։ Ուրիշ առաջարկներ ունեմ՝ հեռուստատեսություն, բան։

Նա ձեռքով հավաքում է մազերը։ Հիշում եմ նրա այդ շարժումը։ Այնքան քիչ բան կա այստեղ, որ ինձ ծանոթ է։

– Բայց դու երջանիկ չես. դու ավելի լավն ես, քան այս ամենը։

Նա ձեռքերը նետում է վեր։

– Տեսա՞ր։ Հենց սրա մասին եմ խոսում։ Դու հայտնվում ես այստեղ, և ի՞նչի համար, որ ասես, որ քեզ դուր չի գալիս ինչպես եմ ապրում իմ կյա՞նքը։
– Վերջացրու…
– Չե՛, այդ դու վերջացրու։ Իսկապես, Բոբբի, ես քեզ համար նորություն ունեմ։ Աշխարհն շատ ավելի մեծ է քան Տեխասի Պորտ Արթուրը, օքե՞յ։ Շատ-շատ մեծ։ Ինչպես եմ ապրելու համար գումար վաստակում քո գործը չի, և հաստատ ոչ էլ այն դուրսը կանգնած տխմարի գործն է։
– Թոնիի ՞։

Նա հեգնանքով ծիծաղում է. «Հորս»։ Նա տրորում է քիթը։

– Բայց սա իմ կյանքն է։ Իմը։ Դու պետք քո կյանքի մասին մտածես և անհագստանաս, այդպես չէ՞։ Մի՞թե ես քեզ ասում եմ ինչպես ապրես։ Իմիջայլոց, ինչո՞վ ես զբաղվում։

Մի պահ տատանվում եմ։

– «Լոուն Ստառ Էնվայրոնմենթալ»-ում եմ աշխատում։ Հետևում եմ ստորգետնյա ջրերին։

Նա ծափահարում է։

– Օ՜։ Մի հրաշք։ Երբեք քաղաքից չգնացիր, չէ՞։ Երբեք քոլեջ չդիմեցիր, չէ՞։
– Չգիտեմ, դեռ չէ, բայց …

Նա գլուխը հենում է ձեռքի ափին և ծիծաղում:

– Հավատս չի գալիս, որ դու այդքան ճանապարհը կտրել անցել ես։ Հավատս չի գալիս, որ հորս բերել ես այստեղ։

Նա ուշադիր նայում է ինձ։

– Լսիր, լավ էլ պինդ նյարդեր ունես։

Ես նայում եմ պատերի նկարներին՝ խաղաղ վիլլաներ և միայնակ ծովափեր: Միակ բանը որ մտքիս գալիս է՝ փորձել նրան համոզել այն, ինչ ես դեռ գիտեմ։

– Քեզ տեսա մի անգամ։ Առաջին տարին էր։ Կարծում եմ այդ օրը ութերրորդ ժամը դաս չունեիր, բայց անձրևը նոր էր դադարել։ Սպասում էի, որ զանգը տա։ Միապաղաղ, այդ տարօրինակ մոխրագույն երկինքը, և մտածում էի միայն տուն գնալու մասին․․․

Նա կպավ մատի եղունգին։ Խոսելիս աչքերս պահում եմ նկարներին։

– Լուսամուտից դուրս նայեցի ու քեզ տեսա։ Քայլում էիր ֆուտբոլի դաշտում քո համազգեստով, կոշիկներդ հանել էիր և բոբիկ ոտքերով հարվածում էիր ջրափոսերին։ Ինձ երևում էին նույնիսկ ջրի կաթիլները։ Շուրջն ամենուրեք դու էիր։ Նայում էի վերև՝ երկնքին և ապակու մեջ քեզ կորցնում էի արևի ճառագայթների մեջ։ Գիտես, երբ լույսից դուրս էիր գալիս ջուրը տշելով, քո շորիկով, կարծես մտքերով տարված լինեիր, այս աշխարհից չլինեիր։
Եվ պատճառը քո գեղեցկությունը չէր, դա այդպես էր, սակայն այդ ամենի մեջ մի ուրիշ զգացողություն կար։

Պահած բոլոր տարիներս փորձում եմ խոսքերով ձևակերպել, և հավատում եմ, որ նրան դեռ կարելի է հետ բերել։

– Հիշում եմ, մտածում էի, թե հասկացել եմ որտեղ ես մտքերով։ Գիտե՞ս, չնայած չէի կարողանում ձևակերպել կամ․․․կամ բառերով արտահայտել դա, ես ունեի այդ զգացողությունը, չնայած լարված էի, սակայն այն զգցողությունն ունեի, որ աշխարհը լավ տեղ է, քանի որ կարողանում էի նրան նայել քո աչքերով։

Շունը ոտքերիս տակ է գալիս և վնգստում։

Հաղորդավարը անձայն մի պատմություն է պատմում հեռուստատեսությամբ։

Ամանդան փոքր ինչ ծալում է շորը և կպնում այտիս։

– Բոբբի, լսիր դու ուղղակի աննման ես։ Ես լուրջ եմ սա ասում։

Նա աչքերը սրբում է մի աննշան ժպիտով, ժպիտ որը գրեթե նման է այն մեկին, որը ես եմ հիշում։

– Կարծում եմ ես ընդամենը մի բան օգտագործած էի։ Այդ ժամանակ շատ էի ծխում։

Նրա մատները սահում են ծնոտիս վրայով, կանգ առնելով կզակիս տակ։

– Դու անուշիկ ես։ Բայց դու պետք է քո կյանքով ապրես։

Քանի որ ուրիշ այլ տեղ չկա նայելու նրանից բացի, փակում եմ աչքերս։

Ահա այսպես են հատվում բոլոր պատմություններս։ Փորձիս ու հիշողությանս միջև կորած յուրաքանչյուր պահ հանդիպում է մի խաչմերուկում։
Եվ վերջում այն բախվում է ծնոտիս միջի մետաղին, որտեղ հիմա նրա մատներն են հրացանի փողի պես կանգ առել։

– Ինձ ևս հինգ րոպե կհատկացնե՞ս։
– Ոչ։

Մեկը բղավում է։ Ես բացում եմ աչքերս։

Մենք դուրս ենք գալիս, ձայնն այնտեղից էր։

Մեզանից ոչ հեռու, լապտերի լույսի տակ Մարզիչը դեմքը բռնած նստած է խոտին։ Նրա գլխավերևում Թոնին է՝ ձեռքերը բռունցք արած։

Թոնին երկարացնում է ծնոտը. «Ասում էր, որ ներս է մտնում։ Նրան չթողեցի»։

Դժվար է չխղճալ ձեռքի ափով աչքը պահող, գետնին ծալված Մարզչին, բայց ես մի կերպ կարողանում եմ։ Մոտենում եմ նրան։

Թոնին առաջ է գալիս. «Դու էլ ես ուզու՞մ»։

– Թոնի, – կանչում Ամանդան իմ հետևում, – դե հերիք է։ Ամեն ինչ լավ է։ Ներս արի։
Մարզիչը բռնվում է ոտքիցս՝ քլորոֆորմը անօգնական շարժումով առաջ պահելով։ Լսվում է դռան շղկոցը։

Մարզիչին ասում եմ, որ նստի մեքենան։

Ինքս նստում եմ ղեկին և քլորոֆորմը լուսամուտից դուրս շպրտում։

Նա հենվում է դռանը, նրա ձախ աչքի տակ կապտած է։ «Տեսար ինչ արեցինք», կտրուկ շպրտում է նա։

Ուշադիր նայում եմ նրա դեմքին։ Նույնիսկ ուշադրություն չեմ դարձնում երբ հանդիպում եմ սուր հայացքին։
Մարզիչը լուսամուտից դուրս է նայում, և մինչև շարժիչը միացնելը ես դեռ մի քանի վայրկյան հայացքս չեմ կտրում նրանից։

Լսվում է շարժիչի ձայնը, և մենք ճանապարհ ենք ընկնում։

Երկրորդ որոնման հերթն էլ կգա։

Պորտ Արթուրում տեսնում եմ «Ռեյունիոնս» ընկերության հայտարարությունը։

Քանի որ ես դեռ մի անպատասխան հարց ունեմ, մի անորոշություն, որի հետ չեմ համակերպվի, զանգահարում եմ նրանց։

Հաջորդ երկու ամիսը շարունակում եմ աշխատել «Լոուն Սթար Էնվայրոմենթալ»-ում։ Կողքովս լուսանցված ֆոտոժապավենի պես՝ առանց պատմություններ բացահայտելու անցյալ են սլանում միապաղաղ դաշտերը, դատարկ երկինքը։

Ես շարունակում եմ թունավորման նշաններ փնտրել ստորգետնյա ջրերում և օդում։ Այդ ընթացքում շատ հազվադեպ եմ մտածում Մարզիչ Դափրինի մասին։

Հետադարձ ամբողջ ճանապարհին լուռ էինք։ Ես վարում էի, Մարզիչը լուսամուտից նայում․ կարմիր կավի պատարագներ և մանուշակագույն երկնակամարներ։ Կիսով չափ տեսանելի լեռներ հեռավոր մշուշի մեջ։ Նրա մեղքը՝ նույնքան հստակ և շոշափելի, որքան ճանապարհը անիվների տակ։շ

Նրան այլևս երբեք չեմ տեսնի։

«Ռեյունիոնս» ընկերությունը վերջապես ուղարկում է $300 արժեցած հաշվետվությունը։ Ծրարը խոհանոցի սեղանին է մնում մի ամբողջ օր։ Ընկերության լոգոն կարծես ինձ է փնտրում։

Հինգ գարեջրի շշից հետո բացում եմ ծրարը և երկու թուղթ հանում։ Ահա թե դրանք ինչ են պատմում.

Թրեվիս Կորեսսին անհայտ կորածների ցուցակում է։ Ըստ նրա մասին հայտնի վերջին տեղեկությունների նա եղել է «SS Mary Charles» արևտրային նավի վրա, որը խորտակվել է Դեղին Ծովում՝ 1989-ին։

Բայց ես միշտ էլ դա գիտեի։ Ողջ կյանքս հայրս ծովում մահացած է եղել։

Պատռելով փիլիսոփայական ամեն մի գրվածք, տանը եղած ամեն մի հիշեցում՝ ես փշրում եմ նոթերը, դրանք մի բուռ սարքում և որոշում, որ ամեն բան ինչ անցել գնացել է մինչ այժմ դա մի պատմություն էր, նույն երկար պատմությունը։ Եթե այն չվերջանա, հաջորդ տասնամյակն էլ կլինի նախորդի պես՝ ակյունում հայտված մկան պես սպասողական և տագնապային մի վիճակ՝ սգալով այն կյանքը, որը երբեք չես էլ ունեցել։

Այդ կյանքի տարիները բաժանված են արդեն լավ չհիշվող դրվագների, որ կարևոր էին թվում միայն մրցակցության բացակայության պատճառով՝ մինչև այս նոր կյանքը։

Անցյալի այդ պահերը վերջիվերջո դառնում են մի զույգ կանաչ աչքեր, որ մի երկար ու թափառող գիշերվա երկնքում տեսար քո դեմքին թարթելիս, երբ ինքդ քեզ հարցրիր՝ այս ու՞ր ես եկել գիշերվա կեսին և ինչպե՞ս ես տուն վերադառնալու։ Անցյալի տարիներ, որ չես կարողանում հիշել, քանի որ զբացված էիր իրական տխրությունն ուռճացրած նոստալգիայի դիմակի տակ քողարկելով։

Եվ այսպես՝ տունը վաճառքի է դրված։

Նախորդ երեկոյան դու որոշեցիր ոչինչ չհավաքել և ժամանակդ անցկացնել փողոցից այն կողմ ընկած երկար, ցանկապատված դաշտերին նայելով։

Հիմա հնարավոր է պատկերացնես քո հաջորդ պատմությունը՝ քո երկրորդը, սակայն չափազանց ճշգրիտ չլինես, չստեղծես մի պատկեր որից կկառչես կամ նրա մեջ քեզ կկորցնես։

Չնայես քարտեզին և փորձես խորհել Դեղին ծովի խորության մասին, չպատկերացնես թե ինչ տեսք և ձև կարող են ունենալ նրա ալիքները։

Չմտածես կորցրած ծնողների կամ աղջիկների մասին։ Դիմադրիր նրանց պատմությունները բացատրելու մղմանը, քանի որ վերջապես պետք է հասկանաս, որ պատասխանն ու լուծումը տարբեր բաներ են, և պատմությունը երբեմն միայն արդարացում է։

Եթե այլ ելք չկա, քեզ թույլ տուր պատկերացնել այդ պատմության շունչը, վայրերը որտեղ այն կարող է տեղի ունենալ, ինչ եղանակ կլիներ այնտեղ։

Ինքդ քեզ ասա, որ այն կլինի մի աշխարհ, որտեղ ավելի քիչ լքված կլինես, և պատրանքից բացի քեզ առաջ մղող այլ բան կունենաս։ Եթե այլ ելք չկա։

Միայն թե առաջ անցիր, քանի դեռ չես փոշմանել։

թարգմանեց Գարեգին Հարությունյանը

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ