Զգացմունքների և օրացույցի մասին տարօրինակ պատմությունը – մաս 1

Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ Բոստոնի հունիսյան երկինքը պատված էր մոխրագույն ամպերով։ Այս տարվա ձմեռը բացառիկ ցուրտ էր։ Եղանակի տեսությամբ հաղորդում էին, որ ջերմաչափը վերջին անգամ այսքան ցածր ջերմաստիճաններ էր ցույց տվել քսան տարի առաջ։

Նույնիսկ ամռանը, այդքան սպասված արևը ոչ մի կերպ հնարավորություն չէր գտնում վերջապես ճեղքելու՝ հսկայական բրդյա ծածկոցի պես երկինքը պատած ամպերը և երջանկացնելու դեղին ջերմությանը կարոտ մնացած մարդկանց։

Ամենուրեք անվերջանալի, մանր անձրև էր մաղում։ Փողոցներից անհետացել էին նույնիսկ մոխրագույն սկյուռիկները, որոնք ցանկացած եղանակին սովորաբար վազվզում էին ողջ Սոմերվիլլով մեկ։

Մայքլ Հարինգթոնը ապրում էր Թելլ ավենյուի վրա, որտեղից ոտքով քսան րոպե էր մինչև Հոլլանդ սթրիթ և Պակարդ ավենյու խաչմերուկը՝ այստեղ էր իր այցելուներին ընդունում և ճանապարհում «Ջոշուա Թրի» փաբը։

Ուսանողական տարիներին Մայքլը այս ճանապարհն անցնում էր օրական երեք-չորս անգամ՝ հիմնականում Մելի կամ ընկերների հատ, բայց շատ հազվադեպ՝ միայնակ։

Ընդամենը տասը տարի առաջ նա չէր էլ կարող պատկերացնել, որ տեղափոխվելու է այստեղ։ Այն ժամանակ նա ապրում էր կենտրոնին ավելի մոտ՝ Կենդալլ/Եմ-Այ-Թի մետրոյի կայարանի մոտ։

Այո, նա բնակարան էր վարձում, և ստացած կրթաթոշակը հազիվ բավականացնում էր ասմվա կենսական ծախսերին, սակայն վստահաբար կարել էր ասել, որ այն ժամանակ կյանքն ավելի ուրախ էր։ Գույներն ավելի պայծառ էին։

Նույնիսկ այգիների սովորական կանաչն ու ծառերը ավելի վառ և հագեցած երանգներ ունեին Մայքլի հիշողության մեջ։ Ֆինանսների մշտական պակասը չեզոքացվում էր հետաքրքիր և երբեմն աննորմալ մտքերի ու անսպառ երիտասարդական էներգիայի առկայությամբ։

Մայքլ Հարինգթոնից բացի «Ջոշուա Թրի» – ում ոչ ոք չկար։ Վերջին այցելուն դուրս էր եկել փաբից արդեն մեկ ժամ առաջ։ Մայքլը նստած էր լուսամուտի մոտ։ Խաչված ձեռքերով սեղանին հենված նա բացակա հայացքով նայում էր դուրս։ Նրա դիմաց դրված էին գարեջրի երկու դատարկ շիշ և կիսադատարկ բաժակ։

Շշշերից քիչ հեռու, սեղանին դրված էր սև պատյանի մեջ խնամքով ընկղմված բջջային հեռախոսը։ Թվում էր, թե այս եղանակին նա իր ղեգեցիկ և նուրբ կաշվե թաքստոցում իրեն ավելի լավ և հարմարավետ էր զգում, քան աշխարհի բոլոր մարդիկ միասին։

Մայքլը անհավես, և հնդկական ֆիլմերին հատուկ դանդաղ շարժումով նայեց ձեռքի ժամացույցին։ – Գրողը տանի, արդեն երեք ժամ է անցել, ես այստեղ եկա երբ ժամը տասն էլ դեռ չկար – մտածեց նա և ձեռքերի ափերով սկսեց տրորել դեմքը իրեն ուշքի բերելու համար։ – Լավ է, որ այսօր ուրբաթ է – ։

– Միգուցե տաքսի կանչեմ, սըր ? – հարցրեց խոշոր թեյավճարից ուրախացած և անակնկալի եկած բարմենը՝ հաշիվը վերցնելիս։

– Չէ, ընկեր, – մրթմրթաց Մայքլը և շարժվեց դեպի դուռը։ Նա ոչ ոքի հետ խոսելու տրամադրություն չուներ։

Անձրևի սառը կաթիլները թափանցում էին հագուստի տակ։ Մայքլը բարձրացրեց բաճկոնի օձիքը և արագացրեց քայլը։ Թարսի պես, նա մոռացել էր իր հետ անձրևանոց վերցնել։

Րոպեներ անց, ժամերով անիմաստ խոսակցություններից և գարեջրի գետեր մատուցելուց հոգնած «Ջոշուա Թրի» – ի ծանր դուռը կողպող բարմենը տեսավ, թե ինչպես է Մայքլ Հարինգթոնի ստվերը փողոցի լապտերների աղոտ լույսի ներքո անհետանում մառախուղի մեջ։

շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ