Տաղանդավոր խենթերը

Գաղտնիք չէ, որ տաղանդավոր մարդկանց հաճախ խենթ կամ ոչ այնքան այս աշխարհից են համարում, չէ՞ որ իրական և մնայուն արժեք ստեղծելիս անհրաժեշտ է պարբերաբար դուրս գալ գոյություն ունեցող պատնեշներից և ստեղծագործել «սահմանից այն կողմ»։

Սակայն, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում սթափ մտածողություն պահպանել այդ ամենից հետո։

Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել նման հանճարներից մի քանիսին, որոնց պայծառ գաղափարները հանգեցրել են իրենց իսկ մտքի խավարմանը։

Սիդը

Միանգամից նշենք, որ այս նյութի ոգեշնչման աղբյուր հանդիսացավ հենց «խենթ ադամանդ» Սիդ Բարրեթը՝ հանրահայտ բրիտանական ռոք-խմբի, Փինք Ֆլոյդի հիմնադիրը։ Հանդիսանալով պսիխոդելիկ ռոքի պիոներներից մեկը, իր արվեստի և անկրկնելի խարիզմայի շնորհիվ Սիդը կարողացավ միանգամից գրավել բրիտանական անդերգրաունդ բեմերը։

Սիդի հանճարի մասին պատկերացում ստանալու համար բավական է ասել, որ բացի կիթառ նվագելու մի շարք տեխնիկական նորամուծություններից, նա երաժշտություն էր ստեղծում հենց բեմի վրա։

Ավաղ Սիդի գործունեությունը շատ կարճ տևեց, քանի որ բացի երաժշտությունից նա տարված էր նաև սիկհական (sikh) աղանդով, որի ազդեցության արդյունքում թմրանյութերի, հատկապես LSD-ի ընդունումը վերածվել էր պարտադիր պայմանի:

Բնականաբար սա չէր կարող իր կործանարար հետևանքներ չունենալ նրա թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր առողջության վրա․ յուրաքանչյուր ելույթին զուգահեռ հանդիսատեղը հետևում էր, թե ինչպես է ավելի ու ավելի մարում Սիդի աչքերի փայլը, 1972-ին` մնաց միայն դատարկ հայացք։ Pink Floyd-ի Shine On your Crazy Diamond գեղեցկագույն ստեղծագործությունը հենց Սիդ Բարրեթին է նվիրված։

Այնուամենայնիվ շիզոֆրենիա ախտորոշումը հետ չպահեց Սիդին ստեղծագործելուց, քանի որ նա շարունակում էր արդեն նկարել և կտավներում արտահայտել իր եթերային ու աբստրակտ մտքերը։

Նիցշեն

«Գերմարդ» հասկացության հեղինակ, նիհիլիզմի ջատագով, մշակութային քննադատ և թերևս ամենահայտնի սկեպտիկ Նիցշեն ամենաքննարկված արևմտյան փիլիսոփաներից է։

Դեռևս 19րդ դարում նա կարողացել էր կանխատեսել ավանդական կրոնների դիրքերի թուլացումը՝ խոսելով «Աստծո մահվան» գաղափարի մասին և կասկածի տակ դրել գոյություն ունեցող բարոյական արժեքները, ինչի արդյունքում արժանացել էր թե՛ խիստ քննադատության, թե բուռն ծափահարությունների։

Նիցշեի հանճարեղ գաղափարներում կային արտահայտված երկիմաստություններ ու հակասություններ, որոնց իրական իմաստի մասին նրա աշակերտներն ու հետևորդները վիճում են մինչ այսօր։

Նման ոչ միանշանակ կարծիքներ կան նաև նրա հոգեկան հիվանդության և մահվան մասին։ Ոմանք պնդում են, որ Նիցշեի կյանքի վերջում արտահայտված տկարամտությունը վաղ մանկական հասակից սկսած ծանր միգրենի արդյունք է, մյուսները՝ գենետիկորեն փոխանցված հիվանդություն, մեկ այլ խումբ պնդում է, որ մշտական գլխացավերն ու ոչ սթափ միտքը դանդաղ զարգացող ուռուցքի արդյունք է։

Ինչևէ, նույնիսկ թույլ առողջությունը չի խանգարել Նիցշեին դառնալ ժամանակակից ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը՝ թողնելով հսկայական գրական և մշակութային ժառանգություն։

Էդգար Ալլան Պո

Էդգար Ալլան Պոն 19-րդ դարի ամենատարբերվող դասական գրողներից է համարվում, քանի որ առաջիններից մեկն էր, ում հաջողվեց յուրօրինակ կերպով ներկայացնել մարդկանց տարատեսակ վախերն ու բացասական զգացողությունները։

Նրա կողմից հիմնադրված այսպես կոչված «մռայլ» (macabre) ոճի միստիկ պոեմներն ու պատմվածքները, դարձել են ժամանակակից երիտասարդական ոչ ֆորմալ սուբկուլտուրաների (ենթամշակույթ) գաղափարական հենասյուն։

Նման ոճը պայմանավորված է Պոի սեփական կյանքի ընկալմամբ, որը, չնայած հասած հաջողություններին, այնուամենայնիվ լի է եղել անձնական ողբերգություններով, որոնք գրողը փորձել է հաղթահարել ալկոհոլի միջոցով։

Վերջինիս կործանարար ազդեցությունը գումարվելով Պոի բնածին դյուրագրգռությանը՝ հանգեցրել է մի շարք նյարդաբանական հիվանդությունների, որոնց սիմպտոմների նկարագրությունն անուղղակիորեն տեղ է գտել գրողի պոեմներում։

Հայտնի է, որ Պոն մահացել է միայնության մեջ՝ հավանաբար ալկոհոլի չարաշահման արդյունքում, սակայն նրա կյանքի և մահվան բազմաթիվ մանրամասներ մնում են իր պոեմների նման միստիկայի քողով պատված։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ