Զգացմունքների և օրացույցի մասին տարօրինակ պատմությունը – մաս 6

Մարդկանց մեծամասնության համար երկուշաբթի առավոտյան աշխատանքի գնալը աշխարհում ամենահաճելի բանը չէ։ Սակայն որոշ մարդիկ կարողանում են գրասենյակում լինել դեռ 8:30` անկախ շաբաթվա օրից։

Մայքլ Հարինգթոնը երբեք ժամանակից շուտ աշխատանքի չէր գալիս։ Նա գիտեր, որ վաղ առավոտյան եկողները երբեք շուտ չեն անցնում աշխատանքին, այլ սկսում են քննարկել բացակա գործընկերներին, բամբասել ղեկավարներից, և դարապարտել կազմակերության ներսում տեղի ունեցող բոլոր գործընթացները։

Լավագույն դեպքում բանը վերջանում էր որևէ սերիալի կամ շոուի վերջին հաղորդման բուռն քննարկմամբ։

Ինչպես և ցանկացած այլ կազմակերպությունում «Բեյոնդ Քոմյունիքեյշն Ինդըսթրիզ» ընկերության Ռազմավարական հետազոտությունների բաժնում մարդիկ տարիների ընթացքում այնքան էին սովորել իրենց ոչ պաշտոնական դերերին, որ նույնիսկ կողքից նայող մարդը կկարողանար տարբերել, թե օրվա ընթացքում ով ինչ դեր է խաղում։

Մայքլի աշխատանքային սենյակը գտնվում էր պատուհանի կողքին։ Լայն սեղանի անվերջ թվացող մակերեսին թղթեր և թղթապանակներ էին շարված։ Դրանց արանքներում տեղ-տեղ կարելի էր գրիչներ և մատիտներ տեսնել։

Սեղանի մեջտեղում, արծաթագույն կորպուսի փայլով հպարտորեն առանձնանում էր նոր նոութբուքը՝ իր ողջ տեսքով խորհրդանշելով գիտական մտքի բեկումնային հաղթանակը և անկասելի տեխնիկական առաջընթացը։

Երբ Մայքլը մտավ գրասենյակ, բոլորն արդեն այստեղ էին։

– Այ դու ի՞նչ ես կարծում Մայքլ, ինչպես այն սև ակնոցներով տիպը իմացավ, որ այդ տանը անցյալ տարի հրդեհ էր եղել։
Էդ ՄքՔանսելը այն մարդկանցից էր, որ անկեղծորեն կարող են հիանալ աշխարհում տեղի ունեցող կարծես՝ ամենապարզ և անհետաքրքիր իրադարձություններով։ Նունիսկ, ամենահասկանալի և պրիմիտիվ բացատրվող երևույթները նրա մոտ զարմանք և էմոցիաների ծով են առաջացնում։

Մայքլը միագամից հասկացավ, որ նախքան իր գալը գրասենյակում ակտիվ քննարվում էր էքստրասենսերի պայքարը լուսաբանող հայտնի շոուն։

Մայքլ Հարինգթոնը այս շոուի ոչ մի սերիա երբեք չէր դիտել, սակայն ինչպես և այլ հաղորդումների, երգերի կամ ֆիլմերի դեպքում, նա շատ բան գիտեր դրա մասին՝ նույնիսկ եթե դրանք չէր հավանում։

– Ես իհարկե վախենում եմ սխալվեմ, Էդ – հանգիստ դեպի իր սեղանը քայլելով և կարծես բարձրաձայն մտածելով ասաց Մայքլը – բայց կարծում եմ այդ սենյակից վառածի հոտ էր գալիս։

Այնտեղ նույնիսկ պատերն էին տեղ-տեղ սև և մոխիրով պատված մնացել։ Այնպես որ, կարող ես ինքդ մասնակցել այս հաղորդման հաջորդ եթերաշրջանին։ Դու արդեն գիտես՝ ինչպես փորձությունները հաղթահարել։

ՄքՔանսելի դեմքը այլայլվեց և նրա շուրթերը սառեցին երկիմաստ կիսաժպիտով։ Սենյակում տհաճ լռություն հաստատվեց։

Մայքլը տեղավորվեց իր աթոռին և մոտ քաշեց նոութբուքը։ Զգալով, որ բոլորը մի տեսակ լռեցին, նա որոշեց լիցքաթափել մթնոլորտը։

– Սա կատակ էր Էդ, մենք իհարկե գիտենք, որ դու հուշումների կարիք չունես։ Դու ուղղակի ինքդ, քո երրորդ աչքի օգնությամբ կզգայիր, նույնիսկ եթե հրդեհի ոչ մի հետք մնացած չլիներ։

Բոլորը սկսեցին ծիծաղել։ ՄքՔանսելն այդ թվում։ Նա կրկին անկեղծ զարմացած էր թվում, չնայած որ չհասկացավ՝ որքան նուրբ նրան նորից կպավ Մայքլը։

Ամեն դեպքում, սա արդեն պետք է սովորական բան լիներ ՄքՔանսելի համար. ոչ մի շաբաթ առանց նման պատահարների չէր անցնում։

Հետո ամեն ինչ կրկին համաձայն արդեն վաղուց մշակված և երբևէ չփոփոխվող սցենարի էր գնում։

Ջոշ Չենը սկսեց բարձրաձայն նորություններ կարդալ ինտերնետից։

– Արքայազն Հարրիին բռնացրել են մատուցողուհու հետ համբուրվելիս։ Այդ աղջիկը երկու կաթիլ ջրի պես նման էր արքայազնի եղբոր կնոջը։

Մայքլ Հարինգտոնը այդ անսպասելի և արտառոց նորությանը ոչ մի կերպ չարձագանքեց։ Նա գիտեր, որ քիչ է մնացել համբերել։

Շուտով աղջիկներից մեկը կսկսի բողոքել, որ աշխատավարձին դեռ տասը օր կա, իսկ հետո կսկսի պատմել, թե որքան է նա, չնայած ամեն բանի, սիրում իր աշխատանքը։

Քաղաքավարությունից կանոնները պահելու համար Մայլք Հարինգթոնը երկու խոսք փոխանակեց բոլորի հետ, որից հետո դրեց ականաջակալները և դեմքին արհեստական լուրջ արտահայտությամբ անցավ երեկվանից մնացած հանձնարարությունների կատարմանը։

Ինչ լավ է, որ հանգստյան օրեր գոյություն ունեն։
Հիշելով իր ուիքենդի արկածները Նյու-Յորքում, Մայլքը չկարողացավ զսպել ժպիտը։ Նա դեռ չգիտեր, որ Քոլին Ֆայբին մահացել է։

Մոտ մեկ ժամ անց, Աննան՝ գրասենյակի ադմինիստրատիվ օգնականը փակ ծրարով նամակ բերեց։

Ծրարի վրա նրբագեղ ձեռագրով գրված էր՝ «Իմ թանկագին ընկեր Մայքլ Հարինգթոնին» և ստորագրված՝ «Ք. Ֆայնբի»։

շարունակելի

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ