Սպիացած կտավ. Սաթենիկ Անդրեասյան

[80օր]-ը մշտապես խրախուսել է մեր ընթերցողների ստեղծագործական նախաձեռնությունները։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սաթենիկ Անդրեասյանի «Սպիացած կտավ» գեղեցիկ պատմվածքը։

Քամին էր, որ Նոյին սովորեցրեց արբել: Այսօր էլ նա զգում էր այն քամու անհագ շունչը, որը կարծես շշնջում էր.

-Արթնացիր, ես բերել եմ հիշողությունդ ինձ հետ: Եկել եմ, որ կրկին արբես Նրա բույրով, բայց նաև տառապես: Գիտես ինչու? Այո դու գիտես, մի ստիպիր կրկին խոսեմ: Չէ՞ որ դու էիր մեղավոր:

Հանկարծ Նոյն իրեն գտավ շնչակտուր, սպիտակի մեջ փաթաթված: Այդպիսի զգացողություն երբեք չէր ունեցել: Նա իր երազներում տեսել էր ամենատարօրինակ երևույթները, բայց երբեք չէր զրուցել քամու հետ: Նա ցած դրեց ջրով լի բաժակը և նստեց սպիտակի մեջ:

-Իսկ ինչ գույն ունեն քո երազները-, հանկարծ Նոյը հիշեց այն ինչ մնացել էր իր մոտ՝ հիշողությունը: -Դրանք միշտ մռայլ են, իսկ երբեմն էլ ունեն քո աչքերի գույնը,- զվարթ աչքերն իջեցնելով պատասխանեց Նա: Բայց երբեք էլ չասաց, թե ինչ գույն ունեն իմ աչքերը… Դա ինձ այնքան անմիտ էր թվում: Ինչպես կարող էր երազն ունենալ իմ աչքերի գույնը: Հիմա եմ հասկանում Նա ինչ էր ակնարկում:

Հիմա, երբ իմ երազներն ունեն Նրա բույրը: Ինչու ենք մենք հիշում, անընդհատ հիշում: Այսինքն մենք, որքան ապրում ենք այնքան մեր կյանքը կորցնում է իր իմաստը, թե՞պարզապես փորձում ենք մի պահ մեզ զգալ այնտեղ, որտեղ այլևս մեզ չեն սպասում:


… Աշխարհի մի ծայրում մի անգամ մի հնդկացի կրակ վառեց… Նա չէր կարող անգամ պատկերացնել, որ իր կրակի
պատճառով երկու հայացքներ պատահաբար կհանդիպեն պատկերասրահում Մոդիլիանիի <<Ժան>> կտավին նայելիս: Բայց, ով է հարցնում թե այդ հանդիպումից աշխարհի մյուս ծայրում ինչ եղավ: Այսպես էլ սկսվում է ամեն պատմություն… կրակից, հայացքից, գոլորշուց: Դուք է՞լ եք Մոդիլիանիի գործերը սիրում- հարցրեց Նոյը:

Այո, էքպրեսիոնիզմի սիրահար եմ,- պատասխանեց Նա՝ մեծ ու դարչնագույն աչքերը գամելով Նոյի
աչքերին: Նոյը հանկարծ շփոթվեց: Աչքերն էին… Նոյը միայն պատկերասրահից հետո հասկացավ, որ երկուսով շրջել էին ամբողջ պատկերասրահը, իսկ հիմա գնում էին մի բաժակ սուրճ խմելու: Երբեք չէր մտածի, որ այդ անձրևոտ օրն իր համար մեկն ամենալուսավորը կդարձնի: Երբեք չէր մտածել, որ երբ մարդիկ ասում են <<կգա այն օրը, երբ>> արտահայտությունը հենց այդ օրն իր համար կլինի:

Իսկ Նա՞:Նա գիտե՞ր:Իրականում Նա երազող էր, բայց Նոյի համար մի մեծ երազ: Երազ, որ գիտակցաբար չես շարժվում՝վախենալով, որ հանկարծ կավարտվի: Ովքե՞ր են այն մարդիկ, որոնց մենք պատահաբար ենք հանդիպում: Ինչու՞ ենք մենք նրանց հանդիպում:Ինչու՞ ենք արթնանում այն երազներից, որոնք հազար իրականություն արժեն: Նոյը կարծես չէր լսում նրան:

Միայն նայում և մտածում էր, անդադար մտածում: Իսկ Նա….Նա այնպիսի ոգևորվածությամբ էր պատմում գրքերի, կտավների և նկարիչների մասին, որ անգամ մոռացել էր, որ Նոյին չի ճանաչում: Այդպես է, երբ գտնում ենք նրան, ով լսում է, պարզապես լսում և լռում: Անգամ եթե լռության մեջ դևային ճիչեր կան, անգամ եթե նրա լռությունն ասում է՝ << Խնդրում եմ լռիր>> :

Բայց Նոյը չէր ուզում, որ նրա ձայնը դադարեր ալիքներ կազմել օդում՝ կուլ տալով երկուսի միջև եղած լռությունը: Հանկարծ Նա լռեց: Միայն լսելի էին բաժակների և ափսեների թեթև բախումները: – Իսկ դուք ինչով եք զբաղվում,- լռությունը կոտրեց Նոյը: – Ես դաշնակահարուհի եմ,- ասաց Նա: – Իսկ դուք,- շարունակեց Նա: – Ես լուսանկարիչ եմ: – Գիտեք, երբ փոքր էի ատում էի դաշնամուրը, իսկ հիմա միայն դրա մեջ եմ գտնում հանգստություն,- աչքերը բաժակին հառելով ասաց Նա: – Իսկ ես փորձում եմ հավաքել այն բոլոր պահերը, որոնք մարդիկ կորցրել են կամ մոռացել,- ափսոսանքով ասաց Նոյը:

Զրույցն այդպես էլ կշարունակվեր, եթե չլիներ կողքից ձայնը: Անձրևը դադարել էր իր փեշերի տակ առնել երազներն ու սրբել ձանձրույթը՝լցնելով այն ինչ-որ մեկի ներկայությամբ: Երբ փակվեցին սրճարանի դռները, ավարտվեց մի ենթավերնագիրն այն պատմության, որ դեռ պետք է շարունակվեր: -Ներեցեք, իսկ Ձեզ ինչպես կարող եմ գտնել, բանն այն է, որ կցանկանայի կրկին հանդիպել և զրուցել Ձեզ հետ,- կիսաշփոթված ասաց Նոյը: – Նկարի մոտ,- ժպտաց Նա: Նոյը կհարցներ, թե որ նկարի մասին է խոսում Նա, եթե չլիներ մետրոյի ձայնը: Գնաց… Նոյը միայն հաջորդ ձայնը լսելիս գլխի ընկավ, որ արդեն վաղուց կիսաքարացած կանգնել է այն նույն տեղում, որտեղ հրաժեշտ էր տվել Նրան: Փողոցում գրեթե մարդկային շունչ չկար: Բոլորը խուսափում էին անձրևից, իսկ Նոյը կրկին ուզում էր կրկնել արդեն գնացող օրը: Նրա մտքերն այնքան էին խառնվել. Մտածում էր, որ իր կյանքի ամենատարօրինակ և ամենահաջողակ օրն արդեն անցել է և այլևս չի վերադառնա:

Մյուս կողմից մտածում էր, թե ինչ նկարի մասին էր խոսում այդ տարօրինակ աղջիկը: Հետո մտածեց, որ այլևս չի գտնի նրան, կանցնեն օրեր և միտքն այլևս չի փոթորկվի Նրա մասին մտածելով:Արևն իր կիզիչ շողերն էր գցում մարդկանց աչքերին, մայթերին ու այնտեղ որտեղ սպասված չէր: Մարդիկ այնպիսի արագությամբ էին հատում փողոցներն ու այնպիսի ոգևորված ու անհանգիստ շարժումներով էին ընթանում դեպի այն վայրը, որն այդքան էլ սիրելի չէր իրենց համար, որ ուզում էիր բղավել. <<Կանգ առեք>>, մի գնացեք այնտեղ, որտեղ Ձեզ երջանիկ չեք զգում, մի շտապեք վերցնել Ձեր բաժին օդն այս աշխարհից միայն նրա համար, որ շնչեք:

Ինչու էին բոլորն անտարբեր, ինչու ոչ ոք չէր ապրում: Ապրում էին նրանք, ովքեր չէին շտապում, բայց բոլորը շտապում էին:Նոյը միայն մեկ մարդու էր ճանաչում, ով երբեք չէր շտապում: Որքան էլ տարօրինակ թվա այդ մարդն իր՝ դեպի դուրս տանող բակի կիսաջարդված նստարանի միայնությունը լրացնող ծեր ու մուրացկանի տեսք ունեցող մարդն էր:

Նա երբեք չէր շտապում, շատ էր մտածում, իսկ դրանից նրա աչքերին դրոշմվում էին այն հարցերը, որոնց
պատասխանները չէր գտնում: Դրանից էր երևի, որ նրա աչքերը կիսաարցունքոտ էին, իսկ շուրթերին մի դժգոհ արտահայտություն կար: Ով գիտեր՝ ինչ կյանք է ապրել այդ մարդը, ինչու մի ժամանակ շտապող
մարդկանցից մեկն այլևս նրանց շարքերում չէր, ինչ ցավ էր նա տանում իր սրտում և ինչու էր նրա մարմնին իջել մի դիվային լռություն, որն ուր որ է կպայթեր: Նա էլ երևի ժամանակին պաշտոնյա էր եղել, սեր էր ունեցել և
մի մեծ ու ծանր դիպլոմատ ձեռքին: Իսկ դրա մեջ էլ երևի կյանքի գինը:

Ոչ ոք չգիտեր թե նա որտեղից, երբ կամ ինչու էր հայտնվել հենց այդ բակում, բայց միշտ էլ անհարմար է հարցնել այն ինչ մարդկանց ցավի կեսն է: Նոյն էլ ոչնչով չէր տարբերվում նրանցից, ովքեր անտարբեր են անցնում այլոց ցավի մոտով: Երևի մտածում են, որ իրենցն էլ բավական է: Ինչևէ, թող ծերուկը նստի նստարանին ընդմիշտ, ինչպես մի սիմվոլ մարդկային անտարբերության: Միգուցե մի օր նա համարձակվի կոտրել անտարբերության պատնեշն ու կատարի իր կյանքի մայրամուտի վերջին, ամենալավ կամ ամենավատ արարքը: Դեռ օրվա կեսն էր անցել, բայց անձրևը կարծես տեղացել էր մի ամբողջ տարվա համար: Նոյն ինչպես միշտ աշխատում էր այն խառնաշփոթ սեղանի շուրջ, որտեղ կարելի էր գտնել ամենահազվագյուտ իրերից մինչև սովորական գրիչներ:

Չնայած նրան, որ գիշերն անց էր կացրել մոռանալով այն աղջկա մասին ում տեսել էր նախորդ օրը, կեսօրյա տագնապային տրամադրությունն ու տան տարօրինակ լռությունը ստիպում էին նրան դուրս գալ ու թափառել անձրևի տակ, ջնջելով մտքերն այնպես, ինչպես լինում է, երբ ջուր է թափվում բազմաթիվ անիմաստ և իմաստալից սևով գրվածների վրա: Բայց միևնույնն է, ինչքան էլ մաքրվի, կեղտոտ տեղեր միշտ մնում են: Մի քանի ժամ փողոցներով քայլելուց հետո, նկատեց, որ մտքերը նրան բերել են այն պատկերասրահը, որտեղ երեկ եղել էր: Որոշեց մտնել և ամեն գնով գտնել այն նկարը, որի դիմաց կանգնած պատկերացնում էր Նրան, իրեն սպասելիս: Առաջին սրահը դատարկ էր, ավելի ճիշտ լցված էր միայն Մոնեի, Վատտոյի և այլոց հոգիներով, իսկ երկրորդը… այն ճակատագրական էր:

Մի սևազգեստ աղջիկ էր կանգնած նկարներից մեկի դիմաց: Նոյը չէր հավատում տեսածին: Մի՞թե Նա էր: -Եկա՞ք, իսկ ես պատրաստվում էի դուրս գալ: -Ի՞նձ էիք սպասում,- Նոյին թվում էր, թե պարզապես լսում է այն, ինչ ուզում է:

Բայց Նա իրական էր: -Հա, հիշու՞մ եք, որ պայմանավորվել էինք: -Հիշում եմ, բայց չէիք ասել, որ նկարի մոտ: -Մտածեցի կգուշակեք-, շարունակեց Նա: Նոյն իրեն մեկ հիմար, մեկ էլ բախտավոր հիմար էր զգում:
Գտել էր, այլևս չէր թողնելու, որ բախտը հանդիպում կազմակերպի: Որոշել էր, որ ինքն է գրելու այդ բախտ կոչվածը: Սխալներով… Նա այնպիսի էակ էր, որի հետ դժվար էր ձանձրանալ: Անընդհատ պատմում էր, խոսում, իսկ Նոյը լռակյաց էր: Փորձում էր հիշողության մեջ գամել նրա կերպարը հենց այնպիսին, ինչպիսին կերտում էր ինքն իր մեջ: -Ես չգիտեմ Ձեր անունը,- վերջապես խոսեց Նոյը: Իսկապես, տարօրինակ էր մտքում անընդհատ
կրկնել ՆԱ դերանունը: Ժամանակն էր անուն տալ Նրան: -Ամելի,- ժպտաց Նա: Հայրս այս անունն է նվիրել ինձ՝ ծննդյանս առիթով: -Ինչ գեղեցիկ անուն ունեք: Նոյի լեզվի ծայրին սառեց «Քեզ պես» արտահայտությունը: Մի տեսակ տեղին չէր հնչի: Այդպես կարող էր կոչել ցանկացածին, բայց ոչ Նրան:

Նա այն մեկն էր, ով կարիք չուներ կիսադատարկ հաճոյախոսությունների: Նա ոչ թե դրանք լսելու, այլ զգալու համար էր ծնված: -Սիրու՞մ եք անձրև,- հարցրեց Նոյը: -Այնքան էլ չեմ սիրում, այն ավելորդ մտքերի հոսքի է նման, որոնք կաթկթում են մաշկիդ և դող առաջացնում: -Իսկ ես կարող եմ ժամերով քայլել և մտածել, որ այն կտանի իմ այդ ավելորդ մտքերը,- կիսաժպտաց Նոյը: -Ես Ձեզ մի գեղեցիկ վայր եմ հրավիրում, այն սուրճի փոխարեն, որ երեկ հյուրասիրեցիք,- ասաց Ամելին: -Ես կգամ միայն այն դեպքում, երբ դադարեք ինձ հետ այդքան պաշտոնական խոսել,- Ամելիին նայելով ասաց Նոյը: -Ներեցե՛ք, պարզապես սովորություն է դարձել,- փորձեց արդարանալ Ամելին: -Պարզապես Նոյ կոչիր ինձ: -Նո՜յ,- անկախ իրենից բացականչեց Ամելին: Ակնհայտ էր, որ այդ անունը մի քանի տարօրինակ միտք էր ծնել նրա մեջ: -Այո, մայրս իր առաջին և միակ զավակին ցանկացել է անվանել նրա պատվին, ով սկիզբն է եղել նոր աշխարհի: -Բավականին տպավորիչ է,-ասաց Ամելին:

Երբ դուրս եկան պատկերասրահից, արդեն երեկո էր: Այնքան էլ ցուրտ չէր, բայց Նոյի մարմինը դողում էր: Կան մարդիկ, որոնք ուժեղ են բնության ցանկացած տարերքից: Երևի սա էր անտեղի դողի պատճառը: Բայց Նոյին մի բան էր զարմացնում. ինչու՞ էր Նա այդքան հանգիստ: Ամելիի սիրելի վայրը <<1987>> սրճարանն էր: Այն բավականին հին էր և աչքի էր ընկնում երաժշտական հատուկ կողմնորոշմամբ: Նոյը միշտ անտարբեր էր անցել այդ սրճարանի մոտով, որովհետև միշտ շտապել էր մյուսների պես: -Հասանք,- խոսեց Ամելին: -Անկեղծ ասած, միշտ անտարբեր եմ անցել այս սրճարանի կողքով,- խոստովանեց Նոյը -Շատ ափսոս, ամենահանգիստ վայրն է քաղաքի տագնապից մեկուսացված: Երբ ներս մտան, Նոյին միանգամից գրավեցին պատերից կախված հին ու արիստոկրատ նկարները և մտնելու պահին միացած Լենոնի «Oh my love» երգը:

Ամեն ինչ այնքան ճիշտ էր, այնքան անհավատալի և նույնքան կանխագուշակելի: -Դու արվեստի մեջ ես ապրում կարծես, կարծես ամեն ինչից մի հատված ես կրում քո մեջ: -Ամենաիսկականը միշտ պահել է պետք, ես սա եմ հասկացել իմ կյանքից,- ասաց Ամելին: -Դու իմ տեսած միակ մարդն ես ով այսքան անվրդով և իսկական է,- Նոյն այլևս չէր կարողանում թաքցնել հաճոյախոսելու մեծ ցանկությունը: -Անվրդո՜վ…իրականում այդպես չէ, պարզապես իմ դեմքի հանգստությունն է նման տպվորություն ստեղծում: Երգը դադարեց: Միշտ դժվար է լինում խոսել, երբ հանկարծ ավարտվում է երաժշտությունը: Վախենում ես, թե ուր որ է կլսվի սրտիդ արագ բաբախյունը, իսկ երբ երկու սրտերինը միասին է լսվում, մի տեսակ անհարմար միջավայր է ստեղծվում:

Երեկոն շարունակվում էր և ֆրանսիական օդով սնված գինին իր գույնն էր փոխանցում երջանիկ ու ամաչկոտ դեմքերին: Զրույցն ավելի հետաքրքիր ու ջերմ էր դառնում: Երբ սրճարանը դատարկվեց, Նոյը հասկացավ, որ արդեն գնալու ժամանակն է: Վերջապես նրանք դուրս եկան սրճարանից և սառած օդը միանգամից սողոսկեց մարմինների և մտքերի մեջ՝բերելով իրականության դառը հոտը: Ոչ ոք չէր ուզում գնալ: Ամեն ինչ այնքան հաճելի և կատարյալ էր, որ մի պահ երկուսն էլ ցանկանում էին շշնջալ.«մի գնա»: Նոյը Ամելիին կհրավիրեր իր տուն ևս մի քանի կատարյալ րոպեների ակնկալիքով, բայց ամաչում էր բարձրաձայնել: -Իսկ դու որտե՞ղ ես ապրում,- սառը օդից ուշքի եկած ասած Ամելին: -Վեռների 25-ում, իսկ դու՞,- խոսեց Նոյը: -Ինչպես է պատահել, որ ես քեզ երբեք չեմ տեսել,- զարմացած ասաց Ամելին: -Մենք նույն փողոցու՞մ ենք ապրում,- ոչ պակաս զարմացավ Նոյը: -Ոչ, ես պարզապես այդ փողոցում աշխատում եմ,- ժպտաց Նա: Զարմանալի է կյանքը, ինչու են մարդիկ մեզ այդքան մոտ և միևնույն ժամանակ այդքան հեռու: Որքան հոգիներ կան աշխարհում, որոնք փնտրում և չեն գտնում իրենց հայելին, որքան հոգիներ կան, որ այն չգտնելուց, իրենց են կորցնում և որքան հոգիներ կան որոնք դեռ պետք է փնտրեն:

Մի՞թե Նոյը գտել էր իր բաժին հայելին: Չգիտեր: Միայն հասկանում էր, թե ինչ գույն ունի երջանկությունը: Նոյն արդեն գիտեր, որտեղ ուղեկցել Նրան: Կրկին արագընթացի հոգնած ու հրաժեշտի երանգներով ձայնն էր: -Ես վաղը քեզ հրավիրում եմ իմ տուն, մեր կիսատ թողած զրույցը շարունակելու համար,- վերջապես Նոյը համարձակվեց խոսել: -Ցավոք չի ստացվի, ես աշխատանքի եմ,- ափսոսանքով ասաց Նա: -Իսկ աշխատանքն ավարտելուց հետո հնարավո՞ր է հրաժարվել համեղ ընթրիքից,- ասաց Նոյը: Ամելին ժպտաց ամենահամեստ ու չքնաղ ժպիտով, որ Նոյը երբևէ տեսել էր: -Բարի, ժամը յոթին կլինեմ Վեռների 25-ի չորրորդ նստարանին: -Ես կսպասեմ,- խանդավառությամբ ասաց Նոյը: Արագընթացն իր հետ տարավ Ամելիին, սակայն Նոյը դեռ չէր գիտակցում այդ փաստը: Նրա մտքերն Ամելիի վերաբերյալ դեռ դես ու դեն էին պտտվում գլխում:

Նոյը միայն տանը դուռը բացելիս զգաց, որ ամբողջ ճանապարհին միայն մի ակնհայտ բառ էր անցնում մտքով՝ Ամելի: Իրականում նա մի բան էր հասկացել. Նրան լիովին ճանաչել պետք չէր, ավելի կոնկրետ Նա թույլ չէր տա երբեք:Նրան պարզապես սիրել էր պետք, Նրա տխրությունը, որ խնամքով ծածկված էր կրակի պես ջերմ աչքերով, պարզապես աշխարհի երեսից սրբել էր պետք:

Երբ Նոյը միացրեց սենյակի լույսը, հասկացավ, որ Ամելին միանգամից կփոխի պատկերացումներն իր մասին, եթե կարգի չբերի տունը: Որոշել էր չքնել և ջանալ լավ տպավորություն թողնելու համար: Ինչ արարած է մարդը: Տպավորություն թողնելու համար անգամ պատրաստ է ամիսների փոշին, տարիների շշերն ու գլխում եղած խառնաշփոթը վերացնել: Նոյն էլ չէր տարբերվում այդ մարդկանցից: Գիշերվա ժամը 4-ին միայն վերցրեց բազմոցի տակ մնացած հնաոճ ժամացույցը, որը վաղուց էր փնտրում: Այն Նոյին նվեր էր մորից, ով վաղուց չկար: Այդ պահից սկսած դա կլիներ հաշվիչն այն բոլոր ժամերի, որոնք անց էր կացնելու Ամելիի մասին մտածելով: Առավոտ էր: Այն առավոտն էր, որի մասին Նոյը միշտ երազել էր: Իսկ ինչի՞ մասին են երազում մարդիկ:

Եթե հարցնես հարուստին անշուշտ ավելի շատ գումարի, աղքատը մի կտոր չոր հացի գոնե, հիվանդը՝ մի վայրկյան ավել կյանքի, իսկ Նոյը միշտ երազել էր իմաստալից առավոտի մասին: Այդ օրն էլ եկել էր, առանց նախօրոք զգուշացնելու, իսկ անսպասելին, անշուշտ ամենասպասվածն է: Այլևս ժամանակ չկար երկար մտածելու, անհրաժեշտ էր պարզապես գուշակել Ամելիի սիրած ուտելիքը և անցնել գործի: «Նա հաստատ ձուկ շատ է սիրում, մի տեսակ բավականին էլեգանտ է երևում ճարպային սննդի համար»,- քթի տակ ժպտաց Նոյը: Արդեն ժամը վեցն էր, երբ Նոյն ավարտել էր բոլոր տեսակի պատրաստություններն ու մտածում էր ծաղիկներ գնել ու շտապել դեպի չորրորդ նստարան:

Միայն չորրորդ նստարանին հասնելուց հետո նկատեց, որ այն ծերունու մշտական նստարանը երրորդն է: Մի տեսակ տարօրինակ կերպով նայեց ծերունուն և նստեց չորրորդ նստարանի աջ ծայրին՝ սպիտակ վարդերը ձեռքին պահած այնպես, ինչպես փոքրիկ տղան է առաջին անգամ անհամբեր սպասում ծաղիկները դասընկերուհուն տալուն: Համարյա ժամը յոթն էր, երբ երրորդ նստարանին նստած ծերունու գլուխը այդքան տարիների ընթացքում վերջապես բարձրացավ և թախծոտ աչքերով նայեց իր առջևով անցնող կարմիր զգեստով գեղեցկուհուն: Իսկ Կարմրազգեստն անգամ չնկատեց ծերունուն: Նրա աչքերը չորրորդ նստարանին էին նայում: Նոյի անհանգիստ շարժումից պարզ էր, թե ով է Նա:

-Բարև, սա քեզ,-Նոյն ասաց անպիսի շփոթմունքով, կարծես առաջին անգամ էր տեսնում Նրան: -Շնորհակալ եմ, բայց կարիք չկար,- ավանդույթը չխախտելով Ամելին մեկնեց ձեռքերը դեպի դեռ նոր բացվող վարդերը: -Նրանք այնքան չքնաղ չեն, որքան դու, սակայն վերջին շտրիխն են ավելացնում քո հմայքին,- ասաց Նոյը: Ամելին պարզապես ժպտաց: Նրան հաճելի էր այն անկեղծ ձայնը, որով Նոյն ասում էր այդ բառերը:
Տուն հասնելուն պես Նոյն ազատեց Ամելիին վարդերից և առաջ հրավիրեց:

-Չէի պատկերացնում, որ այսքան մաքրասեր տղամարդիկ են լինում,- նկատեց Ամելին: -Ամեն ինչ վերջին պահին,- կատակեց Նոյը: Որքան մեծ էր Ամելիի հիասթափությունը, երբ տեսավ ձուկը, որին Նոյը նայում էր այնպիսի հայացքով, կարծես իր հաջողության գրավականն այսօր դրա մեջ էր փնտրում:

-Ձու՞կ,- հարցրեց Ամելին,- ես մտածում էի պիցցա կուտենք, ես շատ եմ սիրում պիցցա, իսկ ձուկ չեմ սիրում, արի պիցցա պատվիրենք: Նոյն ապշել էր: Չգիտեր, ծիծաղեր,թե տխրեր Նրա կոնտրաստային նախընտրությունների վրա: -Ինձ թվաց…,-ցանկանում էր մտքերը կարգավորել Նոյը: -Հասկանում եմ, մի՛ անհանգստացիր ես հիմա պիցցա կպատվիրեմ: Պիցցան վաղուց վերջացել էր, իսկ զրույցը դեռ շարունակվում էր: Նոյն արդեն հասցրել էր ցույց տալ իր ամենահաջողված նկարները, անգամ հասցրել էր թաքուն նկարել Ամելիին: -Դու մենա՞կ ես ապրում,- հարցրեց Ամելին: -Այո, հորս չեմ հիշում, փոքր եմ եղել երբ մահացել է, իսկ տասը տարի առաջ մորս կորցրի: -Ցավում եմ,- ասաց Ամելին: -Իսկ դու՞, ծնողներիդ հետ ես ապրում,-շարունակեց Նոյը: -Ոչ, մեր բախտն այդ հարցում նման է: Մայրս մահացել է, իսկ հայրս չգիտեմ որտեղ է: Նա բավականին խելացի էր, սակայն մի թուլություն ուներ. կախվածություն ալկոհոլից: Չգիտեմ, երևի մորս մահվան վիշտն էր փորձում թաղել դրա մեջ՝ չհասկանալով, որ դանդաղ սպանում էր նաև ինձ: Մի երեկո էլ լցվեց համբերությանս բաժակը և վիճեցի նրա հետ: Ասացի, որ չեմ ուզում տեսնել նրան, որ կործանում է իր հետ նաև ինձ, որ ատում եմ նրան իմ ամբողջ էությամբ:Նա առանց բառ ասելու հեռացավ, իսկ ես միայնակ
մնացի:

-Չե՞ս փորձել գտնել նրան,- հարցրեց Նոյը: -Շատ եմ փորձել, բայց ապարդյուն: Ես մեղավոր եմ: Անշնորհակալի պես եմ պահել ինձ, բայց իմ համբերություն էլ սահման ունի: Այն ժամանակ ես դպրոցական էի,
ընկերուհիներս առիթը բաց չէին թողնում ամեն անգամ ինձ վիրավորելու և արդյունքում ես հորս դարձրի իմ եսասիրության զոհը: Նոյը չգիտեր, թե ինչ ասել, ինչպես ցրել Նրա մռայլ մտքերը: -Էլի գինի կխմե՞ս,- Նոյին
հաջողվեց թեթևացնել մթնոլորտը: _Նստի՛ր կողքիս, Նոյ,- խոսեց Ամելին:

Նոյն առաջին անգամ էր նրա շուրթերից լսում Ամելիի կոչականը ուղված իրեն:Առաջին անգամ այն իրեն յուրովի էր դուր գալիս: Այն պահերից էր, որոնք կցանկանար անմահացնել կոճակի մի սեղմումով: Ամելին սիրում էր գետնին նստել, Նոյն արդեն նկատել էր: Այդպես անում են մարդիկ, ովքեր հոգնած են, կամ էլ տխուր: Նոյը նստեց Նրա կողքին և ինքնըստինքյան գլուխն ընկղմեց բազմոցի ծայրին: Լռություն էր տիրում: Միայն Ամելիի թեթև շունչն էր խաղում օդում: Նա քնել էր կարծես: Նոյը չէր համարձակվում այդքան մոտիկից նայել նրան: Վախենում էր հույզերից, վախենում էր նայել կրակագույն աչքերին: Մինչ Նոյի միտքը զբաղված էր տարատեսակ հարցերով, Ամելիի գլուխը հանդարտ իջավ նրա ուսին և այլևս հնարավորություն չտվեց Նոյին մտածել: Նոյի մտքով անգամ երբեք չէր անցել լինել մասն այդ գեղեցիկ պահի: Ւսկապես, մարդը մարդու համար դրախտ է: Նոյը ցանկանում էր հավերժ զգալ Նրա փափուկ մազերի բույրը, ցանկանում էր հավերժ նստած մնալ այդ անհարմար դիրքով: Վախենում էր անգամ ծածկել Նրան, չէր ուզում խանգարել իրենց՝ երկուսի պահը:

Մինչ Նոյը չէր պատկերացնում, որ Ամելիի հետ կարող է քնել հատակին և այդ չնչին բանից իրեն աշխարհի ամենաերջանիկ մարդը զգալ, երրորդ նստարանին նստած ծերունու աչքերից արցունքի անձրև էր հոսում: Իսկ վաղուց ջրին չդիպչած թոշնած ձեռքերն ամեն կերպ փորձում էին ազատվել այդ անիմաստ ջրագնդերից: Ամեն ինչ լուռ էր մինչև այն պահը, երբ արևի անսպասելի շողերն իրենց գտան Ամելիի խաղաղ դեմքին: Նա բացեց աչքերն այնպիսի արագությամբ, կարծես վաղուց էր երազում այդքան լավ քնելու մասին:

Իսկ երբ հասկացավ,որ քիչ առաջ գլուխը բարձրացրեց Նոյի ծնկներից, փորձեց մտքում արդարացում հորինել այդ տեսարանին բացատրություն տալու համար: Բայց այքան երջանիկ էր գիտակցել, որ մարդու ծնկները երբեմն ավելի փափուկ են, քան բամբակով լցված բարձը: Մի քանի րոպե անց Ամելին արդեն կարգի էր բերել խճճված մազերը և սպասում էր Նոյի արթնանալուն: Իսկ այդ ընթացքում փորձում էր հասցնել ամբողջովին ուսումնասիրել Նոյի դիմագծերն ու ձեռքերը: Նոյը գեղեցիկ չէր, բայց մարդու գեղեցիկը ո՞րն է: Գեղեցիկը մարդու դեմքին տպված չէ, որ նայես ու հիանաս, այն ընդհանրապես դեմքի հետ կապ չունի:

Ամելին գեղեցկություն միշտ փնտրել էր ամենուրեք՝ պատկերասրահներում, նկարներում, ուղեղներում, բայց ոչ մարդկանց դեմքերի վրա: Դրանք այքան շատ էին ու այքան միանման: Նա հոգնել էր միևնույն հոգին տարբեր
մարմիններում տեսնելուց: ԵՒ ահա կարծես գտել էր յուրահատուկ հոգի կատարյալ մարմնում: Իսկ կատարյալը չունի կարծրատիպեր: Այն ստեղծվում է մտքում ընդամենը մի վայրկյանում: Այն ինչ փնտրում ես տարիներով,
հանկարծ գտնում ես պատահաբար այնտեղ որտեղ չես սպասում: Հանկարծ Ամելիի մտքերը բեկվեցին Նոյի դաստակի սպիով: Այն կարծես Ամելիի սպիի շարունակությունը լիներ:

Վերջապես Նոյն արթնացավ ՝ իր տեսադաշտում զգալով Ամելիի ներկայությունը: Ձգաց, որ գտնվում է Նրա ուսումնասիրությունների կիզակետում: Որոշեց խանգարել: -Այդ ու՞մ ես այդքան հիացած նայում,- աչքերը տրորելով ասաց Նոյը: -Ուղղակի պարզում էի ո՞վ է Նոյը,- ժպտաց Ամելին: -ԵՒ ո՞վ է Նոյը,- հետաքրքրված հարցրեց Նոյը: -Նոյն այն մարդն է, ով միշտ փնտրում և երբեք չի գտնում,- Ամելին փորձեց կարճ բացատրել: -Իսկ ո՞վ ասաց, թե չեմ գտել,-ասաց Նոյն իրեն սրամիտ զգալով: -Փաստորեն երկար ես փնտրել,- ասաց Ամելին: -27 երկար ու ձիգ տարիներ,-խոստովանեց Նոյը: -Ի՞նչ ես գտել,- հետաքրքրված հարցրեց Ամելին: -Գտել եմ այն ձեռքերը, որոնց չեմ ուզում երբևէ սառած տեսնել, այն աչքերը, որոնց թաքնված թախիծը ջնջել եմ ուզում, այն գլուխն եմ գտել, որ միշտ ուսիս հենված եմ ուզում տեսնել և այն մազերը, որոնց բույրն անընդհատ շնչել եմ ուզում:

Լռություն էր: Նոյն ասում էր այն, ինչ Ամելին երբեք չէր ակնկալել որևէ մեկից լսել: -Դու….,-շփոթվեց Ամելին: -Հա, գիտեմ, մի՛շփոթվիր,-ասաց Նոյը: -Այս կարճ ժամանակում այնքան բան փոխվեց, դու հայտնվեցիր պատահաբար, ինչպես հասկացել եմ երկու անգամ: Բայց գիտես, երևի այդպես էր պետք,- ասաց Ամելին,- ես չգիտեմ թե ինչքան խիզախ կամ անկեղծ կհնչեն իմ խոսքերը, բայց ես քեզ միշտ ուզում եմ տեսնել իմ կյանքում: Նոյի առավոտյան խիզախ արարքն իր բարի պտուղներն ունեցավ: Նա ստացավ ավելին քան ակնկալում էր: Ի՞նչ էին նշանականում այս սրտից բխած խոսքերը: Նոր պատմության սկի՞զբ, թե կյանքի միաթել պատմության շարունակություն:

Չգիտեին, ոչինչ չգիտեին: Մի բան էր միայն հասկանալի: Մարդը չի ծնվում մի ամբողջ կյանք միանգամից ապրելու համար: Նա ծնվում է պահերն ապրելու և վերապրելու համար: Ւսկ երբեմն եսասիրությամբ կողմնորոշված այնքան ենք ցանկանում կրկնել այդ նույն պահը, որ մի անհաջող երևույթ է ստացվում: Ամեն ինչ հաճելի է միայն այն ժամանակ երբ նոր է, հետո ձանձրանում ենք, հետո դրանք սկսում են խեղդել կոկորդիցդ և տեսիլքի պես հետևել: Որտե՞ղ էր գնում Նոյը, որտե՞ղ Ամելին: Կարևոր չէր, ոչինչ կարևոր չէր, պահն էր կարևոր, քանի նոր էր: Արդեն կեսօր էր, Ամելին պետք է տուն գնար: -Կարո՞ղ եմ քեզ մի բան խնդրել,- հարցրեց Ամելին: -Ինչ հարց է, իհարկե կարող ես,- պատասխանեց Նոյը: -Կգրկե՞ս ինձ,- Նոյի աչքերին նայելով ասաց Ամելին: -Իսկ դու թույլ կտա՞ս քեզ գրկեմ,- հարցրեց Նոյը: Ի՞նչ է կատարվում, երբ իրար գրկում են Երկուսը: Ւսկ ի՞նչ է կատարվում, երբ առաջին անգամ են գրկում: Ամեն մարդ մի ամբողջ տիեզերք է, անսահման ու խորը, լի սիրով կամ ամբողջովին դատարկ:

Եթե այդքան մեծ է մեկ տիեզերքը ապա քանի կիլոմետր կձգվի երկու տիեզերքի բախումը: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն ձգողությունը, որ մագնիսի պես քաշում է երկու մարմին՝ իրենից անկախ քաշելով նաև հոգիները… ի՞նչ կստացվի: Անիմաստ է… ե՞րբ են մաթեմատիկական հաշվարկները տեղ ունեցել սրտի գործերում: Իրականում երբեք: Իսկ բառերի անզորությունը միշտ կարելի է փոխարինել գրկախառնությամբ: -Ես քեզ նկարի մոտ կսպասեմ,-շշնջաց Ամելին,-վաղը ժամը յոթին: -Կհանդիպենք, Ամելի,-ասաց Նոյը: Անկարելի, անգամ անիմաստ է բացատրել, թե ինչ էր կատարվում աշխարհի միլիարդավոր մարդկանցից երկուսի հետ: Չի կարելի պատմել զգացմունքները… դրանցով ապրել է պետք, իսկ բացատրել … ավելի լավ է առանց բացատրելու ապրել:

Հաջորդ օրվան Նոյն ավելի շատ էր սպասում, չէ որ արդեն գիտեր, որ զգացմունքները փոխադարձ են: Նա անգամ որոշել էր սափրվել: Երբ արդեն մարդիկ աշխատանքից հոգնած շտապում էին տուն, Նոյը քայլերն ուղում էր դեպի պստկերասրահ: Այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր: Հետաքրքիր է, մարդիկ միշտ լավ են հիշում որտեղ և ինչպես է ամեն ինչ սկսվել, բայց շատ հաճախ մոռանում են բաժանության պատճառը: Անկարևոր են համարում:
Մտածում են բաժանվել են և վերջ, պատճառն էլ որն է: Ճի՞շտ են արդյոք վարվում մարդիկ: Ամեն հարց ամենաքիչը երկու պատասխան ունի: Ամեն ինչ կախված է, թե ով է հարցին նայողը:

Պատկերասրահում ինչպես միշտ ոչ ոք չկար: Ամեն ինչ խաղաղ էր: Նոյն արդեն գիտեր՝ երկրորդ սրահ պետք է գնա: Երբ մտավ ներս, դեռ ժամը յոթը չկար, բայց Ամելին արդեն սպասում էր: -Եկա՞ր, Նո՜յ,-բացականչեց Ամելին: -Փաստորեն Մոդիլիանիի «Ժան» կտավին ես միշտ այդքան երկար նայում,- խոսեց Նոյը: -Այո, միշտ ցանկացել եմ որևէ մեկն իմ հոգին ճանաչելուց հետ նկարի իմ աչքերը, ինչպես Մոդիլիանին Ժանինն է նկարել: -Նկարել դժվար, բայց լուսանկարել մեկն արդեն հասցրել է,-խոստովանեց Նոյը: -Ի՞նչ, ե՞րբ, այդ ինչպե՞ս է պատահել, որ ես չեմ նկատել,-կաշկանդված խոսեց Ամելին: -Չեմ ասի, պարզապես չդիմացա, հազարավոր մարդիկ են հայտնվում իմ տեսախցիկում, դու նա ես, ով իսկապես ամենասպասվածն է նրանց մեջ: -Լավ, բայց խոստացիր, որ մյուս անգամ կզգուշացնես,-ասաց Ամելին: -Կփորձեմ,- կատակեց Նոյը:

Պատկերասրահն արդեն փակվում էր, և նրանք որոշեցին դրսում շարունակել զրույցը: Չնայած դրսում բավականին հաճելի եղանակ էր, բայց փողոցների դատարկ մթությունը լցված էր միայն ռեստորանների, բարերի լուսերով: -Նոյ, երբևէ սիրել ես որևէ մեկին,- հարցրեց Ամելին: -Սիրահարվել եմ, որից էլ սիրո հոտ եմ առնում,-ասաց Նոյը: Խոսակցությունն այդպես էլ միգուցե անիմաստ ընթացք ստանար, եթե չլիներ մարդկային զգացմունքի գործոնը՝ համբույրը…հասարակ համբույրը չէ, ոչ էլ այն, որ ֆիլմերում են նկարում: Իսկական, կատարյալ առաջին համբույրը: Ամելին էր, որ առաջինը դրոշմեց այն:

Ի՞նչ համ ունեն շուրթերը: Երևի մարդու ամբողջ էությունը գտնվում է շուրթերի համի մեջ: Գաղտնիքներ չկան, ամեն ինչ պարզ է: Մի՞թե սա երազանք էր, թե՞ մեկի տեսած երազը, միգուցե ինչ-որ մեկի երևակայության արդյունքը: -Նո՜յ, երբեք, լսում ես, երբեք չթողնես ինձ միայնակ, աշխարհն այնքան է նեղացնում ինձ առանց քեզ,-լացակումած ձայնով ասաց Ամելին: -Երբեք, խոստանում եմ, ես միշտ քո կողքին կմնամ: Հեշտ է խոստանալ այն, ինչ մեզանից ցանկանում են լսել, իսկ կատարելը… հե՞շտ է կատարելը: Որքան է պահը խաղում մարդու հետ, օգտագործում նրան այնպես, ինչպես երեխաները տիկնիկներին: Դեն նետելը հեշտ է, իսկ խնամելը բավականին բարդ:

Մեկ տարի էր անցել առաջին համբույրից, իսկ Ամելիի շուրթերը դեռ նույն համն ունեին: Նրանք մեկ տարվա մեջ հասցրել էին մեկ հոգի և մեկ մարմին դառնալ, անհոգ, բայց նաև դժվար օրեր ունենալ, հաղթահարել և կրկին մեկ քայլ առաջ գնալ: Նոյեմբերի 7-ն էր, Ամելիի ծննդյան օրը: Նոյը որոշել էր գեղեցիկ օր կազմակերպել Նրա համար, չէ՞ որ առաջին ծննդյան օրն էին միասին նշում: Նոյը վարդերը ձեռքին անցավ երկրորդ նստարանի մոտով, իսկ երրորդին հասնելուն պես տարիների ընթացքում լսեց ծերունու ձայնը. -Նա խոլորձ է սիրում:
-Ներեցե՞ք, ինձ հետ էիք խոսում,-զարմացավ Նոյը: -Այո, տղաս, Նա, ում համար երկրորդ անգամ է ինչ վարդեր ես գնում, իրականում չի սիրում վարդեր, միայն խոլորձ է սիրում,- ասաց ծերունին: _Դուք ի՞նչ գիտեք, թե ում համար եմ տանում ծաղիկները,-բարկացած խոսեց Նոյը:

-Գիտեմ, որովհետև քսաներկու տարի շարունակ Նրա հետ միասին, խոլորձ եմ աճեցրել: Նա հավատում էր, ու ամեն մարդ իր հոգու ծաղիկն ունի, իսկ իրենը խոլորձն է: -Դուք որտեղի՞ց եք ճանաչում Ամելիին,- զարմացած հարցրեց Նոյը: -Ես եմ Նրան կյանք տվել, ինչպես կարող եմ չճանաչել:Հիշու՞մ ես այն օրը, երբ չորրորդ նստարանի մոտ վարդերը ձեռքիդ սպասում էիր Նրան: -Այո, հիշում եմ, հետո՞: -Այդ օրը նա կարմիր զգեստ էր կրում, իսկ երբ անցավ իմ նստարանի առջևով, ես տեսա այն սպին, որ նա ստացել էր մի անգամ բակում խաղալիս: Գիտե՞ս սիրելը որն է: Երբ վիրավորվում է մեկը, բայց քեզ է ցավ տալիս: Իմ աղջկա ոտքի վնասվածքն իմ սիրտն էր ցավեցնում, իսկ Նա անդադար կրկնում էր.«Հայրիկ, ինչու՞ ես լացում, իմ ոտքն է վնասվել, դու՞ ես տխրել»: Այն ժամանակ նա փոքր էր չէր հասկանում: -Դուք Ամելիի հայրն եք,- զարմացած ասաց Նոյը,-իսկ գիտեք, թե նա Ձեզ ինչքան է փնտրել: -Ես նրա կյանքում միշտ ավելորդ եմ եղել, միշտ անհարմարություն եմ պատճառել: Նա չունի իմ կարիքը:

-Մի խոսեք այդպես, եթե ավելորդ լինեիք նա անգամ չէր փորձի փնտրել: Ես պետք է ասեմ նրան Ձեր մասին, Նա շատ կուրախանա: Պարզապես թույլ տվեք խոսեմ Նրա հետ, հետո կհանդիպեք,-ասաց Նոյը: -Ոչ, որդիս, նման բան չանես,-խնդրում էր ծերունին այնպես, կարծես մտքում ասում էր.«խնդրում եմ, ասա Նրան, որ ես ողջ եմ, որ շատ եմ կարոտել Նրան»: Երբ արդեն «1987» սրճարանում Ամելին փչում էր տորթի մոմերը, Նոյը մտածում էր ինչպես ասել Նրան այն, ինչ պարզել էր: Իսկ ի՞նչ երազանք էր պահել Ամելին: Միգուցե այն երազանքը, որը ժամեր անց կատարվելու էր: -Իսկ ինչու՞ որոշեցիր ինձ խոլորձ նվիրել այսօր, ինչպե՞ս ես իմացել, որ իմ ամենասիրելի ծաղիկներն են,-ժպտաց Ամելին: -Գիտե՞ս ես քեզ վարդեր կնվիրեի, բայց Մեկն ինձ ասաց, որ դու խոլորձ ես սիրում,- ասաց Նոյը: -Օօ՜, միթե ներքին ձայնդ է հուշել,-ասաց Ամելին: -Ոչ, հայրդ,-
խիզախություն հավաքելով ասաց Նոյը: -Նոյ, մի կատակիր, այն էլ հորս մասին,-ասաց Ամելին:

-Իսկ ո՞վ ասաց թե կատակում եմ: Ես ասում եմ այն ինչ տեսել եմ այսօր: Նոյը պատմեց այն, ինչ գիտեր և տեսել էր: Իսկ Ամելին միայն լաց էր լինում և հարցնում՝իսկ հետո՞: Նա այլևս չէր դիմանում: Հենց այդ պահին ցանկանում էր գնալ և ուժեղ գրկել հորն ու ասել, որ ների իրեն, որ ինքը հիմար է, որ այլևս երբեք չի թողնի նրան:

Հենց այդպես էլ եղավ: Նոյեմբերի յոթի երեկոյան Ամելին հնարավորություն ունեցավ գրկել և ասել հորն այն ինչ ցանկանում էր: Նոյն իրեն մի տեսակ ավելորդ էր զգում այդ միջավայրում: Հայր ու աղջիկ խոսելու շատ բան
ունեին, ուստի Նոյը նրանց ճանապարհեց տուն, իսկ ինքն էլ ծանր օրվանից հետո թեթև խղճով գնաց իր տուն: Կարծես ամեն ինչ հարթ էր արդեն ընթանում: Նոյը լավ էր վաստակում, Ամելին գտել էր հորը և զբաղվում էր
նրանով ինչ սիրում էր: Մնում էր միայն ամուսնանալ և երջանիկ ապրել:

Այդ օրն էլ եկավ: Հարսանիքը փոքր էր, կային միայն նրանք, ովքեր մտերիմ էին երկուսի հետ էլ: Ամեն ինչ այնպես էր, ինչպես միշտ երազել էին: Այդ օրը Նոյն Ամելիին հարցրեց, թե ինչի մասին է երազում Նա այդ պահին: -Ուզում եմ քեզ հետ վալս պարել ծովի ափին, միայն ես, դու, քամին և ալիքները,-շշնջաց Ամելին: Ծովն այդ օրը սովորականի պես ալեկոծ էր:

Կարծես ալիքներն էին նվագում վալսի երաժշտությունը: Ամելին այնպես էր գլուխը դրել Նոյի կրծքին, կարծես մի վիրավոր թռչուն լիներ, ով ուր որ է կհալվեր Նոյից բխող տաքությունից: Իսկ ինչպե՞ս կարելի էր անվանել տասնյակ րոպեներ տևած ծովի ալիքների ներքո վալսը, որի ժամանակ կատարյալ լռությունը միայն ալիքներն են խախտում: Դժվար է ասել: Նոյը միայն գիտեր, որ Ամելիի աչքերը միշտ այնպիսի թախիծով են լցված, որ
կարծես անբուժելի է:

Միգուցե Նոյի՝Նրան սիրելու պատճառներից մեկն այդ թախիծն էր: Բայց նաև գիտեր, որ սիրված է, անչափ սիրված: Հոկտեմբերի յոթին լրանում էր Նոյի և Ամելիի ամուսնության չորրորդ տարին: Վերջին տարին բավականին ծանր էր անցնում: Մարե՞լ էր սերը: Ոչ, անշուշտ չէր մարել, բայց Նոյն անընդհատ նոր զգացողություններ էր փնտրում, նոր կյանք: Իհարկե Ամելիի հետ, բայց լրիվ յուրովի: Հոգնել էր ամեն օր նույնից: Ճիշտ է, ամեն օր մի նոր կատարելության գիծ էր փնտրում Ամելիի մեջ, բայց նրան այդ ամենը բավական չէր:

Ամելիի համար առավել ծանր էր: Հայրը վատառողջ էր, իսկ իր մեղքի զգացումը մեծ: Չնայած հայրը ներել էր, բայց ինքն իրեն երբեք չէր կարողանում ներել: Նրան նաև մեկ այլ հարց էր տանջում: Որքան էլ մեծ էր Նոյի հանդեպ սերը, միևնույնն է մի բան դատարկ էր դարձնում հարաբերությունները:

Երբեևէ ձեզ պատե՞լ է այն տարօրինակ զգացողությունը, երբ երջանիկ եք, բայց այլ երջանկություն եք փնտրում, որևէ բան պակասում է, Ձեր մեջ մի ազատ տեղ է մնում: Միշտ ավելին է ուզում հոգին դրա համար երբեք մեզ
լիակատար չենք զգում: Սերը տևում է չորս տարի… թե ավելի շատ… միգուցե հավերժություն: Հաշվել չի կարելի սրտի գործերում, կրկին: Բայց ամեն իդեալական թագավորություն էլ անկման պահեր է ունենում: Սերն
ինչքան էլ հզոր լինի անկումներ ունենում է: Հարաբերությունները հյուսվում են երկկողմանի, նույն կերպ էլ անկում են ապրում: Բայց ով է կարողանում խոստովանել դրա մասին: Ասել է թե միայն թշնամիներն են
ճշմարտությունն ասում, իրար սիրող մարդիկ հավերժ խճճված են մնում պարտքի զգացման հավերժական սարդոստայնում և այդպես էլ միշտ ստում են: Իսկ ո՞վ էր ստում:

Այո, ոչ ոք, բայց ճիշտն էլ ոչ ոք չէր ասում: Նոյը բռնկվող էր դարձել, իսկ Ամելիի հոգեկան վիճակը դրանից ավելի էր ճնշվում: Նա ամեն տեղ իրեն մեղավոր էր զգում: Երբեմն Նոյը հիշում էր, որ խոսք է տվել ինքն իրեն, որ պետք է ջնջի աշխարհի երեսից Ամելիի աչքերի թախիծը, բայց այն փաստը, որ Ամելին չէր կարողանում զավակ պարգևել իրեն, շատ էր բարկացնում: Երբեմն Ամելին պարզապես նվագում էր, բայց արդյո՞ք այդ նվագը նրա հոգու երգը չէր: Նրա երաժշտությունը գոռում էր.«Բոլորը մեղավոր են, բայց ոչ ոք մեղավոր չէ»: Միշտ այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ սխալ չէ, բայց ինչ-որ բան պարզապես ճիշտ չէ: Ճակատագիրը… մտածում էին երկուսն էլ, բայց ոչ ոք չէր
բարձրաձայնում:

Ավելի հեշտ էր միմյանց մեղադրել, քան մի վերացական երևույթի, որի գոյության մեջ անգամ վստահ չէին: Բոլոր օրերը միմյանց նման էին… աշխատանք, տուն և քուն… և առավոտյան համբույր Նոյի այտին:
Նոյը սիրում էր այդ համբույրը, Ամելիի բույրն էր սիրում այն սիրով, ինչպես նրա շուրթերի համը: Սկզբում այդ համբույրը ժպիտ էր նկարում Նոյի դեմքին, հետո այն սովորական դարձավ, հետո աննկատ: Բայց մի աշնանային ցուրտ օր, երբ Նոյի սիրտն ամենաշատն էր զգում այդ համբույրի կարիքը թեկուզ միտքը չէր խոստովանում, այդպես էլ չստացավ այդ համբույրը: Հետո հասկացավ, որ Ամելին տանը չէ: Տարօրինակ էր, Նա երբեք
այդպես դուրս չէր գա միանգամից, միշտ զգուշացնում էր: Նոյին ամենաշատը բարկացնում էր այն, որ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Արդեն ժամը մեկն էր, Նոյն աշխատանքի էր, իսկ Ամելին չկար:

Վերջապես Ամելին զանգեց: -Ալո, Նո՞յ, ինչպե՞ս ես,- ուրախ ձայնով խոսեց Ամելին: -Ինչու՞
չէիր պատասխանում զանգերիս, միթե ավելի կարևոր գործ ունեիր,- կոպիտ ասաց Նոյը: -Նոյ, արի «1987», սպասում եմ քեզ, միայն արագ արի,-ասաց Ամելին: -Լավ, կես ժամից կլինեմ: Հետաքրքիր էր, բայց այսօր ամեն ինչ այս սրճարանում Նոյին հիշեցնում էր առաջին անգամ այդտեղ մտնելն Ամելիի հետ: Երևի երգն էր նույնը դրա համար էր տպավորությունն այդպիսին: Որքան ամմոռանալի պահեր կային կապված այդ գողտրիկ սրճարանի և «Ժան»-ի հետ, որքան էին միասին եղել այդ երկու վայրերում, բայց կորցրել էին իրենց կարևորությունը տարիների ընթացքում:

Միայն մի պահ էր պետք Նոյին հիշելու համար, թե ինչքան թանկ է Ամելին, ինչքան եզակի և քնքուշ է Նա: -Բարև, Ամելի,- ցածր ձայնով ասաց Նոյը: -Նոյ, գիտես, այսօր լավ օր է,-ժպտաց Ամելին: -Օր է նման մնացած բոլոր օրերին,- ասաց Նոյը,-արդեն գինին պատվիրե՞լ ես: -Ոչ Նոյ, այսօր հյութ կխմենք,-ասաց Ամելին:
-Հետաքրքիր է, միշտ գալիս ենք այստեղ գինի խմելու, իսկ այսօր հյութի համար ենք եկել,-ասաց Նոյը զարմացած: -Նոյ, դու հայր ես դառնալու, ինչպե՞ս կարող եմ քո որդուն արդեն գինի տալ,-ժպտաց Ամելին:
-Ի՞նչ,-ապշած հարցրեց Նոյը: -Այո, Աստված մեզ որոշել է վերջապես զավակ պարգևել: -Ամելի՜, որքան եմ ես քեզ սիրում, դու չես պատկերացնի: Նոյը մոտեցավ և գրկեց Ամելիի ոսկրոտ ուսերը: Ամելին վաղուց չէր զգացել այդ ջերմությունը:

Նոյն այնքան էր ուրախացել, որ արդեն անունն էր որոշում փոքրիկի:Ամելիին Նոյի ժպիտը կրկին տեսնելն էլ բավական էր: Երեք ամիս էր անցել այդ երջանիկ օրից: Ամեն ինչ լավ էր: Ամելին որոշել էր այցելել հորը հիվանդանոցում և մի ամբողջ օր անցկացնել նրա հետ, զգում էր, որ այդ պահերը գնալով ավելի մեծ իմաստ էին ստանում: -Հայրիկ, իսկ հիշու՞մ ես ոտքիս սպիի պատմությունը,_ զվարթ ասաց Ամելին: -Ինչպե՞ս կարող եմ մոռանսլ այն, չէ որ այն երկրորդ անգամ մեզ կապեց միմյանց: -Այդ ինչպե՞ս,-զարմացավ Ամելին: -Հիշու՞մ ես Վեռների 25-ի չորրորդ նստարանը,- ասաց ծերունին գրեթե շշուկով: -Ինչպե՞ս կարող եմ մոռանալ,- ժպտաց Ամելին: -Առաջին անգամ, երբ շտապում էիր այնտեղ, ես տեսա քս սպին և հասկացա, որ դու ես՝իմ Ամելին: Խոսակցությունն այնքան ջերմ էր, որ Ամելին անտարբեր էր անգամ հիվանդանոցի ճնշող օդին: Արդեն ուշ էր բավականին, Սմելին պետք է տուն գնար: -Հայրի՜կ, ես քեզ շատ եմ սիրում, երբեք չմոռանաս, լա՞վ: ԵՒ կրկին ներիր ինձ: Ծերունին որևէ բառ ասելու փոխարեն պարզապես համբույր դրոշմեց Ամելիի ճակատին:

Դրսում անձրև էր, այն անձրևներից, որ երկու նշանակություն ունեն.կամ հանդիպեցնում են, կամ բաժանում: -Նոյ, կգա՞ս հիվանդանոց, ես ուզում եմ միասին տուն գնանք,ինչպես հին ու բարի օրերին էինք անում,-Ամելիի ձայնը լսվեց հեռախոսի միջից: -Ամելի, խնդրում եմ, ես զբաղված եմ, վերջին աշխատանքն է այսօրվա, մենակ չե՞ս կարող գալ,- ցրված ասաց Նոյը: -Կարող եմ Նոյ, ես ամեն ինչ կարող եմ անել, մի՛արի, աշխատանքդ ավարտիր,- լացակումած ձայնով ասաց Ամելին և անջատեց հեռախոսը: Նոյը գիտեր, որ տուն հասնելուն պես կարող էր շահել Ամելիի սիրտը՝ գնելով ընդամենը վարդագույն խոլորձներ: Իսկ Ամելի՞ն: Ինչպես է իրեն զգում արհամարհված կինը գիշերն անձրևի տակ՝ փողոցում կանգնած: Միայնա՞կ, տխու՞ր… հավանաբար արհամարհված:

Իսկ ի՞նչն է ամենաշատը սպանում մարդուն: Այո, արհամարհանքը, այն փաստը, որ քո մասին ամբողջ աշխարհն է մոռացել: Նոյը… Ամելիի Նոյը…չէ որ խոսք էր տվել: Մտքերն արցունքների հետ լցվում էին ցեխոտ ջրափոսերն ու գնում հեռու, իսկ սիրտն այնպես էր ցավում, որ անգամ բարձր ճիչը չէր կարող խլացնել նրա
վիրավորանքը: Իսկ բեռնատարի ազդանշանը խլացրեց… ընդմիշտ խլացրեց: Որտե՞ղ էին շտապում այդ մարդիկ, ու՞մ էին կորցրել: Իրականում ոչ ոք չէր կորցրել, միայն Նոյն էր իր աշխարհը կորցրել: -Տեղ տվե՛ք, մի կողմ քաշվե՛ք,-գոռում էր Նոյը: Իսկ մարդկանց հանգիստ ու անվրդով աչքերը կարծես մի ֆիլմ էին դիտում,
սովորական սցենարով: Իսկ այդ սովորական սցենարները դերասանների աչքերով միշտ դաժան են թվում:

Ամելի՜՜՜,-գոռում էր Նոյն ամբողջ ուժով,- խնդրում եմ վեր կաց, բացի՛ր աչքերդ: Լսու՞մ էր Ամելին: Երևի,
բայց արդեն ուժ չուներ վերադառնալու: Ուզում էր հավերժ հեռանալ ու հավերժ էլ մնալ սիրված Նոյից: Ո՞վ էր հաղթել: Ոչ ոք: Ահա պատասխանը.Այս պատերազմում արհամարհանքն ու անտարբերությունն էին
հաղթել: Նոյին այդպես էլ չհաջողվեց թախիծը վերացնել Ամելիի աչքերից: Միգուցե, Ամելին թույլ չտվեց:

Ժանին հաջողվել էր աչքերով հայտնվել Մոդիլիանիի կտավում, իսկ Ամելիի լուսանկարները Նոյի մոտ, ճիշտ է, աչքերով էին, բայց ոչ այնպիսին ինչպիսին Նոյն էր դրանք դարձրել: Երկար ժամանակ էր անցել այն օրից, երբ Նոյը վերջին անգամ զգացել էր Ամելիի համբույրն իր այտին: Կարոտել էր այն փոփոխական Էակին, ով
սովորեցրել էր սիրել, բայց նաև ատել, ատել ինքն իրեն:

Իսկ հիմա միայն քամին էր, որ համառի պես սողոսկում էր ամեն անկյունից և Ամելիի համբույրի փոխարեն ապտակում Նոյի այտին: Բայց ամեն անգամ Նոյը համարում էր, որ Ամելին է համբուրում: Նախկինի պես, Նոյի տան ամիսների փոշին չէր մաքրվում, փոխարենը Ամելիի գերեզմանաքարի խոլորձները երբեք չէին թոշնում: Ի՞նչն է մնում մարդու հետ: Սերը հավանաբար… և մեղքի զգացումը: Նոյն էլ չէր տարբերվում այդ մարդկանցից, իսկ Ամելին տարբերվում էր: Նա հավերժ միայն սիրել էր ուզում, մեղքի զգացումը Նրա համար չէր: Կան մարդիկ, որ աշխարհից գոհ են հեռանում, իսկ կան մարդիկ, որոնք Ամելիին են նման՝ նրանք նեղացած են հեռանում և վերջին արցունքն էլ պատահաբար սառած դեմքի վրայով, սահելով ցած է իջնում և քարի պես հարվածում իրեն սիրող մարդու սրտին: Այդ հարվածը նման է Ամելիի ոտքի սպիին: Այն երբեք չի լավանում: Բայց տարիների ընթացքում այն սկսում է սազել սրտին այնպես, ինչպես ցավն է սազում մարդուն:

Նոյի սերը տևում է մի քանի տարի… թե՞ հավերժ: Իսկ հոգու ցավը գալիս է անսպասելի և անկասկած մնում հավերժ: «1987»-ում հիմա այլ զույգերի համար է հնչում Ջոն Լենոնի երգը, իսկ կտավի դիմաց ոչ ոք չի կանգնում: Այն Ամելիինն է: Իսկ Նոյը երբեմն գնում և ժամերով նայում է կտավին նրա մեջ փնտրելով այն աղջկան ում տեսել էր այնտեղ մի գեղեցիկ օր կանգնած, ում կյանքը փչացրել և զարդարել էր: Ծովը հոկտեմբերի յոթին կրկին ալեկոծվում է,իսկ քամին անվերջ հարվածում Նոյի դեմքին: Բայց ոչ ոք չգիտի, որ ծովը Նոյի և Ամելիի վալսի երաժշտությունն է նվագում, իսկ քամին արբեցնում է Նոյին Նրա բույրով…

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ